Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ պատերազմ, ո՛չ բանակցություն, Իրան-ԱՄՆ առկա կոնֆլիկտի հանգուցալուծման անորոշ իրավիճակը

Մայիս 27,2019 11:34

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից (ՀԳՀԾ) դուրս գալուց հետո տնտեսական ծանր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ և տնտեսական նոր պատերազմ է սանձազերծել իսլամական համակարգի ռազմական և պետական կառույցների նկատմամբ։ Այսպիսով` Վաշինգտոնը փորձում է լայնածավալ աղքատություն տարածելով Իրանի հասարակության մեջ, ներքին խռովություններ առաջացնել այդ երկրում:

Իրանի նկատմամբ Թրամփի կառավարության վերաբերմունքը զուտ քաղաքական է և այդ մասին են վկայում անցած մեկ տարվա ընթացքում Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից ձեռնարկած քայլերը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության համար ներկայիս պայմաններում Իրանի հետ պատերազմ հրահրելը միանգամայն ձեռնտու չէ, քանի որ այն պահանջում է հսկայական ծախսեր, և քանի որ Դոնալդ Թրամփը ամերիկացիներին խոստացել է նոր պատերազմ չի հրահրելու Միջին Արևելքի տարածաշրջանում և մտադիր է այդ կարգախոսով նաև մասնակցել 2020 թ․-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին հաղթելու հուսով, հետևաբար նա կփորձի Իրանի վրա տնտեսական ճնշումները շարունակելով և Իրանին թուլացնելով, Թեհրանին ստիպել պաշտպանական դիրքում մնալ մինչև 2020 թ․-ի ընտրությունները;

Իրանի նախագահ Ռոհանիի կառավարության առաջիկա երկու տարվա գոյության միակ հենակետը ՀԳՀԾ-ի պահպանումն է, այն հուսով, որ 2020 թ․-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի կառավարությանը կփոխարինի դեմոկրատականների նոր կառավարությունը, այսպես հնարավոր կլինի վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ; Այս ուղղությամբ Իրանի արտգործնախարար Զարիֆը փորձում է Իրանի որոշ բարեկամ երկրների միջնորդությամբ երկարաձգել ՀԳՀԾ-ի կյանքը, այսպիսով ժամանակ շահել Ռոհանիի կառավարության շարունակման համար։

Իրան-ԱՄՆ հարաբերություններում լարվածությունը միանգամայն նոր մակարդակի է անցել վերջին շաբաթների ընթացքում:

Թրամփը վճռական է տրամադրված Իրանին պարտադրել ընդունելու ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից ավելի վաղ ներկայացված 12 կետանոց պայմանները: Իսկ Թեհրանը մայիսի 15-ից պաշտոնապես դադարեցրել է միջուկային գործարքի որոշ դրույթների կատարումը: Խոսքը մասնավորապես հարստացված ուրանի և ծանր ջրի պաշարների պահպանման սահմանափակումների մասին է:

ԱՄՆ-ն սպառնում է Իրանի կողմից միջուկային զենքի մշակման աշխատանքների ակտիվացման, ինչպես նաև տարածաշրջանում ամերիկյան զորքերի վրա Իրանի հարձակման դեպքում, հարվածել Իսլամական Հանրապետությանը:

Իրան-ԱՄՆ-ը քաղաքական և տնտեսական հարաբերությունների սրացման ֆոնին կարճ լռությունից հետո Իրանի իսլամական համակարգի գերագույն առաջնորդ՝ Այաթոլլահ Ալի Խամենեին, հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի դիմադրությունը Վաշինգտոնին, սակայն պատերազմ չի լինի:

Այս հայտարարությամբ՝ Այաթոլլահ Խամենեին փաստորեն փորձել է շարունակել ԱՄՆ-ի հետ հակամարտության նկատմամբ, իսլամական համակարգի ավանդական քաղաքականությունը։ Նա կրկին փորձել է ցույց տալ, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրացումը ինչ մակարդակի էլ որ դա հասնի, ԱՄՆ-ի հետ պարտադիր բանակցությունները պետք է լինեն երկկողմ հարաբերությունների իրավիճակի հաստատման, միտում ունենալով խուսափել ուղղակի ռազմական բախումից, ժամանակ շահելու նպատակով։

«Դիմադրությունը, սակայն ոչ ռազմական է, քանի որ պատերազմի անհրաժեշտություն չկա»,- ասել է Այաթոլլահ Խամենեին: Այս խոսքերն անկասկած ներքին ճնշումները մեղմացնելու նպատակով են ասվում՝ Ալի Խամենեիի կողմից, սակայն իրականում նա այլ նպատակներ է հետապնդում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։

Իրանի գերագույն առաջնորդի մերձավոր ուժը հանդիսացող իսլամական պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին ասել է. «Այսօր թշնամին կիրառելով առավելագույն ճնշման ռազմավարություն, փորձում է կոտրել Իրանի ժողովրդի կամքը, անտեղյակ լինելով սակայն, որ Իրանի անվտանգությունը, խաղաղությունը և զարգացումը պայմանավորված են դիմադրությամբ ու տոկունությամբ և իրենք այս ոլորտում պարտվելու են»:

