Այսօր ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուց Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում է ԵՄ-ՀՀ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ գործընթացները, ընդդիմադիրները պնդում են, որ կա որոշակի հապաղում, ուղղակի առաջ չեն գնում: Նշենք, որ դեսպանն այս տարվա փետրվարին ասել էր՝ համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը պետք է պատրաստ լիներ այս տարվա մարտի վերջին:
Այս առնչությամբ դեսպանն ասաց. «Վստահ եմ, բոլոր մարդիկ Հայաստանի հանրապետության պետական կառույցներում, նախարարություններում բավականին զբաղված են եղել վերջին ամսվա ընթացքում մշակելով այս համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը, որը սկզբունքորեն պատրաստ է՝ հիմնական հատվածը: Մենք այժմ ուսումնասիրում ենք փաստաթուղթը: Վստահ եմ, վերջին ամիսներին բավականին մեծ ջանքեր են ներդրվում այն շարունակելու համար»:
Ինչ վերաբերում է հապաղումներին, ապա դեսպանն ասաց, որ կողմերը պարտավորված են շատ կոնկրետ վերջնաժամկետներով աշխատանք իրականացնել. «Ինչը նշանակում է՝ երբ նայում ենք ճանապարհային քարտեզին, շատ հստակ հանձնառություն ենք տեսնում՝ իրականացնելու կոնկրետ միջոցառումներ, կոնկրետ վերջնաժամկետներով»: Սվիտալսկու ներկայացմամբ՝ հապաղումներ կարող են համարվել այն դեպքում, եթե վերջնաժամկետները չպահվեն. «Խոհեմ չի լինի այս պահին խոսել հապաղումների մասին: Մենք դեռ ժամանակացույցով ենք շարժվում: Մենք հասկանում ենք, որ ճանապարհային քարտեզի մշակումը բավականին երկար է տեւել՝ մի քանի ամիս, բայց կառավարությունը որոշել է այն անել բավականին ներառական հենքերով»:
Ըստ դեսպանի՝ ճանապարհային քարտեզի մշակումը բավականին ժամանակատար գործընթաց է, կային քննարկումներ, տարբեր տեսակետներ. «Բայց մենք չենք խոսում ուշացումների մասին»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