«Գնում ենք Արցախը Հայաստանին միացման նպատակով»,- «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնությամբ մայիսի 25-28-ին տեղի ունեցող դեպի Արցախ Միասնության ավտոերթի մասնակիցներն այսպես էին պատասխանում քաղաքացիների՝ իրենց ուղղված հարցին՝ ի՞նչ նպատակով է Արցախ ավտոերթը:
Նշենք, որ մայիսի 25-ի առավոտյան՝ Երևանի Հյուսիսային ավտոկայանից մեկնարկեց «Սասնա Ծռեր» կուսակցության համահայկական ավտոերթը: Ավտոերթով շարժվելու են նաև Արցախի տարածքում եւ հանդիպումներ ունենալու Արցախի վարչական շրջանների կենտրոններում: Ողջ երթուղին կազմում է 1100 կմ:
Նախաձեռնության կազմակերպիչների ձևակերպմամբ հիմնական նպատակներն են ցույց տալ, որ մեր ազգը միասնական է և Արցախը ճանաչում է որպես ՀՀ մարզ, խափանել Արցախը ՀՀ-ից հեռացնելու դավաճանական ընթացքը։
«Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Արեգ Կյուրեղյանը ավտոերթի մասին փոխանցեց հետևյալը. «Ավտոերթի ընթացքը շատ հաճելի է: Ողջունում ենք Արցախի մեր հայրենակիցներին: Գնում ենք հեղափոխությունը հասցնենք Արցախ: Մեր նպատակն է, որ Արցախն էլ չունենա նախագահ, ԱԺ նախագահ, այլ ունենա մարզպետ իր վարչակազմով, ինչպես ՀՀ բոլոր մարզերը»:
Կարդացեք նաև
Տեղեկացնենք՝ մայիսի 25-ին ավտոերթի մասնակիցները հանդիպումներ կունենան Մարտակերտում: Մայիսի 26-ին հանդիպումներ՝ Ասկերանում, Հադրութում, Տող-Մելիք Եգանի դղյակում, մայիսի 27-ին հանդիպումներ Ստեփանակերտում, Շուշիում և Բերձորում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