Չգիտեմ ով, բայց վարչապետին զեկուցել են, թե Հայաստանում եւ Արցախում նախկին ռեժիմի մրուրային զանգվածներ կան, որոնք իրենց մթագնած ուղեղներում փայլեցրել են ազգադավ մի ծրագիր: Այն է՝ դավադիր պատերազմ հրահրել Ադրբեջանի հետ, որոշ հողեր հանձնել թշնամուն եւ հողատվության մեղքը բարդել Հայաստանի մաքրամաքուր իշխանության վրա, որը, ինչպես Լենին պապիկը, չի ուտում, չի քնում եւ գիշերուզօր հայ ժողովրդի մասին է մտածում: Իսկ մինչ այդ, ըստ վարչապետի տվյալների, նույն այդ արյունռուշտները լարվածություն են սերմանում Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների միջեւ, ուշադրություն՝ ժողովուրդների- վարչապետն այդպես ասաց- ինչից եզրակացնում ենք, որ ըստ վարչապետի՝ ժողովուրդը հոգնակի է, նկատի ունեմ՝ Հայաստանի եւ Արցախի:
Չգիտեմ նաեւ, թե արդյո՞ք այն մարդը, որը վարչապետին նման բաներ է զեկուցել, տվե՞լ է արդյոք Փաշինյանին այդ մարդկանց անունները: Ամեն դեպքում Փաշինյանը որեւէ անուն չհնչեցրեց: Իսկ դա կարեւոր է, քանի որ Հայաստանի վարչապետը, մայիսի 20-ին հաղորդում է տվել պետական դավաճանության մասին, փաստորեն, առանց ասելու, թե դավաճանները կոնկրետ ովքեր են: Օրինակ, Արցախի նախագահը հայտարարել է, որ ինքը Արցախում նման ուժեր չի ճանաչում, իսկ եթե Արցախի նախագահը հայկական երկրորդ պետությունում նման ուժեր չի ճանաչում, ուրեմն Արցախում նման ուժեր չկան:
Ավելին, Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ նոր Հայաստանում դավաճանական գործողություններ հնարավոր չէ անել: Եւ ուրեմն՝ ես ուզում եմ նայել այն մարդու աչքերին, որը Հայաստանի վարչապետին զեկուցել է մի բան, ինչի մասին Արցախի նախագահը տեղյակ չէ, Հայաստանի պաշտպանության նախարարն էլ բացառում է:
Չեմ բացառում, որ նույն այդ խորհրդական-օգնականն է Փաշինյանին հուշել, որ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդի մասին խոսելիս անպայման պետք է ժողովուրդ բառը հոգնակիացնել: Դե այսինքն Հայաստանն իր ժողովուրդն ունի, Արցախը՝ իր, ուշադրություն՝ պետությունը չէ, նախագահը չէ, ժողովո՛ւրդը: Սա նշանակում է, որ երբ հանդիպեն, օրինակ՝ Արարատի եւ Վայոց Ձորի մարզպետները, Վայոց Ձորի մարզպետը կարող է հայտարարել, որ ինքը բացառում է որեւէ լարում Վայոց Ձորի եւ Արարատի եղբայրական ժողովուրդների միջեւ: Հետո գործը կհասնի Երեւանի վարչական շրջաններին, երբ դրանց ղեկավարները, ենթադրենք՝ Մալաթիա-Սեբաստիայի ժողովրդի անունից եղբայրական ողջույն կհղեն Արաբկիրի ժողովրդին, օրինակ՝ ամռան շոգը համատեղ ջանքերով դիմակայելու համար:
Կարդացեք նաև
Հովիկ ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում