Օրերս Ավ. Իսահակյանի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ մատենագետ Աստղիկ Ղափլանյանի «Գրիգոր Նարեկացի. Մատենագիտություն» եւ «Վերմարդկայինը՝ Գրիգոր Նարեկացի» գրքերի շնորհանդեսը:
Միջոցառման ընթացքում խոսեցին հեղինակի մտերիմները, ընկերները եւ Գր. Նարեկացու ստեղծագործությունների գիտակներն ու մասնագետները: Նրանք բարձր գնահատանքի արժանացրին Աստղիկ Ղափլանյանին՝ գնահատելով նրա մեծ արժեք ունեցող աշխատանքը: Նշվեց, որ գրքերի շնորհիվ նոր սերունդը կարող է ծանոթանալ Նարեկացու գործերին, որոնք թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն եւ այլ բազում լեզուներով ու նաեւ իմանալ, թե ինչ կարծիքի են եղել վերջինիս մասին օտարազգի մասնագետները: Գիրքն օրհնվել է կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ:
Ինքը՝ հեղինակը, ներկայացրեց «Վերմարդկայինը` Գր. Նարեկացի» գրքի բովանդակությունը եւ կառուցվածքը: Այն բաղկացած է երկու մասից: Առաջինը կոչվում է «Մեծերի մեջ մեծագույնը», այս գլխում հեղինակը ներկայացնում է Նարեկացուն որպես մեծագույն մտածող, որն իր ստեղծագործություններով կարող է մրցել համաշխարհային դասականների հետ: Այստեղ են զետեղված նաեւ հայտնի մտավորականների մոտ 15 հոդվածներ: 2-րդ հատվածը կոչվում է «Գրական ուսումնասիրություններ»: Այստեղ են ընդգրկված 11 հոդվածներ՝ հայերեն եւ օտարալեզու: Սրանք աղոթագրքին վերաբերող վերլուծական հոդվածներ են, նշանավոր մարդկանց մտքեր: Այս գիրքը իր մեջ անփոփում է Նարեկացու մատյանի մասին եղած տեղեկությունները, վերլուծությունները: Հոդվածները ամբողջությամբ չեն գրվել: Դրանցից առանձնացվել են ավելի կարեւոր եւ հետաքրքիր հատվածները: Կան մտքեր Պարույր Սեւակից, Մանուկ Աբեղյանից եւ այլ հայտնի մտավորականներից:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաեւ «Մատյանի» բուժական հատկությունները, թե ինչպես կարող են խոսքի եւ հավատի միջոցով բուժվել բազմաթիվ մարդիկ: Այժմ այս գիտությունը առանձին ճյուղ է բժշկագիտության մեջ:
Կարդացեք նաև
ԱՐԵՎԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
25.05.2019