«ԵՄ-ն չի մասնակցում Հայաստանի ներքին քննարկումներին, թե դատաիրավական բարեփոխումները ձեր երկրում ինչպես է պետք իրականացնել»,- այսօր այս մասին ասաց ԵՄ դեսպանը Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ կարծիք ունի ՀՀ-ում որպես անցումային արդարադատության բաղադրիչ՝ վեթթինգի ներդրման մասին, քանի որ կան կարծիքներ՝ դրա անհրաժեշտությունը չկա, պետք է հանրային համերաշխության գործընթացով առաջնորդվել:
Դեսպանի խոսքերով.«Մենք ընդամենն ասում ենք այն, ինչ մեր հայտարարությամբ է ամրագրված: Մենք չենք վերլուծում տարբեր մտքեր, որոնք այս պահին շրջանառվում են հանրային դիսկուրսում:Մենք պատրաստ ենք, եւ սա ի դեպ, վերջերս պատվիրակության այցելությամբ նշել ենք՝ կիսվել այլ երկրների փորձով: Ես եւս մեկ անգամ հղում եմ անում ձեր արդարադատութան նախարարին, որ խոսել էր ալբանական մոդելի մասին, եւ կարող ենք կիսվել մեր փորձով, որովհետեւ ԵՄ-ն խորապես ներգրավված է Ալբանիայում իրականացվող բարեփոխումների գործընթացում: Բաց ես վստահ եմ՝ Հայաստանն ինքը պետք է որոշի: Այսինքն՝ որեւէ մոդել չի կարող դիտվել, որպես ձեր խնդիրների համադարման, որովհետեւ դուք տարբեր եք: Այդ նույն վեթթինգի տարբեր մոդելներ կան»։
ԵՄ դեսպանն ասաց․ «Ես որպես փորձագետ, իսկ ես 10 տարի Ստրասբուրգում Եվրախորհրդի հետ աշխատել եմ, այսինքն՝ հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու այլ երկրների փորձին՝ դատաիրավական բարեփոխումների գործընթացում, կարող եմ ասել տարբեր մոդելներ կան, տարբեր փորձեր կան, թե՛ դրական, թե՛ բացասական»։
Aravot.am-ի հարցին՝ այսինքն՝ վեթթինգը վախենալու չէ՞, ինչպես Հայաստանի որոշ իրավաբաններ են նշում, ԵՄ դեսպանը պատասխանեց.«Ես կարծում եմ՝ եթե նայենք ալբանական փորձին, այն դիտվում է որպես դրական։ Իհարկե, բավականին բարդ ընթացակարգ է՝ եւ իրավական, եւ սահմանադրական տեսանկյունից, ժամանակատար է, ծախսատար է։ Բայց նույնիսկ ԵՄ պաշտոնական կայքերում կարող եք կարդալ հոդվածներ օրինակ ալբանական փորձի մասին եւ տեսնել, որ ընդհանուր պատկերը դրական է։ Բայց ամենուրեք, վեթթինգի գործընթացը շատ զգայուն է, այսինքն՝ մի երեւույթ, որին պետք է մոտենալ չափազանց զգուշորեն՝ որոշ ակնհայտ պատճառներից ելնելով, այնքան ակնհայտ, որ կարծես խոսելու կարիք չկա դրանց մասին»:
Կարդացեք նաև
ԵՄ դեսպանի խոսքերով․ «Կառավարությունը, Ազգային ժողովի հետ, այլ շահագրգիռ կողմերի հետ միասին պետք է քննարկեն: Հայերը պետք է նստեն մի սեղանի շուրջ եւ հասկանան՝ Հայաստանի համար որն է լավագույնը: Ո՛չ ոք դրսից չի փորձի որեւէ բան պարտադրել: Փորձագետներ կլինեն, որոնք խորհուրդներ կտան, կասեն, թե ինչն է լավ աշխատել, ինչը լավ չի աշխատել, եւ վստահ եմ՝ կան նման մարդիկ, եւ պատրաստ են դա անել: Եվրախորհրդից փորձագետներ կգան, որոնք ձեզ կարող են ասել, թե որոնք են միջազգային չափանիշները այս գործընթացը համապատասխանեցնելու ձեր պարտավորություններին Եվրախորհրդի շրջանակում, ստանդարտների մասին, վենետիկյան հանձնաժողովի կողմից մշակված նորմերի մասին, բայց դուք դա ինքներդ պետք է դա անեք»։
Այսօր ԵՄ դեսպանը մասնակցում էր Հյուսիսային պողոտայում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների ամփոփմանը: Միջոցառումներին մասնակցում են տեղական կազմակերպությունները, որոնք ԵՄ-ից աջակցություն են ստացել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