Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՛ վախեցեք պրոկտոլոգին այցելելուց․ բժիշկ Ալեքսանդր Ղուրբանյան

Մայիս 26,2019 23:00

Պրոկտոլոգիական հիվանդությունները Հայաստանում տարածված հիվանդությունների թվին են պատկանում: Պրոկտոլոգիական հիվանդությունների շարքին դասվում են թութքը, հետանցքային ճաքը, պարապրոկտիտը, էպիթելային պոչուկային ուղին, կոլիտները, հաստ աղու պոլիպները և նորագոյացությունները: Այդ հիվանդությունների պատճառների, կանխարգելման ու բուժման մեթոդների մասին Aravot.am-ի «ԱՌՈՂՋ ԱՌԱՎՈՏ» նախագծի շրջանակում զրուցել ենք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի վիրաբույժպրոկտոլոգ  Ալեքսանդր Ղուրբանյանի  հետ։

Պարոն Ղուրբանյան, ձեր պրակտիկան ի՞նչ է ցույց տալիս՝ որո՞նք են պրոկտոլոգիական հիվանդությունների առաջացման ու զարգացման պատճառները:

-Ես զբաղվում եմ ոչ օնկոլոգիական պրոկտոլոգիական հիվանդությունների բուժմամբ: Այդ շարքին են պատկանում թութքը, հետանցքային ճաքը, պարապրոկտիտը, էպիթելային պոչուկային ուղի հիվանդությունները և այլն:

Հայաստանում հատկապես շատ են հանդիպում թութքը և հետանցքային ճաքերը: Օրինակ՝ թութքն ուղիղ աղիքի հիվանդությունների կառուցվածքում տատանվում է 34-41%-ի շրջանում:

Հիվանդությունների առաջացման ու զարգացման պատճառները պայմանավորված են բազմաթիվ գործոններով, հիմնական պատճառներից են ժառանգական գործոնը, ոչ ճիշտ սննդակարգը, նստակյաց ապրելակերպը և այլն:
Հաշվի առնենք նաև այն, որ մենք՝ հայերս, սիրում ենք համեղ ուտել՝ մոռանալով քանակի և որակի մասին: Նկատի ունեմ այն ուտեստները, որոնք այնքան էլ բարեկամություն չեն անում հաստ աղիքի հետ և նպաստում են փորկապությունների առաջացմանը:

Օրինակ՝ շատ ընդունված է համադրել տապակած կարտոֆիլն ու յուղոտ միսը՝ անտեսելով այլ բանջարեղենային ուտեստները:  Նշված հիվանդությունների զարգացմանը նպաստում է նաև սննդակարգում բրնձի ու ձավարեղենի, մակարոնեղենի, արագ սննդի (ֆասթ-ֆուդ) շատ օգտագործումը: Նպաստող գործոն է նաև որոշ տղամարդկանց կողմից ալկոհոլի, հատկապես շատ սիրված գարեջրի չարաշահումը: Այդպիսի սննդակարգը կարող է հանգեցնել փորկապությունների, ինչը միանշանակ նպաստում է պրոկտոլոգիական հիվանդությունների զարգացմանը և եղած խրոնիկական վիճակում գտնվող հիվանդությունների սրացմանը: Պարադոքսալ է, բայց փաստ, որ փորլուծությունը ևս կարող է հանգեցնել վերոհիշյալ հետևանքներին: Անշուշտ, ոտքերի, շեքի շրջանի և սրբանապոչուկային հատվածի սառեցնելը ևս նպաստում է պրոկտոլոգիական խնդիրների բարձրացմանը:

Պրոկտոլոգիական հիվանդությունների առաջացմանը նպաստում է նաև նստակյաց կյանքը, որը մեր օրերում, ինչո՞ւ չէ, նաև պայմանավորված համակարգչի ու համացանցի գործոնով, բավականին տարածված խնդիր է:

Օրինակ, իմ պրակտիկայում շատ են հանդիպում գրասենյակային աշխատանքով ծանրաբեռնված մարդիկ, վարորդներ և այլն: Նշեմ, որ հիվանդությունների զարգացմանը նաև նպաստում է ծանր ֆիզիկական աշխատանքներ կատարելը:

Կանանց պարագայում շատ դեպքերում հետծննդաբերական շրջանում կարող են զարգանալ ինչպես եղած պրոկտոլոգիական հիվանդությունները, օրինակ՝ թութքը, այնպես էլ կարող են առաջանալ պրոկտոլոգիական նոր հիվանդություններ, օրինակ՝ հետանցքի  ճաք:

