Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չափազանց կարևոր հոբելյան

Մայիս 26,2019 12:00

Մեր լրատվամիջոցներում վերջերս հաճախ են հոդվածներ ու վերլուծականներ լույս տեսնում Ղարաբաղյան պատերազմում հայկական ու ադրբեջանական կողմերի զինադադարի կապակցությամբ: Քանի որ մեր քաղաքական գործիչներից ու լրագրողներից ոմանք չափից ավելի ագրեսիվ են և խաղաղությունն ու խաղաղասիրությունը պարտվողականություն են համարում, այդ իսկ պատճառով էլ զինադադարի նշանակությունն ամբողջապես չեն գիտակցում: Այդ առումով կցանկանայի առանձնացնել «Առավոտի» վերլուծաբաններ Ռուբեն Մեհրաբյանին ու Էմմա Գաբրիելյանին, ովքեր մշտապես ու հետևողականորեն անդրադարձել ու անդրադառնում են զինադադարին՝ ըստ արժանվույն ներկայացնելով ու գնահատելով այդ կարևորագույն փաստաթուղթը:

Իրականում զինադադարը հենց հաղթանակն է, և պետք է խոստովանենք, որ քանի որ մենք զինադադարի նշանակությունը լիովին ու ամբողջապես չենք գիտակցում, այդ իսկ պատճառով էլ չենք կարողանում լիարժեք օգտագործել այդ զորավոր փաստաթուղթը: Եթե մենք մշտապես ու գործնականորեն հիշեինք այդ փաստաթղթի գոյության մասին, դրա գոյության մասին նաև միջազգային կազմակերպություններին մշտապես կհիշեցնեինք, և այդ դեպքում Ադրբեջանի կողմից ցանկացած կրակոց կհամարվեր ուխտադրուժ:
Բայց մենք այդ զորավոր փաստաթուղթը մի կողմ թողած՝ ինչ-որ անկապ ու անհեթեթ հեքիաթներ ենք բստրում հաղթանակի նշանակություն ունեցող այդ փաստաթղթի գլխավոր ու հիմնական հեղինակի դեմ. այն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ էր, և մենք Տեր-Պետրոսյանի ջգրու Շուշին ազատագրեցինք. և այլն, և այլն: Այս ցնդաբանություններն ասողներն ու կրկնողներն էլ հաստատ իրենց ասածներին չեն հավատում, բայց շարունակ ասում ու կրկնում են՝ համարելով, որ Արցախի պատերազմի հաղթանակի մեջ իրենք ավելի մեծ դեր են ունեցել, քան՝ առաջին նախագահը:

Այս մարդկանց համար հաղթանակի դափնիներն ավելի կարևոր են, քան ինքը՝ հաղթանակը: եթե նրանց համար կարևորը հաղթանակը լիներ, նրանք մարդկանց խաղաղասիրական ձգտումները ծաղրի չէին ենթարկի, և Մինսկի խմբի ու խաղաղարար այլ կառույցների գործունեությանն էլ քամահրանքով չէին վերաբերվի, հասկանալով, որ պատերազմը դեռևս ավարտված չէ, և վերջնական հաղթանակի միակ ճանապարհը խաղաղությունն է, և պատերազմի շարունակությունն ու խաղաղության ընդհատումը միայն Ադրբեջանին ու ադրբեջանցիներին է ձեռնտու, և որպեսզի խաղաղությունը վերջնական լինի, մենք պետք է մշտապես հիշենք և միջազգային խմբերին ու խաղաղարար կազմակերպություններին էլ հիշեցնենք զինադադարի փաստաթղթի գոյության մասին:

Եթե Ադրբեջանն ու ադրբեջանցիները քամահրանքով են վերաբերվում Մինսկի խմբի գոյությանն ու գործունեությանը, դա միանգամայն հասկանալի է, որովհետև պարզից էլ պարզ է, որ զինադադարն ու խաղաղության շարունակականությունը ձեռնտու են միայն ու միայն պատերազմում հաղթած կողմին:
Ինչքան էլ ասենք, որ մեր հաղթանակը վերջնական չէ, փաստը փաստ է, որ այս պահի դրությամբ հաղթած կողմ ենք: Դե ֆակտո: Նաև զինադադարի փաստաթղթի գոյության շնորհիվ ենք հաղթած կողմ:

Արդեն քառորդ դար է՝ այդ փաստաթուղթը գոյություն ունի, կա: Մենք շատ ենք սիրում հոբելյաններ նշել և տոնակատարություններ կազմակերպել: Ցանկալի է, որ զինադադարի իրողության քսանհինգ ամյակը իսկապես տոնակատարության վերածենք: Այնպես, որ ձայնը ողջ աշխարհում լսելի լինի: Այնպես, որ նույնիսկ մեր չակերտավոր ազգայինները հասկանան զինադադարի ու խաղաղության կարևորությունը: Այնպես, որ նաև ադրբեջանցիները հասկանան, որ հաղթած կողմ ենք: Այնպես, որ նաև ադրբեջանցիները հասկանան, որ խաղաղությունն այլընտրանք չունի:
Հասկանան ու ըստ այդմ բանակցությունները շարունակեն:

Ավելի ճիշտ՝ սկսեն:

 

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031