Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրթիռահրետանային սպառազինության նախկին պետի գործով դատարանը գաղտնի փաստաթղթեր է ստացել

Մայիս 27,2019 13:00

Դատական նիստը նշանակվել է 2020թ. փետրվարի 4-ին

Հայցվորին ՊՆ սպառազինության պետի պաշտոնից ազատել էին, իսկ զինվորական ծառայության մասով նրա պաշտոնավարությունը չէր դադարեցվել:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ազատման պատճառ դարձած քրեական գործը ընթանում է տարիներ, իսկ զինծառայողը՝ հայցվորը, զրկվել է ոչ միայն աշխատանքի իրավունքից, այլեւ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված եւ երաշխավորված աշխատանքի իրավունքի՝ աշխատանքի միջոցով գոյատեւելու հնարավորությունից եւ վարձատրություն ստանալու իրավունքից:

Վարչական դատարանում երեք տարուց ավելի է, դեռ լսվում է ՊՆ իքս-զորամասի հրթիռահրետանային սպառազինության նախկին պետի՝ ընդդեմ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի զինվորական ծառայությունից արձակելու մասին հրամանն անվավեր ճանաչելու եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով վերջնահաշվարկ չկատարելը՝ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին հայցադիմումը: Մայիսի 22-ին դատական հաջորդ նիստը նշանակվեց գալիք տարվա փետրվարին:

Հայցվորը պահանջել էր ՊՆ-ի հետ կնքված «Զինվորական ծառայություն անցնելու մասին» պայմանագրի ժամկետը խախտելու համար զինվորական ծառայությունից չարձակելուն տալ իրավական գնահատական:

Պաշտոնանկ եղած մայորը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կադրերի վարչության տրամադրության ներքո գտնվելով՝ վեց ամիս վճարման ենթակա գումարը՝ աշխատավարձը չի ստացել, պահանջել էր վարձատրություն:

Վարչական դատարան էին ներկայացվել ապացույցներ նաեւ այն մասին, որ առկա է եղել քրեական գործ եւ իքս-զորամասի հրամանատարի գրության համաձայն՝ բանակային կորպուսի հրամանատարությունը նպատակահարմար չի գտել զորամասի ՀՀՍ պետի պաշտոնում հայցվոր մայորի՝ Գ. Նադիրյանի պաշտոնավարումը: Քննիչի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է Գ. Նադիրյանի պաշտոնավարությունը:

Ըստ վարչական դատարան ուղարկած հայցադիմումի, պետի պաշտոնից ազատելուց անմիջապես հետո, պաշտպանության նախարարությունը կարող էր հայցվորին իր համաձայնությամբ նշանակել մեկ այլ պաշտոնի, կամ կադրերի տրամադրության ներքո գտնվելու սահմանված վեցամսյա ժամկետը լրանալուց հետո, հայցվորին այլեւս իրավունք չունենալով պահել կադրերի տրամադրության ներքո, պարտավոր էր մայորին նշանակել մեկ այլ պաշտոնի` մինչեւ քրեական գործով վերջնական դատական ակտ կայացնելը, ինչը չի արվել:

Խախտվել էին Սահմանադրության մի շարք հոդվածներ. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ պաշտպանվում է սեփականության իրավունքը, յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու եւ կտակելու իր սեփականությունը:

«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասի պահանջի համաձայն էլ` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության եւ այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Ըստ էության, հայցվորին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի կադրերի վարչության տրամադրության ներքո առաջին վեց ամսում առանց դրամական բավարարման թողնելը, նշված ժամանակահատվածում եւ նշված ժամանակահատվածն անցնելուց հետո կադրերի տրամադրության տակ թողնելը եւ հայցվորի առողջական վիճակին համապատասխանող մեկ այլ պաշտոն չառաջարկելը համարվում է հայցվորի սահմանադրական իրավունքների խախտում:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների, քրեակատարողական եւ փրկարար ծառայությունների կադրերի ռեզերվում (կադրերի տրամադրության տակ) գտնվելու դեպքում վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Կադրերի տրամադրության ներքո հայտնվելու ժամանակվանից Գ. Նադիրյանը որեւէ վարձատրություն չի ստացել, այն դեպքում, երբ իր կարգավիճակով, նա շարունակել է գտնվել զինվորական ծառայության մեջ:

Ի դեպ, հայցվորի նկատմամբ նրա քրեական գործով կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվել, հետեւաբար, հայցվորի պաշտոնավարությունը դադարեցվել է քրեական վարույթ իրականացնող մարմնի որոշմամբ, ըստ այդմ, ստացվում է, որ հայցվորը պետք է գտնվեր կադրերի տրամադրության ներքո մինչեւ քրեական գործով վերջնական որոշում կայացնելը՝ իր զբաղեցրած պաշտոնի մասով, իսկ հայցվորին կամ վեցամսյա ժամկետում պետք է ՀՀ պաշտպանության նախարարությունը թողներ կադրերի տրամադրության ներքո, կատարելով համապատասխան վճարում, կամ նշված ժամկետում պետք է առաջարկվեր այլ աշխատանք:

ՊՆ-ն առարկել է, եւ հայտնել, որ օրենքում ուղղակիորեն չի սահմանվել ազատությունից զրկվելու հետ չկապված խափանման միջոց ընտրելու դեպքում զինծառայողի մեկ պաշտոնում պաշտոնավարության դադարեցման դեպքում այլ պաշտոնի նշանակելու (ինչը չի արգելված) եւ դրամական բավարարում ստանալու՝ վարձատրվելու իրավունքները, ինչը հակասում է ՀՀ սահմանադրությանը, օրենքի բացը հակասում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված աշխատանքի իրավունքին: ՊՆ-ն նաեւ նշել էր. «Հայցվորի վարքագիծը վկայել է այն մասին, որ վերջինս իր համաձայնությամբ եւ գիտությամբ շարունակել է մնալ կադրերի տրամադրության տակ եւ այլ աշխատանքի անցնելու կամ իրեն զինվորական ծառայությունից արձակելու իր ցանկության վերաբերյալ չի ներկայացրել որեւէ ապացույց, որով կհաստատեր հիմնավորումներ առ այն, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր գործողություններով՝ անգործությամբ զրկել է իրեն այլ աշխատանքով զբաղվելու հնարավորությունից»:

Դատարանի եզրահանգմամբ, Նադիրյանը թողնվել է կադրերի տրամադրության տակ իրավական այս հիմքով՝ «պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշում կայացնելիս՝ մինչեւ տվյալ գործով վերջնական որոշման կայացվելը, բայց ոչ ավելի, քան պայմանագրի ժամկետը լրանալը», ինչը նշանակում է, որ վերջինս կադրերի տրամադրության տակ պետք է մնար մինչեւ տվյալ գործով վերջնական որոշում կայացնելը: Նշենք, որ հայցում փոփոխություն էր եղել, դիմումատուն աշխատավարձի մասով պահանջից հրաժարվել էր, կարճվել է այդ «դրվագը»:

2018 թ. սեպտեմբերի 25-ի որոշմամբ վերաքննիչ վարչական բողոքը բավարարվել էր մասնակի, իսկ գործն ամբողջ ծավալով ուղարկվել է նոր քննության: Այս տարվա մարտին վարչական վարույթը մասնակի կարճելու մասին որոշում է կայացվել, չնայած դրան, երկհատորանոց գործը դարձել է հինգհատորանոց, գաղտնի փաստաթղթերի փաթեթ է մուտքագրվել դատարան, ինչը նշանակում է, որ դռնբաց նիստերը կանցկացվեն դռբնփակ ընթացակարգով:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

25.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031