Իսկ ավելի վաղ «Խաղաղության ֆորում»-ին մասնակցելու նպատակով Փարիզ այցելած Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ՝ Սեյեդ Քյամալ Խառազին, մայիսի 11-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով միջուկային պարտավորությունների փուլային դադարեցման և ՀԳՀԾ-ի համաձայնագիրը կնքած մյուս կողմերին 60 օր ժամանակ տրամադրելու մասին Իրանի որոշմանը, հավելել է.«Իրանի ժողովուրդը վատատես է դարձել Եվրոպայի նկատմամբ՝ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները չկատարելու և Դոնալդ Թրամփի պատժամիջոցային քաղաքականությանը հետևելու և ԱՄՆ-ի վերազգային որոշումներին ընթացք տալու պատճառով»:

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին մոտ կանգնած ռազմական և քաղաքական պաշտոնատարների նման հայտարարությունները վկայում են այն մասին, որ իսլամական համակարգի վճռորոշ կառույցները ներքին և արտաքին ճակատներում փորձում են պահպանել ո՛չ պատերազմ, ո՛չբանակցություն խաղի դրույթները, քանի որ նրանք գիտեն՝ որ ներկա պայմաններում ռազմական ուժի հավասարությունը Իրանի օգտին չէ և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված նավթային խիստ շրջափակումներով և ժողովրդի մոտ ծայր առած սոցիալական դժգոհությունների պայմաններում հնարավոր չէ երկարատև պատերազմի մեջ մտնել ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային արաբա-իսրայելական դաշնակիցների հետ։

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հույս չունի, որ կարող է առաջիկայում բանակցել Այաթոլլահ Խամենեիի և պահապանների կորպուսի հրամանատարների հետ, սակայն փորձում է պահապանների կորպուսի որոշ հրամանատարների շարքերում և Իսլամական Հանրապետության նախագահի միջև պառակտում առաջացնել։ Սակայն, Պահապանների կորպուսի այն հատվածը, որ հասկանում է թե ԱՄՆ-ը առանց ռազմական գործողությամբ և միայն տնտեսական ճնշումներով կարող է Իրանին պարտադրել Պոմպեոյի առաջադրած 12 կետանոց պայմանների գոնե մի մասն ընդունել, փորձում է իր տնտեսական և նավթային եկամուտների շահերը ապահովելու և համակարգի լիովին փլուզումը կանխելու նպատակով գաղտնի բանակցություն վարել ԱՄՆ-ի հետ։

Միացյալ Նահանգները հույս ունի, Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելով, ստիպել վերջինիս վերադառնալ բանակցությունների սեղան և ընդունել ամերիկյան պայմանները, ինչպես նաև տնտեսական ճնշման միջոցով հասնել իրանական իշխանությունների տապալման:

Մյուս կողմից Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ասել է, որ Իրանի թշնամին և մասնավորապես՝ ԱՄՆ-ն, կարծում է, թե աննախադեպ պատժամիջոցներով կարող է վնաս հասցնել Իրանին: Չպետք է վախենալ ոչ ԱՄՆ-ից և ոչ էլ Պարսից ծոցի տարածքաշրջանի երկրներից, քանի որ նրանք ոչ մի բան չեն կարող անել Իրանին վնասելու համար։

Այաթոլլահ Խամենեին հավելել է, որ Իրանը եվրոպացիների հետ խնդիրներ չի ունեցել, սակայն Եվրոպան չիրագործեց ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները, միևնույն ժամանակ Իրանին կոչ անելով հավատարիմ մնալ միջուկային համաձայնությանը:

Իրանի գերագույն առաջնորդը այս մանեվրներով փորձում է պահպանել Ո՛Չ ՊԱՏԵՐԱԶՄ, Ո՛Չ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ բանաձևը, միևնույն ժամանակ պահապանների կորպուսի որոշ ծայրահեղ հրամանատարների խորհրդներով նա չի խուսափում Պարսից ծոցի տարածաշրջանում ձեռնարկել սահմանափակ բախումներ՝ ԱՄՆ-ի և նրա արաբական դաշնակիցների նավատորմի կամ տանկերներին հարվածելու հնարավորությունից։ Այսպիսով, Իրանի գերագույն առաջնորդը և պահապանների կորպուսը ուզում են Արևմուտքի հետ համաձայնության հասնելու բանակցության նախաձեռնությունը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կառավարության ձեռքից խլելով, իրենք բանակցության սեղանի շուրջ նստել ԱՄՆ-ի ներկայիս կամ 2020 թ-ին արդեն Սպիտակ տանը ձևավորված նոր կառավարության հետ։

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է. «ՀԳՀԾ-ն պահպանելու համար, միջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի՝ Իրանի առևտրային հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, ինչի մասին նշված է նաև համաձայնագրում»:

