Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն մարդ ազատ է սիրել կամ ատել Քոչարյանին, բայց Արցախի նախագահների հանդեպ ատելությո՞ւնը ի՛նչ էր․ «Ազգ»

Մայիս 25,2019 11:12

Իրավաբանությունից բավական հեռու եմ, սակայն այսպես կոչված անմեղության կանխավարկածը ինձ խորապես հասկանալի է: Այն ազդարարում է, թե որեւէ հանցանքի մեջ մեղադրվող կամ կասկածվող անձը համարվում է անպարտ, քանի դեռ նրա մեղքը դատարանի՝ արդեն ուժի մեջ մտած վճռով հաստատված չէ: Անմեղության կանխավարկածը ամբողջ աշխարհում ընդունված է, բայց Հայաստանում, ցավոք, ո՛չ: Մեզանում խիստ նկատելի են ամբոխային տրամադրությունների տրվելու, մինչեւ դատավճիռը այս կամ այն, մանավանդ՝ նախկին պաշտոնյաներին չափազանց ծանր հանցանքների մեջ մեղադրելու, փաստորեն համընդհանուր փսիխոզի երեւույթները:

Դիտարկենք 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործության համար դատական պատասխանատվության կանչված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրինակը: Կարելի էր այստեղ ավելացնել նաեւ Հայաստանի առաջին ու երրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին, որոնց հասցեին նույնպես զարհուրելի մեղադրանքներ են շրջանառվում: Եթե դատական անկողմնակալ քննությունը ապացուցի, որ Ռոբերտ Քոչարյանն իրո՛ք մեղավոր է այն հանցանքների մեջ, որոնք այսօր հասցեագրվում են իրեն, ապա միանգամայն արդարացի կլինի, որ կրի տվյալ հանցանքների համար օրենքով նախատեսված խստագույն պատիժները: Սակայն քանի դեռ օրենքով նախատեսված կարգով ուժի մեջ մտած դատավճիռ չկաՙ ոչ ոք ոչ մեկին իրավունք չի տվել ամենազազրելի հայհոյաբանությամբ բերան պատռել նրա վրա:

Հատկապես իրենք իրենց մտավորական համարող մարդկանց կուզենայի ուղղակի հարց տալ՝ չե՞ք ամաչում: Մի՞թե նոր իշխանավորների աչքը մտնելու համար արժի այդքա՜ն ստորանալ, այդքա՜ն իջնել քաղաքակրթական բարձունքներից: Ոչ մի պաշտոնյա, ով էլ լինի՝ հին, թե նոր, արժանի չէ քծնանքի այն ահռելի չափաբաժիններին, որ նրանց հասցեին արտավիժում են ոչ քիչ գարշահոտ երախներ: Մեզանում գտնվեցին նույնիսկ ոչնչություններ, ովքեր գայլային կաղկանձով հարձակվեցին Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի վրա: Հարգանք ցուցաբերելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ, նրանք անձամբ ժամանել էին դատարան՝ հավաստելու, որ երաշխավորում են, թե Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու դեպքում նա չի խուսափի դատական հետագա նիստերից: Չինաստանից վերադարձած վարչապետ Փաշինյանը եւս ընդգծեց, թե արցախցի գործիչների երաշխավորության մեջ արտառոց ոչինչ չի տեսնում:

Ամեն մարդ ազատ է սիրել կամ ատել Քոչարյանին, բայց Արցախի ներկա ու նախկին նախագահների հանդեպ ատելությո՞ւնը ի՛նչ էր: Նրանց հասցեին լեզվագարություններ թույլ տված անարժանների փոխարեն ե՛ս եմ ինձ պարտավորված զգում ներողություն խնդրելու Արցախի հարգարժան ղեկավարներից։

 

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031