ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը CNN-ի հետ զրույցում անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի՝ անբավարար անվտանգության երաշխիքների պատճառով Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Արսենալ»-ի կազմում չմասնակցելու խնդրին, ասել է, որ Ադրբեջանն անդառնալիորեն բաց է թողել Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր հանձնառությունն իրականացնելու հնարավորությունը:
«Ադրբեջանական հասարակությունում և մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումները, անհանդուրժողականությունը և անվտանգության բացահայտ ռիսկերը անհնարին դարձրեցին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` իր թիմի հետ Բաքու մեկնելը: Եվրոպայի լիգայի եզրափակիչը կարող էր լավ հնարավորություն լինել Ադրբեջանի համար՝ կյանքի կոչելու իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը՝ տարանջատել սպորտը քաղաքականությունից, ինչպես նաև ի ցույց դնել հանդուրժողականության և ոչ խտրական վերաբերմունք ցուցաբերելու իր կարողությունը։ Այս հնարավորությունը անդառնալի կերպով բաց թողնվեց»,- ասել է Նաղդալյանը։
Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: