Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողների աննախադեպ ակտիվություն. Լեհաստանում ԵԽ պատգամավորներ ընտրեցին

Մայիս 27,2019 11:05

Երեկ`մայիսի 26-ին Եվրամիության անդամ երկրներում Եվրախորհրդարանի ընտրությունների հիմնական փուլն էր: Ընտրությունները կայացան 21 երկրներում: ԵՄ անդամ յոթ երկրներում` Նիդեռլանդներ, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Չեխիա, Սլովակիա, Լատվիա և Մալթա, քվեարկությունը կայացել էր մայիսի 23-25-ն ընկած ժամանակահատվածում:

Ընտրությունների արդյունքները Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները կքննարկեն մայիսի 28-ին` ոչ պաշտոնական գագաթնաժողովում:

ԵԽ հաջորդ ժամկետի համար`2019-2024 թվականներ, ընտրվելու է 751 պատգամավոր: Յուրաքանչյուր երկրի համար նրանց թիվը որոշվում է բնակչության հետ համամասնորեն՝ քվոտայի սկզբունքով: Գերմանիան ԵԽ-ում ամենաշատ պատգամավորական մանդատներն ունի ՝ 96, ամենաքիչը` Կիպրոսը, Մալթան և Լյուքսեմբուրգը՝ 6-ական մանդատ: Նոր գումարման խորհրդարանում պատգամավորական մանդատների թիվը պետք է կրճատվեր մինչև 705, քանի որ, ըստ նախատեսվածի, մարտի 29-ին, Մեծ Բրիտանիան ԵՄ-ից պետք է դուրս գար: Սակայն Բրյուսելն ու Լոնդոնը Brexit-ի պայմանների հարցում չկարողացան համաձայնության գալ, այն հետաձգվեց մինչև հոկտեմբերի 31-ը: Արդյունքում Միացյալ Թագավորությունն ընդհանուր հիմունքներով մասնակցում է Եվրախորհրդարանի ընտրություններին: Brexit- ից հետո բրիտանական եվրադեպուտատները կհանձնեն իրենց մանդատները։ Բրիտանիային պատկանող 73 տեղից 46-ը կվերացվի, իսկ մնացածը, Brexit-ից հետո, բնակչության հարաբերակցության փոփոխության պատճառով, կբաժանվի մնացած երկրների միջև:

2004 թվականի մայիսի 1-ից ԵՄ անդամ Լեհաստանն արդեն չորրորդ անգամն է մասնակցում այս ընտրություններին: Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ԵԽ ընտրություններին երեկ հետեւում էին նաեւ հայաստանցի մի խումբ լրագրողներ: Հայաստանցի լրագրողները Վարշավայում են Լեհաստանի արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան հրավերով:

Նախնական տվյալներով, Լեհաստանում իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունն այս ընտրություններում առաջատար է`42, 4 տոկոս ձայներով: Նոր Եվրոխորհրդարանում, այս կուսակցությունը կունենա 24 մանդատ, նախկին 19-ի փոխարեն: Սակայն կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ «Իրավունք եւ արդարություն» կուսակցության գլխավոր քննությունը աշնանը Լեհաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն են: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Քաղաքացիական պլատֆորմը», որը նախորդ ընտրություններում հավասարը-հավասարի սկզբունքով էր հարաբերվում իշխող ուժի հետ, այժմ զիջել է դիրքերը` հավաքելով 31,1 տոկոս ձայն: Եվրոպական նոր խորհրդարանում, այս միավորն ավելի քիչ մանդատ կունենա: Նախկինում «Քաղաքացիական պլատֆորմը» նույնպես 19 մանդատ ուներ:

Լեհաստանի Սլուփսկ քաղաքի նախկին քաղաքապետ, երկրում առաջին բացահայտ միասեռական քաղաքական գործիչ Ռոբերտ Բեդրոնի նորաստեղծ «Գարուն» ընդդիմադիր կուսակցությունը 6,6 տոկոս ձայն է հավաքել: Եվրոսկեպտիկների եւ ազգայնականների միությունը`«Կոնֆեդերացիան» 6,1 տոկոս ձայն է հավաքել: Շատերի համար անսպասելի էր «Կուկիզ 15» աջ քաղաքական շարժման հինգ տոկոսանոց շեմը չհաղթահարելը:

ԵԽ-ում Լեհաստանը 52 պատգամավոր կունենա, 51-ն ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո համարվում են ընտրված, իսկ 52-երրորդը մանդատ կստան Անգլիայի`ԵՄ-ն լքելուց հետո միայն: Ի դեպ, պատգամավորի թեկնածուները 866-ն էին:

Լեհաստանի ԿԸՀ-ի տվյալներով, այս ընտրություններում մասնակցությունն աննախադեպ էր`43 տոկոս: Ի դեպ, ընտրության օրը տեղամասերից ԿԸՀ երկու անգամ է տվյալներ փոխանցվում`12. 00-ին եւ 17. 00-ին: Ընտրատեղամասերը բացվում են առավոտյան 7. 00-ին, փակվում`20.00-ին:

«Մեզ մոտ ամեն ինչ կարգին էր, որեւէ արտառոց բան չեղավ: Անկեղծ ասած, մի քիչ էլ զարմացած եմ, քանի որ առաջին անգամ չէ, որ հանձնաժողովում եմ ընդգրկված: Երբեմն այնպիսի զավեշտալի դեպքեր են լինում, երբ մարդը գալիս է ու պարզվում է իր հասցեն չգիտի. պարզվում է, ինքն այլ տեղամասում պետք է քվեարկի: Այս ընտրություններում ինձ զարմացրել է տարեցների մասնակցությունը: Այս թաղամասը, այսպես ասած, երիտասարդների թաղամաս է եւ շատ ապշեցնում է, որ տարեց ընտրողներն են ակտիվ գալիս ընտրության: Իրենք գիտեն, որ պետք է»,- հայաստանցի լրագրողների հետ զրույցում ասաց «Վիլանովա» թաղամասում տեղակայված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Զոֆիա Գրոտեկը:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031