Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան․ Վեթթինգն իսկապես անհրաժեշտ է, բայց այն ևս ուշացած է․ «Փաստ»

Մայիս 25,2019 11:42

Թեև հայտարարված է դատական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության մասին, բայց այդ բարեփոխումներն իրականացնելու գործիքակազմը դեռ բացակայում է: Իրավիճակը հաճախ որակվում է գործընթաց՝ առանց գործիքակազմի, ինչին գումարվում են նաև դատական համակարգի վրա գործադրված ճնշումները:

Խոսելով իրավիճակի մասին՝ փաստաբան Գևորգ Գյոզալյանը նախ ընդգծում է, որ դատական համակարգի բարեփոխումների գործընթացը անհրաժեշտ էր դեռ վաղուց:

«Այո, գործընթացը բավականին ուշացած է, բայց դա չի նշանակում, որ պետք չէ: Իմ կարծիքով, այս գործընթացը պետք է սկսեին դեռ հեղափոխությունից մի քանի ամիս հետո: Այն քննարկումները, որոնք տեղի են ունենում Ազգային ժողովում, պետք է լինեին առնվազն մեկ տարի առաջ, ինչի արդյունքը համապատասխան օրենսդրական նախագիծը պետք է լիներ: Այն պետք է քննարկվեր հասարակության լայն շերտերի, շահագրգիռ կողմերի հետ, ինչի արդյունքում էլ պետք է ստեղծվեր այն մարմինը, որը վեթթինգ պետք է իրականացներ: Վեթթինգն իսկապես անհրաժեշտ է, բայց այն ևս ուշացած է: Այդուհանդերձ, վեթթինգի ինստիտուտի ներդրմամբ պետք է ընտրվեն այնպիսի բարձր հեղինակություն ունեցող անձինք, որ հասարակության մոտ կասկածի տեղիք չլինի: Եվ հենց այդ անձինք պետք է բոլոր գործերը վերանայեն: Կարող են ի հայտ գալ ծանրակշիռ փաստեր, օրենքի խախտմամբ նշանակված դատավորներ, ծանոթ-բարեկամ սկզբունք և այլն, և այլն: Բազմաթիվ չափանիշներ կարելի է դնել և, համաձայն այդ չափանիշների, դատավորներին առաջարկել ինքնակամ դիմում գրել կամ օրենսդրական երաշխիքների պահպանմամբ նրանց առնվազն հեռացնել համակարգից: Էլ չեմ խոսում այն մասին, որ եթե կան քրեաիրավական տարրեր, ենթարկել նաև քրեական պատասխանատվության: Բայց այդ ամբողջը պետք է արվի խստագույնս օրենսդրական երաշխիքների պահպանմամբ: Սա շատ կարևոր է, քանի որ եթե հիմա մենք բռնաբարեցինք իրավունքը, 30 տարի նորից նույն շրջապտույտի մեջ ենք մտնելու»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց Գ. Գյոզալյանը:

Փաստաբանը, սակայն, անցումային արդարադատության առումով վերապահումներ ունի: «Այն նյութերը, այն երկրների օրինակները, որոնք ուսումնասիրել եմ, թույլ են տալիս ասելու, որ հայկական իրականությունն այնպիսին չի եղել ու այնպիսին չէ, որ մենք անցումային արդարադատություն իրականացնենք: Հայաստանի Հանրապետությանն անցումային արդարադատություն անհրաժեշտ չէ: Մեր սերունդների միջև կապը այնպես խզված չի եղել, որ անցումային արդարադատության միջոցով վերականգնենք հավատը պետության նկատմամբ: Եթե դա չենք արել խորհրդային տարիներից դեպի նորանկախ Հայաստան անցման ժամանակ, ապա ես չեմ կարծում, որ դրա կարիքը հիմա կա: 30 տարում միանշանակ եղել են մարդու իրավունքների խախտումներ, եղել է իշխանության չարաշահում, բայց, համենայն դեպս, ուսումնասիրելով անցումային արդարադատության այլ երկրների փորձը, կտեսնենք, որ Հայաստանում չի եղել այն բռնապետական ռեժիմը, ինչը եղել է այնպիսի երկրներում, ինչպիսին Իրաքն է»,-ասաց նա:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031