Ձեր նշած  պրոկտոլոգիական հիվանդությունների ախտորոշումն ինչպե՞ս է կատարվում: Գաղտնիք չէ, որ մարդիկ խուսափում են այցելել պրոկտոլոգին: Ժամանակատա՞ր ու բա՞րդ գործընթաց է:

-Նախ սկսեմ նրանից, որ պետք չէ վախենալ պրոկտոլոգին այցելելուց, այլ ավելին, անհրաժեշտ է անպայման դիմել առաջին իսկ  ախտանշանները նկատելով:  Քանի որ դա թույլ կտա կանխել հնարավոր հիվանդության զարգացումը:

Շատ հարցերի պատասխանը ստացվում է պացիենտի հետ զրույցի ընթացքում՝ լսելով հիվանդի գանգատները: Դրանից հետո կատարվում է շեքի և սրբանապոչուկային հատվածի դիտումը և մատնային քննությունը,  որն ախտորոշման կարևորագույն մեթոդներից մեկն է: Երբ զննման ընթացքում առաջանում է կասկած, որ վերոհիշյալ մեթոդները բավարար չեն,  կատարվում է գործիքային հետազոտություն՝ մասնավորապես  կոլոնոսկոպիա: Կոլոնոսկոպիան հաստ աղիքի ախտորոշման անհրաժեշտ մեթոդն է, որը կատարվում է հատուկ սարքի օգնությամբ և տալիս է հաստ աղիքի հիվանդությունների վերաբերյալ ճշգրիտ ու ամբողջական ինֆորմացիա: Որպես լրացուցիչ մեթոդներ անհրաժեշտ է  նշել  ժամանակից մագնիսառեզոնանսային  և համակարգչային շերտագրման  հետազոտությունները:

-Հիմնականում ինչպիսի՞ բուժման տարբերակներ կան ձեր նշած հիվանդությունների պարագայում:

-Հարկ է նշել,  որ յուրաքանչյուր դիմողին անհրաժեշտ է անհատական մոտեցում:

Ենթադրենք նույն ախտորոշումով տարբեր մարդկանց մոտ բուժումն էլ է տարբեր: Բացառված չէ, որ զննելուց հետո պարզենք, որ տվյալ պացիենտին ցուցված է դեղորայքային բուժում: Օրինակ՝ մոմիկներ, քսուկներ, հաբեր: Իսկ նույն ախտորոշմամբ այլ պացիենտի առաջարկվի վիրահատական բուժում: Դեղորայքային բուժումը  հիմնականում կիրառվում է թութքի և հետանցքային ճաքի սկսվող փուլի ընթացքում: Պոչուկի էպիթելային ուղիների բորբոքման (պոչուկի կիստա), ուղիղ աղու խուղակների, խրոնիկական ուղիղ աղիքի սրացման փուլում գտնվող ճաքերի դեպքում, երրորդ-չորրորդ աստիճանի թութքի դեպքում, պարապրոկտիտի առկայության պարագայում ցուցված է բացառապես վիրահատական բուժումը: Հետազոտության ընթացքում հայտնաբերված թերապեւտիկ հիվանդությունները (կոլիտները) եւս պահանջում են դեղորայքային թերապեւտիկ բուժում: Իսկ հաստ աղիքի հայտնաբերված նորագոյացությունները, բնականաբար, պահանջում են հատուկ բուժում:

Սակայն այդ հիվանդություններով նույնիսկ տարիներով տառապողները խուսափում են բժշկի դիմել վիրահատության համար՝ ելնելով տարբեր պատճառներից: Ի՞նչ խորհուրդ կտաք՝ արդեն եղած հիվանդությունները մեղմելու, ինչո՞ւ չէ, նաև կանխարգելելու առումով:

-Նախ սկսեմ սննդակարգից՝ օգտագործել այնպիսի սննդատեսակներ, որոնք չեն հանգեցնում փորկապությունների, օրինակ՝ շատ օգտագործեք կարմիր բազուկ, դդում, լոլիկ, վարունգ պարունակող աղցաններ ու ճաշատեսակներ: Երեկոյան ժամերին օգտագործեք կեֆիր՝ սալորաչրի հետ:  Խուսափեք կծու, թթու ուտեստներից: Խմիչքներից ցանկալի չեն գարեջրի ու կարմիր գինու չարաշահումը։ Կղազատումից հետո կատարեք հետանցքի լվացում:

 

Զրուցեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031