ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը մինչեւ փաստաբան դառնալը տարբեր աշխատանքներով է զբաղվել:
«Երբ հասավ այն տարիքը, երբ պետք է կողմնորոշվեի, թե ինչ մասնագիտություն ընտրեմ, առաջին ցանկությունս էր իրավաբան դառնալ, ընդ որում՝ ոչ անպայման փաստաբան: Մորական կողմից ե՛ւ տատիկս, ե՛ւ պապիկս իրավաբաններ էին, հորական կողմից էլ՝ տատիկիս եղբայրն էր, նա այն ժամանակ փաստաբանների կոլեգիայի նախագահն էր, ինձ համար շատ մեծ դրական օրինակներ էին: Բայց շատ քիչ դեպքերից մեկն էր, որ հայրս ինձ խորհուրդ տվեց ընտրել տեխնիկական մասնագիտություն ինժեներական գծով.թե՛ հայրս, թե՛ մայրս ինժեներներ էին կրթությամբ: Ես այդ խորհրդին հետեւեցի ու ընդունվեցի Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ՝տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ ու բավականին հաջող ավարտեցի, սիրում էի այդ մասնագիտությունը: Բայց այն մասնագիտությունը, որ ստացա պոլիտեխնիկում, փոքր երկրներում կիրառելի չէ, այն ավտոմատ կառավարվող համակարգերի ոլորտն է, սուզանավերի վրա է օգտագործվում մեր մասնագիտության հետ կապված տեխնիկան եւ այլն, շատ խոշոր երկրներ կարող են այդ ուղղությունը զարգացնել, Հայաստանն անկախացավ, ու այս մասնագիտությունը դարձավ այլեւս չօգտագործվող»,- Aravot.am-ին պատմեց Հայկ Ալումյանը:
90-ականներին, երբ դժվար էր աշխատանք գտնել, Հայկ Ալումյանը սկսեց զբաղվել արծաթագործությամբ. «Մինչեւ հիմա էլ, որ նայում եմ՝ ինչեր եմ սարքել, ես գոհ եմ՝ ինչեր եմ կարողացել ստեղծել: Եկավ մի պահ, երբ արծաթե մի մատանու վրա էի աշխատում, այդ պահին որոշեցի փաստաբան դառնալ, վայր դրեցի իմ գործիքները եւ մատանին չավարտած՝ սկսեցի հետաքրքրվել՝ ինչպես կարելի է ստանալ երկրորդ մասնագիտությունը, պարզեցի, գնացի, ընդունվեցի միանգամից երրորդ կուրս ոչ պետական մի բուհում, հետո ընդունվեցի փաստաբանների այն ժամանակ կոլեգիա էր ու մինչեւ հիմա փաստաբան եմ, մի վայրկյան չեմ փոշմանել, որ հենց փաստաբան եմ, անչափ հետաքրքիր մասնագիտություն է, հաղթանակները ոգեւորում են, պարտություններն էլ շատ բան են սովորեցնում»:
Ըստ նրա՝ առաջին գործը, որով նա զբաղվել է որպես փաստաբան, Ամերիկյան համալսարան մասնավոր բուհերն ավարտելուց հետո ընդունվելու վերաբերյալ գործն էր. «Այն ժամանակ Ամերիկյան համալսարանն ընդունում էր միայն բարձրագույն կրթությամբ շրջանավարտների, կար արգելք մասնավոր բուհերի շրջանավարտների համար: Առաջին հանձնարարությունը ստացել եմ այն բուհի ռեկտորից, որն ավարտել եմ, ձեռնարկել բոլոր միջոցները, որ այդ արգելքը վերանա, ես դեռ իմ ամբողջ մտադրությունները չէի սպառել, երբ այդ խնդիրը լուծվեց, պատրաստ էի ավելի երկար պայքարի, բայց…ես այն ժամանակ ինքս էի պատրաստ վճարել, որ մի հատ գործ վարեմ, կար մի անվճար գործ, որը ոչ մեկ չէր ուզում վերցնել, իսկ ես մեծ ոգեւորությամբ վերցրեցի, գործ չունեի, ով էր ինձ ճանաչում: Իմ գործընկերներից մեկը վստահում էր եւ այդ մարդկանց խորհուրդ տվեց դիմել ինձ, դիմեցին, հուսով եմ, որ չեն փոշմանել, իհարկե, մեծ ճակատագրական դեր չկարողացա ունենալ այդ գործում, բայց հնարավորության սահմաններում որոշակի հաջողության, հուսով եմ՝ հասել եմ, ու հուսով եմ՝ այդ գործով կողմը մինչեւ հիմա գոհ է»:
