Նազենի Ղարիբյանը Ֆրանսիայի քաղաքացի է, եւ մշակույթի նախարարի պարտականությունները ստանձնելու իրավունք չունի:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը՝ անդրադառնալով վարչական դատարան ներկայացրած իր հայցին, որով պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019 թվականի հունվարի 14–ի ՀՀ վարչապետի որոշումը:
«Եթե օրենքով նա իրավունք չունի այդ պաշտոնը զբաղեցնելու, ուրեմն չունի նաեւ իմ ազատման հրամանը ստորագրելու իրավունք: Նա չէր կարող ինձ ո՛չ աշխատանքի վերցնել, ո՛չ էլ աշխատանքից ազատել, որովհետեւ բոլոր այն փաստաթղթերը, որոնք մենք ստացել ենք մշակույթի նախարարությունից եւ որոնց տակ Ղարիբյանն է ստորագրել, բոլորի տակ գրված է՝ ստորագրությունն իրավական ուժ չունի: Նախկինում՝ Մակունցի, Ամիրյանի ժամանակ այդպես չէր, գրված էր, որ ստորագրությունն իրավական ուժ ունի»,- ասաց Օրբելյանը՝ վստահեցնելով, որ Ղարիբյանն իրավունք չուներ մշակույթի նախարարի լիազորություններով առաջնորդվելու, քանի որ նա մշակույթի նախարար չէր:
Գեղարվեստական ղեկավարը նկատեց, որ խոսքը երկու՝ եւ՛ վարչական ե՛ւ քաղաքացիական հայցերի մասին է:
Կարդացեք նաև
«Վարչականի դեպքում էլ, Ղարիբյանը Ֆրանսիայի քաղաքացի է: Ես Փաշինյանին չեմ դատի տվել, այլ՝ ադմինիստրատիվ որոշումը: Վարչապետին սխալ ինֆորմացիա են տալիս եւ եթե նա գոնե մեկ անգամ լիներ թատրոնում այս 8 ամիսների ընթացքում ու մեկ ներկայացում նայեր, կտեսներ, թե մեր թատրոնն ինչպես է ծաղկում ու ինչ մակարդակի վրա է»,-ասաց Օրբելյանը՝ նկատելով, որ ՀՀ վարչապետն ու իր տիկինը՝ Աննա Հակոբյանը, դեռեւս ոչ մի անգամ Օպերային թատրոնի ներկայացումներին չեն գնացել:
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում