Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թույլ տվեք փակագծերը չբացել»

Մայիս 25,2019 10:35

Հարցազրույց դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ:

-Մաեստրո, «Առավոտի» տեղեկություններով, վերջերս Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի, որի գլխավոր դիրիժորն եք արդեն յոթ տարի, եւ մեր թատրոնի մեներգիչներ՝ բարիտոն Գեւորգ Հակոբյանի եւ տենոր Հովհաննես Այվազյանի հետ իրականացրել եք ձայնագրություններ: Կուզեինք իմանալ՝ կոնկրետ ի՞նչ նպատակով:

-Ձայնագրել ենք արիաներ ինչպես հայկական, այնպես էլ արեւմտաեվրոպական օպերաներից: Սա ծավալուն աշխատանք էր, քանի որ նպատակը CD թողարկելն էր յուրաքանչյուրի համար առանձին: Դրանք պատրաստ կլինեն շուրջ վեց ամիս հետո:

-Կնշե՞ք, հայկական ի՞նչ արիաներ են ընդգրկված:

-Մեր թատրոնի խաղացանկում տեղ գտած օպերաներից են՝ հայկական առաջին ազգային Տիգրանյանի «Անուշ» օպերայից, պատմահայրենասիրական «Դավիթ-Բեկից», Չուխաջյանի հայկական ազգային դասական առաջին «Արշակ Երկրորդից», Հարությունյանի քնարական-դրամատիկական, մեծ աշուղի մի քանի երգեր ներառած «Սայաթ-Նովայից», որոնցում մշտապես փայլում են Գեւորգն ու Հովհաննեսը: Ի դեպ, Կաունասում, նվագախմբի ընկերակցությամբ հանդես եկանք նաեւ ընդարձակ համերգային ծրագրով:

-Ինչո՞ւ ձայնագրությունները չիրականացրիք Երեւանում:

-Արդեն 13 տարի է, ինչ համագործակցում եմ Կաունասի նվագախմբի հետ: Այս կոլեկտիվի հետ իրականացրած ձայնագրություններս՝ տարբեր տարիների, առաջինը 2015թ. աշխարհահռչակ օպերային երգիչ Լաուրենս Բրաունլիի մասնակցությամբ (արիաներ Ռոսինիի օպերաներից), հետագայում Դմիտրի Խվորոստովսկու տարբեր կատարումներով (Վերդիի «Ռիգոլետո» օպերան եւ Սվիրիդով՝ «Հեռացող Ռուսաստան») տեղ են գտել «Գրեմիի» անվանակարգերում:

-Վերջին շրջանում թատրոնում օպերաների պրեմիերաները գերակշռում են բալետայիններին:

-Դա, բնականաբար, միտումնավոր չի արվում: Իսկապես մեկը մյուսի հետեւից կայացան Մասսնեի «Մանոն», Բիզեի «Կարմեն», Մոցարտի «Կախարդական սրինգ», Վերդիի «Աթթիլա» (համերգային կատարում) օպերաների պրեմիերաները: Կայացավ նաեւ Խաչատուրյանի «Չիպոլինո» բալետի պրեմիերան (խորեոգրաֆ Հենրիխ Մայորով) : Մտադրված եմ Երեւան հրավիրել անվանի խորեոգրաֆ Վադիմ Կասպարովին, որը մշտապես համագործակցում է աշխարհահռչակ Բորիս Էյֆմանի հետ: Ցանկություն ունեմ նրան ծանոթացնել մեր բալետային խմբի, խաղացանկային ներկայացումների հետ: Արդյունքում, համոզված եմ, որ … թույլ տվեք փակագծերը չբացել… Ծրագրել ենք մինչեւ տարեվերջ ներկայացնել բալետային երկու՝ Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա դղյակ» եւ Վաչե Շարաֆյանի «Հին Աստվածներ» պրեմիերաները: Ի դեպ, «Բյուրեղապակյա դղյակը» անցյալ տարի ներկայացվեց հայաստանյան հանդիսատեսին Ալեքսանդր Սոմովի խորեոգրաֆիայով՝ մասնակցությամբ համաշխարհային բալետի աստղ Իվան Վասիլեւի, ճանաչված արտիստներ Մարիա Վինոգրադովայի, Մեծ թատրոնի դեմքեր՝ պրիմա պարուհի Մարիա Ալլաշի, օպերային երգչուհի Աննա Ագլատովայի, դերասանուհի Մարիա Գոլուբկինայի: Հիմա թե՛ «Բյուրեղապակյա դղյակը», թե՛ «Հին Աստվածները» կիրականացվի թատրոնի բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի խորեոգրաֆիայով:

-Մեզ հետ զրույցում «Հին Աստվածների» հեղինակը՝ Վաչե Շարաֆյանն ասաց, որ Երեւանի օպերային թատրոնում այդ ներկայացումը «գլուխ բերելու» համար ԱՄՆ-ում սկսվել ու շարունակվում է հանգանակություն: Իսկ «Բյուրեղապակյա դղյակը» հովանավոր ունի՞:

-Այս անգամ որոշեցի հետեւել Վաչե Շարաֆյանի օրինակին: Իմ դեպքում դա Կոնստանտին Իշխանովի ղեկավարած «Մշակույթի աջակցության Եվրոպական ֆոնդն» է:

-Տեր կանգնեցիք ձեր հայտարարությանը, որ կդիմեք դատարան՝ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում վերականգնվելու համար ու դիմել եք:

-Այո՛: Դատական հայց եմ ներկայացրել ընդդեմ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի: Պահանջում եմ անվավեր ճանաչել իմ՝ որպես օպերային թատրոնի տնօրենի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը: Կարծեմ ես ինքս ինձ չեմ նշանակել թատրոնի տնօրեն: Թող որոշումը դատարանը կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա:

 

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

25.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031