«Այդ հարցի պատասխանն էլ, թե ինչ կապ ունեմ խմբի հետ, պետք է տա դատարանը»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ կապ ունի Նոր-Մարաշ զինված խմբի հետ այսպես պատասխանեց Արմենական կուսակցության նախաձեռնող խմբի համակարգող Արա Պողոսյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ըստ Aravot.am-ի՝ համացանցում կատարած փոքրիկ հետաքննության պարզվեց, որ Արա Պողոսյանը Նորք-Մարաշի քրեական գործով մեղադրյալներից էր: Նշենք, որ Արա Պողոսյանն ազատ է արձակվել 2018-ի սեպտեմբերի 17-ին:
Մեր հարցին իր՝ զինված խմբի հետ կապ ունենալը պատճառ չի՞ դառնա կուսակցության նկատմամբ բացասական վերաբերմունքի, Արա Պողոսյանը պատասխանեց. «Դեռևս նախորդ իշխանության տարիներին սա թերևս միակ քրեական գործը չի եղել, և կարծում եմ, որ այն անցումային արդարադատության մարմինը, որն ապագայում Հայաստանում ստեղծվելու է, կտա այս խնդրի պատասխանը: Իրավական, քրեական հարցերը թողնենք դատարաններին, իսկ մարդկանց մոտ պատկերացումները, բոլորն էլ գիտեն՝ ով ով է, ով ինչ է և գոնե մինչև այսօր մենք այնպիսի ազդակներ չենք ստացել, որ այդ խմբի հետ կապված լինելու պատճառով անվստահության մթնոլորտ լինի»:
Արա Պողոսյանն ասաց, որ անձամբ ինքը ստորագրությամբ է ազատ արձակվել: Մեր հարցին՝ գործի հետ կապված ի՞նչ նոր բան կա, նա պատասխանեց. «Ըստ էության նոր բան չկա, դեռևս դատական լսումներ են: Քրեական գործը բավականին անկանխատեսելի է այն առումով, որ մենք ապագայում ունենալու ենք անցումային արդարադատության մարմին, և ինչպես գիտեք որևէ մեկը չի ընդունել իր մեղքը: Բոլորս էլ ասում ենք, որ սա շինծու գործ է և դրա առաքելությունը պիտի կրի անցումային արդարադատության մարմինը, և այս գործի պատասխանը կամ հանգուցալուծումը կարող ենք սպասել նոր ձևավորվող մարմնից»:
Կարդացեք նաև
Հարցին՝ հիմա ի՞նչ հարաբերություններ կան խմբի հետ, Արա Պողոսյանն ասաց. «Իմ կապը խմբի հետ այդ հարցին ևս պետք է տա դատարանը, իսկ եթե նկատի ունեք խմբի անդամների հետ հարաբերությունները, ապա որոշ մասի հետ դրական են: Արթուր Վարդանյանի հետ որևէ հարաբերություն չունենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