Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրականի աստղադիտարանը եղել և մնում է աշխարհի ամենաարդյունավետ աստղադիտարաններից մեկը․ Արեգ Միքայելյան

Մայիս 25,2019 14:48

Նրանց համար, ովքեր դեռ կասկածում են Բյուրականի աստղադիտարանի ներկայիս գիտական ակտիվության և արդյունավետության մասին․․․

Համառոտ տեղեկանք ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի ներկայիս գիտական ակտիվության վերաբերյալ

  • ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը եղել և մնում է տիեզերական նոր մարմինների հայտնաբերման գործում աշխարհի ամենաարդյունավետ աստղադիտարաններից մեկը։ Վերջին տարիներին այստեղ հայտնաբերվել են հազարավոր աստղեր, աստղասփյուռներ, միգամածություններ, գալակտիկաներ և քվազարներ։
  •  Աստղադիտարանի 2․6մ հայելու տրամագծով աստղադիտակն առ այսօր էլ խոշորագույններից մեկն է Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի աստղադիտակների ցանկում։ Այն առավել արդյունավետ կարող է գործել արդիական սարքավորումներով համալրման դեպքում։ Ներկա պահին այս աստղադիտակով իրականացվում է միջազգային 5 ծրագիր ԱՄՆ, Ֆրանսիայի, Լեհաստանի և Ռուսաստանի աստղագետների հետ։
  • Վերջին 15 տարվա տվյալներով «Scopus» միջազգային տվյալների շտեմարանում երկրների վարկանիշային ցանկում Հայաստանն աստղագիտությամբ զբաղեցնում է 39-րդ տեղը, որն ամենաբարձրն է բոլոր բնագավառներում, այն դեպքում, երբ տնտեսական ցուցանիշներով Հայաստանը 130-րդն է։
  • ՀՀ ԳԱԱ համակարգում մեկ գիտնականին բաժին ընկնող արտասահմանում տպագրվող գրախոսվող հոդվածների քանակով Բյուրականի աստղադիտարանը ներկայումս 33 կազմակերպությունների մեջ զբաղեցնում է 2-րդ տեղը։
  • ԲԱ աստղագետները Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամից (ANSEF) տարեկան միջինում շահում են 2-3 դրամաշնորհ՝ յուրաքանչյուր խմբում ընդգրկելով 3-4 գիտաշխատող: 19 տարվա ընթացքում (2001-2019 թթ․) միայն ԲԱ-ից շահել են 42 դրամաշնորհ: Սա 8 անգամ բարձր է երկրի միջին ցուցանիշից։
  • ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 41 գիտաշխատողներից 4-ն ընդգրկված են Հայաստանի 100 արդյունավետ գիտաշխատողների ցանկում: Սա 4 անգամ բարձր է երկրի միջին ցուցանիշից։
  • Մեկ գիտաշխատողի հաշվարկով արտասահմանյան գործուղումների թվով (1.7) Բյուրականի աստղադիտարանը Հայաստանում զբաղեցնում է առաջին տեղը։ Ընդ որում, գործուղումների հիմնական մասը ֆինանսավորվում է արտասահմանյան աղբյուրներից։
  • Աստղադիտարանի աշխատակիցները պարբերաբար գիտական հոդվածներ են հրատարակում ամենաբարձր վարկանիշ ունեցող՝ Astronomical Journal (AJ), Astrophysical Journal (ApJ), Astronomy & Astrophysics (A&A), Monthly Notices of the Royal Astronomical Society (MNRAS) և այլ միջազգային ամսագրերում։
  • Հայաստանում հրատարակվող գիտական ամսագրերի մեջ ամենաբարձր ազդեցության գործակից (ԱԳ, Impact Factor) ունի «Աստղաֆիզիկա» հանդեսը, որի խմբագրական կոլեգիայի հիմքը (այդ թվում՝ գլխավոր խմբագիրը, տեղակալը և պատասխանատու քարտուղարը) կազմում են Բյուրականի աստղադիտարանի գիտնականները։
  • 2017 թ.-ից սկսած վերահրատարակվում է «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ» պարբերականը։
  • Վերջին 10 տարիների ընթացքում Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցների կողմից կամ հայ աստղագիտությանը նվիրված գրքեր են հրատարակել միջազգային այնպիսի հեղինակավոր հրատարակչություններ, ինչպիսիք են Cambridge University Press (CUP), Springer, Cambridge Scientific Publishers (CSP), Astronomical Society of the Pacific (ASP), ARACNE Editrice (Իտալիա), «Молодая гвардия» (ՌԴ):
