Լրահոս
Օրվա լրահոսը

Նորք-Մարաշի զինված խմբի գործով մեղադրյալ Արա Պողոսյանը՝ Արմենական կուսակցության վերահիմնադրման նախաձեռնող

Մայիս 25,2019 14:09

Արմենական կուսակցության հիմնադիր համագումարը չկայացավ: Ավանդական Արմենական կուսակցության վերաբացման համար օրենսդրությամբ պահանջվող անհրաժեշտ հիմնադիր 100 պատվիրակների թիվը չլրացավ. ներկա էին 60-ը:

Արմենական կուսակցության նախաձեռնող խմբի համակարգող Արա Պողոսյանը, որը ըստ Aravot.am-ի՝ համացանցում կատարած փոքրիկ հետաքննության պարզվեց, որ Նորք-Մարաշի քրեական գործով մեղադրյալներից էր, հայտարարեց, որ այս օրը կօգտագործեն իրենց ծրագրային դրույթները ներկայացնելու համար: Նշենք, որ Արա Պողոսյանն ազատ է արձակվել 2018-ի սեպտեմբերի 17-ին: Նա մանրամասնեց. «Հուսով ենք` շուտով կկայանա Արմենական կուսակցության հիմնադիր համագումարը և այն կդառնա իրողություն հայաստանյան քաղաքական կյանքում»:

Արա Պողոսյանն ասաց, որ իր նախնիների մեջ կային արմենականներ, և փոքրուց մեծացել է արմենականների գաղափարախոսության մթնոլորտում: Ժամանակի ընթացքում տեսել են, որ կա անհրաժեշտություն ներքաղաքական և ազգային խնդիրների հետ կապված, որոշել են վերահիմնադրել Արմենական կուսակցությունը:

Aravot.am-ի հարցին՝ ո՞ր դաշտում են գործելու իշխանամե՞տ, թե՞ ընդդիմադիր, Արա Պողոսյանը պատասխանեց. «Այս պահին կուսակցությունը հանդիսանալու է ոչ որպես ընդդիմադիր. ոչ որպես իշխանամետ: Այսօր երկրում տիրում է իրավիճակ, որն անցումային է և այն տրանսֆորմացիայի է ենթարկվելու: Երբ մենք կտեսնենք՝ ինչ հստակ քաղաքական ուղեգիծ է որդեգրում իշխանությունը և քաղաքական պայքարի երկխոսություն ընդդիմությունը, ըստ այդմ՝ կկողմնորոշվենք՝ գաղափարական որ ոլորտում կգործենք: Մեր նպատակն է դառնալ կամուրջ հայության տարբեր հատվածների միջև և ամենաառաջնային խնդիրը հայկական հարցը»:

Արմենական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Ջնդոյանը, հիշեցնելով, որ գրեթե մեկ դար առաջ Արմենական կուսակցությունն էլ ուներ դժվարություններ, ծպտված էր հանդես գալիս, փաստեց՝ հիմա ևս ունեն խնդիրներ ու մանրամասնեց. «Այսօր կուսակցությունը դժվարությամբ իր վերահիմնադրման առաջին քայլերն է անում: Այսօր կարելի էր այս դահլիճը ոչ թե հարյուր, հազար, այլ երկու հազարով լցնել, բայց ցավոք այսօրվա իրականության մեջ մարդիկ նյութական շահ են փնտրում, մենք որևէ մեկին այդ նյութական շահը չենք տալու: Նույնիսկ այս համագումարի կազմակերպումը կատարվել է երիտասարդների նվիրատվությամբ, այն մարդկանցով, որոնք ոգևորվելով գաղափարից ցանկացել են իրենց մասնակցությունն ունենալ: Այս դժվարությունների փուլը, որ սկսվեց, վստահ եմ, կհաղթահարվի, և կկարողանանք մեր ներդրումն ունենալ մեր ժողովրդի և ազգի զարգացման համար: Լցված ենք վճռական փոփոխելու, և թիվ մեկ փոփոխելու հարցը մտածելակերպն է: Մյուս կողմից դժվար է գաղափարին հետևելը, երբ մարդ ունի սնվելու, հացի խնդիր»:

Միջոցառման ավարտից հետո անցկացվեց մոտոերթ դեպի Ծիծեռնակաբերդ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031