Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ժամանակներում բողոքողներն ավելի շատ են, քան գործողները»

Մայիս 27,2019 12:30

Հարցազրույց երիտասարդ ռեժիսոր Մաննեի հետ

Վերջերս Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում կայացած «Կլասսֆեստ» միջազգային կինոփառատոնում «Ադապտացիա» (ռեժիսոր՝ Մաննե, պրոդյուսեր՝ Արարատ Գրիգորյան) ֆիլմը ստացավ «Լավագույն Հայկական Ֆիլմ» մրցանակը: Ուսանողական այս ֆիլմն արդեն 12-րդ անգամ է պարգեւատրվում միջազգային բեմից: «Առավոտը» զրուցեց ֆիլմի ռեժիսոր Մաննեի (Մանե Բաղդասարյանի) հետ:

– Ըստ ձեզ՝ որոնք են դրսի հարթակներում ներկայացրած ձեր ֆիլմերի կարեւոր հատկանիշները, առանձնահատկությունները, որոնց շնորհիվ դրանք գնահատվում են Հայաստանից դուրս:

– Կարծում եմ՝ արվեստում չկան չափանիշներ, որոնց համար կարող է գնահատվել ստեղծագործությունը: Անգամ եթե խախտված են բոլոր օրենքները կամ գործերդ լի են սխալներով, բայց դու ունես զգացողություններ փոխանցելու կարողություն ու համամարդկային ասելիքի հնարավորություն, անշուշտ կնկատվես:

– Ի՞նչ խնդիրների առաջ են կանգնած երիտասարդ կինոգործիչները:

– Մեր ժամանակներում բողոքողներն ավելի շատ են, քան գործողները: Մենք շատ փոքր կինոաշխարհ ունենք Հայաստանում այս պահին, բայց այն գոյություն ունի, կա: Երիտասարդների խնդիրն այս պահին պրոդյուսերի աշխատանքի բացակայության հետ է կապված: Բոլորը դառնում են իրենք իրենց պրոդյուսերը եւ փորձում են արահետներ փնտրել, որպեսզի ճիշտ վարվեն նկարված կամ դեռ չնկարված ֆիլմերի հետ:
Մնացած բոլոր խնդիրները փոխկապակցվում են պրոդյուսերական աշխատանքի բացակայության հետ: Դրանից է բխում նաեւ ֆինանսական խնդիրը:

– Կինոմիությունը կարծես նոր շունչ է առել, դահլիճն օգտագործվում է (ձեր ֆիլմը նույնպես ցուցադրվեց), այդ առումով ինչ-ինչ հույսեր ունե՞ք:

– Կինոմիությունը ինձ համար հարազատ տեղ է, տան նման: Սա միակ տունն է, որտեղ հավաքվում են կինոգործիչները: Շատ ուրախ եմ, որ Կինոյի տունը կա: Այո, իմ ֆիլմերը բազմիցս ցուցադրել ենք այստեղ:

Հրաշալի նորաբաց դահլիճ ունենք, հսկայական մեծության: Հույս ունեմ, որ մեծ դահլիճում ավելի ու ավելի շատ միջոցառումներ կլինեն, եւ մեծ մասը կինոյի հետ կապ կունենան: Կինոյի տանը քայլելիս ակամա զգում ես մեծերի շունչը: Այստեղ պատերը բուրում են կինոյով: Շատ ուրախալի է, որ անգամ կինոյի հետ կապ չունեցող մարդիկ են հաճախ այցելում եւ դիտում այնպիսի ֆիլմեր, որոնք երբեք նրանք ոչ մի տեղ չեն տեսնի:

– Ո՞րն է ձեր երազանքի ֆիլմը, որ դեռ չեք նկարել, բայց վստահ եք, որ այն ծնվելու է ու փոխի ձեր կյանքը:

– Այո, այն գոյություն ունի, բայց դեռ միայն թղթի վրա: Երազանքները շատ խորհրդավոր են եւ լավ է դրանք գաղտնի պահել: Բայց կասեմ, որ այդ ֆիլմը ոգեշնչում է ստացել վրացի ռեժիսոր Իոսելիանիի «Երգող կեռնեխ» ֆիլմից, եւ Դովլաթյանի «Երեւանյան օրերի խրոնիկայից»: Այն խաղարկային ֆիլմ է, թեման միայնակությունն է:

– Կինոյում ո՞ւմ ֆիլմերն են ձեզ համար էտալոնային:

– Հայկական կինոյում ինձ համար վերելքում են Փելեշյանը, Բեկնազարյանը, Բարխուդարյանը, Դովլաթյանը, համաշխարհային կինոյում՝ Գոդֆրի Ռեջիոն, Տրյուֆոն, ֆրանսիական նոր ալիքի բոլոր ներկայացուցիչները, Մալլը, Ձիգա Վերտովը, Վալտեր Ռութմաննը, Իոսելիանին…անհնար է մի քանիսի անունները տալ, որովհետեւ նրանք շատ-շատ են, բայց կարծում եմ՝ թվարկածներս ունեն մեկ ընդհանրություն. նրանք պատկերում են փողոցը որպես գործող հերոս:

– Լավ ֆիլմի ձեր բնորոշումը:

– Լավ ֆիլմը՝ անկախ իր ժանրից ու բնույթից, հերոսներից, պետք է հուզի հանդիսատեսին: Երկրորդ կետով այն պետք է ունենա ինտելեկտուալ բարձր մակարդակ եւ նրանում պետք է թաքնված լինեն ասելիքներ, ենթատեքստեր, փիլիսոփայություն: Առանց փիլիսոփայության չեմ պատկերացնում արվեստի ոչ մի ստեղծագործություն…:

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է Մաննեն

«Առավոտ» օրաթերթ, 

25.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031