Բարբեքյու թանձրուկը պատրաստման բազմաթիվ եղանակներ ունի: Վաճառքում կան նաեւ արդեն պատրաստի սոուսներ: Սակայն բոլոր տարբերակներում անփոխարինելի բաղադրիչներից են տոմատի մածուկը, կետչուպը եւ մուգ եղեգնաշաքարը: Այս տարբերակը, որն առաջարկում եմ, ամենահեշտերից է:
Անհրաժեշտ մթերքները
Խոզի կողիկներ- 1-1,5 կգ-անոց կտոր
Թանձրուկի համար՝
Կարդացեք նաև
Կետչուպ- 1 բաժակ
Տոմատի մածուկ-2 ճաշի գդալ
Մուգ եղեգնաշաքար- 3 ճաշի գդալ
Սոյայի թանձրուկ- 3 ճաշի գդալ
Աղ- 1 ճաշի գդալ
Սխտորի փոշի-1 ճաշի գդալ
Սոխի փոշի- 1 ճաշի գդալ (եթե ժամանակ ունեք դրա փոխարեն կարող եք շատ մանր կտրատել եւ լավ տապակել 1 գլուխ սոխ)
Վուսթերյան թանձրուկ- 1 ճաշի գդալ
«Հեղուկ ծուխ» (жидкий дым) կոչվող թանձրուկ- 0,5 թեյի գդալ
Աղացած կարմիր պղպեղ չիլի-1 թեյի գդալ
Աղացած սեւ պղպեղ-0,5 թեյի գդալ
Խնձորի քացախ- 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Խոզի կողիկներով ամբողջական կտորը լավ լվացեք, վրան սուր դանակով տարբեր տեղերից բազմաթիվ անցքեր բացեք՝ երկու կողմից էլ, որպեսզի թանձրուկը լավ ներծծվի մսի մեջ:
Պատրաստեք թանձրուկը: Նախատեսված բոլոր մթերքները լցրեք մի թասիկի մեջ եւ լավ խառնեք:
Այս թանձրուկով լավ պատեք խոզի կտորը՝ բոլոր կողմերից, դրեք խորը հրակայուն ամանի մեջ, ծածկեք փայլաթիթեղով եւ դրեք սառնարան՝ մի քանի ժամից մինչեւ 2 օր ժամկետով:
Սառնարանից հանելուց հետո դրեք 220 աստիճան տաքացրած ջեռոցը՝ սկզբում 15 րոպեով, այնուհետեւ ջերմաստիճանն իջեցրեք մինչեւ 180 աստիճան եւ թողեք եւս 1 ժամ: Ապա հանեք փայլաթիթեղը եւ թողեք եւս 30 րոպե եփվի:
Այս նույն միսը կարող եք պատրաստել նաեւ ածուխների վրա՝ գրիլ սարքում՝ փակելով կափարիչը: Եթե սովորական մանղալի վրա եք ուզում պատրաստել, ապա կրակը պետք է բավականին մարմանդ լինի, կողիկները դրված լինեն ձկան խորովածի համար նախատեսված ցանցի մեջ, եւ բավականին բարձր լինեն՝ կրակը չդիպչի կողիկներին: Ընթացքում էլ հարկավոր է որեւէ բանով ծածկել, որպեսզի լավ եփվի եւ ծխի համը ստանա, օրինակ՝ փայլաթիթեղով կամ ջեռոցի մեծ թավայով:
Երբ պատրաստ լինի, թողեք հանգստանա առնվազն 15 րոպե, կտրատեք կողիկները եւ մատուցեք: Կարող եք մատուցել գրիլ արված բանջարեղենի կամ թարմ ամառային աղցանի հետ:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա Բարսեղյանը