Կարդացեք նաև
Հայկ Ալումյանը եղել է նաեւ խառատ. «Ֆրեզերային հաստոցի վրա եմ աշխատել տարուց ավելի ու բավականին լավ վարձատրվող աշխատանք էր, դա այն տարին էր, երբ բոլորը ձգտում էին առեւտրով զբաղվել, մեծ փողեր էր բերում առեւտուրը, իսկ ինձ փող էր պետք, հայրս գիտահետազոտական մի ինստիտուտի տնօրեն էր, իրեն թույլ չէր տա իր մոտ աշխատանքի ընդունել, երբ ինժեներների կրճատում էր գնում, ես խնդրեցի՝ ինձ ընդունի իրենց գործարանում, որովհետեւ այս տարիներին մարդ չկար, որ ուզում էր հաստոցների վրա աշխատել, խնդրեցի տեղավորի, գնացի, սովորեցի բարձրակարգ մասնագետների մոտ ու սկսեցի աշխատել»:
Փաստաբանի առաջին վարձատրությունը կազմել է 30 դոլար, ըստ պարոն Ալումյանի. «Այն ժամանակ կարգին գումար էր»:
Հայկ Ալումյանի համար կան գործեր, որոնք ինքը սկզբունքորեն չի վերցնում. «Ես իրավունք չունեմ այդ գործերի անուններն ասել, որովհետեւ դրանով կնվաստացնեմ այն մարդկանց, որոնք ինձ դիմել են՝ ինձ հետ հույսեր կապելով, հենց ասեմ այդ գործի բնույթը, դուք կհասկանաք: Մի քանի դեպք կա, երբ սկզբունքորեն չեմ վերցրել, այդ մարդկանց էլ չեմ ասել, որ այդ գործը չեմ վերցնում, որովհետեւ ձեր կերպարը, ձեր արածը ինձ հետ անհամատեղելի են, իմ պաշտպանությունը արդյունավետ չի լինի, ասել եմ՝ ծանրաբեռնված եմ ու հրաժարվել եմ»:
Հայկ Ալումյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե իր փաստաբանական գործունեության ընթացքում եղե՞լ է դեպք, երբ հանցագործի պաշտպանելիս հասել է նրա արդարացման դատավճռին, ի պատասխան ասաց. «Եղել են գործեր, որոնք հաջողությամբ են ավարտվել, բայց ես մինչեւ վերջ 100 տոկոս համոզված չեմ եղել՝ իմ պաշտպանյալը ամբողջությամբ անմե՞ղ է , թե՝ չէ, որովհետեւ ես, ի տարբերություն ֆիլմերի, երբ պաշտպանը հենց սկզբից նստում է պաշտպանյալի դիմաց ու ասում է՝ դե հիմա ում ինչ ասել ես, ինձ մի հատ ճիշտն ասա, արե՞լ ես, թե՝ չէ: Ես երբեք այդպիսի հարց իմ պաշտպանյալներին չեմ տվել, ավելին՝ ցանկացած հնարավորություն սեմինարների ժամանակ օգտագործում եմ, որ բոլոր փաստաբաններին այդ միտքն ասեմ՝ երբեք մի հարցրեք ձեր պաշտպանյալներին՝ վերջը դու այդ հանցանքն արե՞լ ես, թե՝ չէ, որովհետեւ, եթե ասի՝ չեմ արել, դա ձեզ ոչինչ չի տա, կարող է ձեզանից էլ է թաքցնում, իսկ եթե ասում է՝ արել եմ, այդ նույն բանը կարող է ասել է մեկ էլ եղբորն ու սիրած աղջկան: Հետո մի տեղից դուրս գա, համոզված է լինելու, որ ձեզնից է դուրս եկել, ու ձեզ բոլորը կհամարեն ոստիկանության շարունակություն: Դրա համար երբեք չեմ հարցրել ու երբեք դատարանում չեմ հայտարարել՝ այս մարդը սպանություն չի կատարել, ես միշտ ասում եմ՝ քրեական գործում չկա ապացույց, որ այս մարդը կատարել է սպանություն: Դրա համար ունեցել եմ գործեր տարբեր հանցագործությունների մեղադրանքներով, ու այդ գործով մեղադրյալն արդարացվել է, բայց ես մինչեւ այսօր չգիտեմ՝ ինքը դա արել է, թե՝ չէ: Բայց եթե քրեական գործով չկա այդ ապացույցները, այդ մարդը, բոլոր դեպքերում, պետք է արդարացվի, այլապես արդարադատություն չի կարող լինել»:
Հարցազրույցը «Հայտնի մարդկանց առաջին քայլերը» շարքի շրջանակում է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