  • Բյուրականի աստղադիտարանի գիտնականները արտասահմանյան կարևոր գիտական կենտրոններում (ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում և այլուր) պարբերաբար ներկայացնում են ամենաբարձր կարգավիճակ ունեցող հրավիրված սեմինարներ, գիտաժողովների պլենար և հրավիրված զեկուցումներ։
  • 2002-2005 թթ. թվայնացվել է աշխարհահռչակ աստղագետ Բենիամին Մարգարյանի շրջահայությունը, որի արդյունքում 20 միլիոն երկնային մարմինների սպեկտրային տվյալները ներկայումս պահպանվում են թե՛ լուսանկարչական թիթեղների վրա և թե՛ թվային տեսքով: Սա Հայաստանում բոլոր ոլորտներում առաջին թվայնացման նախագիծն է։
  • Վերջին 20 տարում Բյուրականի աստղադիտարանը կազմակերպել է Միջազգային աստղագիտական միության 3 պաշտոնական գիտաժողով, այն դեպքում, երբ նախորդ 3-ը տեղի էր ունեցել 50 տարում։
  • 2007թ-ին ՀՀ-ում է անցկացվել Եվրոպական աստղագիտական հերթական համագումարը՝ «Աստղագիտության և տիեզերագիտության եվրոպական շաբաթ»-ը, որը համարվում է Եվրոպայի աստղագետների տարվա գլխավոր իրադարձությունը և որպես կանոն անցկացվում է ամեն տարի եվրոպական երկրներից որևէ մեկում:
  • Աստղադիտարանն այսօր Հայաստանում միջճյուղային ու բազմաճյուղային գիտությունների զարգացման ամենաակտիվ կենտրոններից մեկն է․ այստեղ է 2014թ-ին անցկացվել «Աստղագիտության կապն այլ գիտությունների և մշակույթի հետ» միջճյուղային գիտաժողովը, 2017-2018 թթ․-ին բացվել են աստղաքիմիայի և աստղակենսաբանության, բարձր էներգիաների աստղաֆիզիկայի, ռելատիվիստական գրավիտացիայի, պատմամշակութային աստղագիտության նոր գիտահետազոտական բաժիններ։
  • 2006թ-ից ի վեր Բյուրականի աստղադիտարանի կողմից իրականացվող աստղագիտական միջազգային ամառային դպրոցը (Byurakan International Summer Schools – BISS) Միջազգային աստղագիտական միության կողմից ճանաչվել է աշխարհի 3 լավագույն միջազգային դպրոցներից մեկը:
  • 2020թ-ի մայիսին Հայաստանում է անցկացվելու Եվրոպական հեղինակավոր Astronomy & Astrophysics ամսագրի (ԱԳ = 5.565) տնօրենների խորհրդի նիստը: Հայաստանն այս ամսագրին անդամագրվել է 2017թ.-ին։
  • Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցների զգալի մասը հանդիսանում է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) և այլ հեղինակավոր գիտական կազմակերպությունների և միջազգային ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ, այդ թվում մի քանիսն ընդգրկված են այդ կազմակերպությունների գործադիր մարմիններում և միջազգային հանձնաժողովներում։
  • 2005թ.-ին ստեղծված Հայկական վիրտուալ աստղադիտարանը (ՀՎԱ, ArVO) Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (ՎԱՄԱ, IVOA) 21 ազգային նախագծերից մեկն է և տարածաշրջանում միակը:
  • 2011թ.-ին Մարգարյանի շրջահայությունն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի «Աշխարհի հիշողություն» փաստագրական արժեքների գրանցամատյանում։ Սա գիտության հազվագյուտ արժեք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր ցանկերում։
  • 2015թ.-ին Հայաստանը Միջազգային աստղագիտական միության որոշմամբ հռչակվել է Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոն (IAU SWCA ROAD), որը համակարգում է աստղագիտության զարգացումը մեր և հարևան երկրներում: Սա Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդման ամենալուրջ քայլերից մեկն է։

Բյուրականի աստղադիտարանը պարբերաբար թողարկում է մամուլի հաղորդագրություններ, որոնցում լուսաբանվում են աստղադիտարանի գիտական և այլ նորությունները։

Արեգ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ

https://www.facebook.com/photo.php?fbid=10216679812539145&set=a.1454063443006&type=3&theater

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031