Մայիսի 15-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին անդրադարձելՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուց հետո իրանցիների համբերությանը, հավելելով, որ Իրանը բավականին ժամանակ է տվել իր գործընկերներին ու ԵՄ-ին, որոնք Իրանին կոչ էին անում հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին: Ռոհանին հավելել է. «Այսօր էլ թշնամին հետևում է բռնության քաղաքականությանը, նավատորմ էուղարկում, սակայն գիշերը հեռախոսահամար է փոխանցում»:

Մայիսի 16-ին Ճապոնիայի ԱԳՆ Տարո Կոնոյի հետ Տոկիոյում կայացած հանդիպումից հետո, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Իրանը չի ձգտում տարածաշրջանում հակամարտություն հրահրել, սակայն իր ամբողջ ուժով պայքարել է հրահրիչ ուժերի հետ և ներկայումս էլ նույն կերպ է վարվելու»:

Իրանի նախագահության և ԱԳՆ ինստիտուտների կողմից հնչեցրած հայտարարությունները ևս վկայում են այն մասին, որ Իրանի իսլամական համակարգի իշխանության վերնախավում ջանքեր են գործադրվում առանձին կապեր ստեղծել ԱՄՆ-ի վարչակարգի հետ։ Այս զուգահեռ ջանքերն ավելի է բարդացնում իրավիճակը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու և ստեղծված ճգնաժամը լուծելու առումով։ Քանի որ, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի դիրքերը մեծապես թուլացել են թե՛ գերագույն առաջնորդի ու պահապանների կորպուսի և թե՛ իրանական հասարակության մոտ, նրա և արտգործնախարար՝ Զարիֆի ՀԳՀԾ-ի պահպանման և Եվրամիության հետ ֆինանսական հատուկ մեխանիզմի (INSTEX) ստեղծման ուղղությամբ տարած ջանքերը լիովին ապարդյուն են անցել։ Ավելի վաղ, նույնպես Զարիֆն ասել էր, որ «B խումբը» (Բոլթոն, Բենիամին Նեթանյահու, Բին Սալման, Բեն Զաեդ) փորձում է տարածաշրջանում հակամարտություն հրահրել: Սակայն Ռոհանիի և նրա արտգործնախարար՝ Զարիֆն անտեսում են այն փաստը, որ Իրանի համակարգում ևս կան այնպիսի ծայրահեղական թիմեր, որոնք չեն խուսափում թեև սահմանափակ պատերազմ սանձազերծել ԱՄՆ-ի ու նրա տարածաշրջանային դաշնակիցների դեմ, հենց նույնիսկ Ռոհանիի վարչակարգը իշխանությունից հեռացնելու և պահապանների կորպուսի ցանկացած թեկնածուին նախագահության պաշտոնին հասցնելու նպատակով; Մյուս կողմից ԱՄՆ-ի և ԵՄ հետ բանակցությունների նախաձեռնությունը ձեռք բերելու համար։

Ստեղծված քաոսային իրավիճակում ԱՄՆ-ն սպառնում է Իրանի կողմից միջուկային զենքի մշակման աշխատանքների ակտիվացման, ինչպես նաև տարածաշրջանում ամերիկյան զորքերի վրա Իրանի հարձակման դեպքում, հարվածել Իսլամական Հանրապետությանը: Իրանն, իր հերթին, հայտարարում է, որ իր սահմանների մոտ ամերիկյան զինտեխնիկան ոչ թե սպառնալիք է, այլ` թիրախ, և որ իրենք պատրաստ են արժանի հակահարված տալ ամերիկյան գործողություններին:

Իրանցի դիվանագետ՝ Սեյեդ Հոսեյն Մուսավիյանն վեջերս ասել է, որ Իրանը երբեք չի ընդունի ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի առաջադրած 12 պայմանները, սա նշանակում է Իրանի համակարգի փոփոխությունը։ Մուսավիյանի մեկնաբանության մեջ կա ճշմարտություն, այսինքն` Իրանը պետք է ընդունի կասեցնել իր հրթիռային և միջուկային սպառազինական ծրագրերը, վերջ տալ տարածաշրջանում պրոքսի պատերազմներին, սահմանափակել Միջին Արևելքի տարածաշրջանում իր ազդեցությունը և հրաժարվել Իսրայելի հետ թշնամական դիրքորոշումներից։ Սա իրոք՝ նշանակում է իսլամական համակարգի կտրուկ նահանջ հեղափոխական և իսլամական սկզբունքներից, ինչի վրա 40 տարի է, որ հիմնված է Իրանի կրոնական համակարգը։

Հետևաբար, մինչև այն ժամանակ, որ Իրանում իշխում է իսլամական գերագույն առաջնորդի (վիլայաթի) համակարգը, Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունների հանգույցը կմնա փակ վիճակում և այդ ճգնաժամից դուրս գալու միակ միջոցը՝ Իրանի ապագա նոր իշխանությունների և համակարգի ձևավորումն է, թե՛ ինչպիսիգաղափարական արժեքներով և քաղաքական հայացքով պատրաստ կլինի հարաբերություն մշակել աշխարհի և այսպես ասած՝ ներկայիս թշնամի ԱՄՆ-ի հետ։

Վահե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031