Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում խնդրահարույց համարեց, այսպես ասած, «դրսից» հնչած արձագանքները: «Թեև արևմտյան կենտրոնները դատական բարեփոխումների առումով իրենց աջակցությունն են հայտնում, այնուամենայնիվ, գրեթե բոլոր ելույթներում դիվանագիտական կամ ոչ դիվանագիտական եզրույթներ կան, որոնցով կոչ են անում զերծ մնալ Սահմանադրությունը շրջանցելու փորձերից:
Այսօր Ն. Փաշինյանի դեմ չեն օգտագործում այդ հանգամանքը, բայց եթե վաղը կամ մյուս օրը դա պետք լինի, այն սեղանից կհանեն ու կասեն՝ «դու ասում ես՝ ժողովրդավարական իշխանություն ես, բայց դու չէի՞ր, որ, լինելով գործադիրի ղեկավար, շրջափակում էիր դատական իշխանությունը ու քո խմբակցության պատգամավորներին դրդում զբաղվել շրջափակմամբ: Պարզ է, որ վերոնշյալ գործիքակազմի շուրջ կոնսենսուս չկա: Էլ չեմ ասում այն մասին, որ բավականին վտանգավոր հայտարարություններ արվեցին Արցախի շուրջ, ինչը շատ զգայուն և շատ վտանգավոր թեմա է»,-ասաց նա՝ նկատի ունենալով Ն. Փաշինյանի հայտարարությունը՝ «նոր պատերազմ սկսելու և հողեր հանձնելու նպատակով դավադրության» վերաբերյալ:
«Երբ այն հնչեց որպես մերկապարանոց հայտարարություն, առանց որևէ թիրախների, միանգամից դիտարկվեց հակառակ ուղղությամբ: Այսինքն, թե՛ քաղաքական դաշտում, թե՛ երկրից դուրս միանգամից կասկածներ առաջացան: Չեմ բացառում, որ նաև հակառակորդի մոտ էլ ինչ-որ մտքեր առաջացան այն առումով, թե, գուցե, Փաշինյանը նախապատրաստում է իր նահանջը, հետքայլը՝ նախօրոք նշանակելով մեղավորներին:
Այդ կասկածների մասին գրվեց սոցցանցերում, հետո մամուլում, հետո արդեն քաղաքական կուսակցությունների կողմից: Արտասահմանյան մամուլում էլ արձագանքներ եղան առնվազն ակնարկների մակարդակով: Մեծ հաշվով, իր այդ հայտարարությունը քաղաքական նոր՝ շատ վտանգավոր, սուր օրակարգ ձևավորեց, և այն սրվելու մեծ պոտենցիալ ունի Հայաստանի երկու մասերում՝ թե՛ շուրջ 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա և թե՛ Արցախում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում