«Ադրբեջանում, որքանով ես եմ հասկանում, տպավորություն ունեն, որ ԱՄՆ կողմից Իրանի դեմ ուժի կիրառումը հնարավորություն կստեղծի իրացնելու իրենց տարածաշրջանային հավակնությունները: Դա վտանգավոր միտում է: Պետք է հույս պահել, որ ԱՄՆ-ը չի ընդառաջի Բաքվի էքսպանսիոնիզմին»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:
– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ կան ուժեր, որոնք կոռուպցիոն տարբերակով ձեռքբերված իրենց կարողությունները պահպանելու համար խժդժություններ են հրահրում, պատրաստ են անգամ «դավադիր պատերազմի»: Մինչ այդ, Եռատոնի օրերին, Արցախից վերադառնալուց հետո, Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել, որ եթե կան ուժեր, որոնք ցանկանում են Արցախը հակահեղափոխության հարթակի վերածել, ապա Արցախի ժողովուրդը այն հեղափոխության հարթակի կվերածի: Օրերս էլ մամուլում հրապարակումներ եղան, որ ղարաբաղյան գեներալներն ու հայաստանյան օլիգարխներն են հավաքվել` ՊԲ նախկին փոխնախարար Սամվել Օգանովսկու նախաձեռնությամբ եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու մասին քննարկումներ են արել: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին, նման վտանգներն իրակա՞ն են:
– Շատ կուզենայի ասել` թող վարչապետ Փաշինյանը նման մտահոգություն չունենա, կցանկանայի, որ մամուլի հրապարակումը հերքվեր: Բայց ունենք այն, ինչ ունենք: Եթե վարչապետ Փաշինյանը նման ծանր եւ շատ պատասխանատու հայտարարություն է անում, ուրեմն որոշակի տեղեկատվության տիրապետում է: Դա խիստ մտահոգիչ է: Արցախում կան լուրջ քաղաքական ուժեր, ես նկատի ունեմ ամենից առաջ «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որ հանրային ամենամեծ աջակցությունն ունի` ինչպես ցույց են տալիս նրա առաջնորդ, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հանդիպումները, որ հայտարարել են վարչապետ Փաշինյանին անվերապահ աջակցելու մասին: Կարծում եմ, մոտ ժամանակներս Արցախում ականատես կլինենք այս դիսկուրսի հետագա ծավալմանը եւ լայն կոնսոլիդացիայի:
– Շատ քննարկվեց Արցախի նախագահների անձնական երաշխավորությունը, դատարան ներկայանալը` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու առիթով: Դա անգամ Հայաստանի ներքին գործերին խառնվել որակվեց: Դուք ի՞նչ եք մտածում:
Կարդացեք նաև
– Արցախի գործող եւ երկրորդ նախագահները, համոզված եմ, արդարադատությանը խոչընդոտելու կամ Ռոբերտ Քոչարյանի ճակատագիրը կանխորոշելու նպատակ չեն հետապնդել: Նրանք ընդամենը երաշխավորել են, որ ազատության մեջ գտնվելով` Քոչարյանը պատշաճ վարք կդրսեւորի: Դա մարդասիրական քայլ էր, չարժե քաղաքական ենթադրություններ անել: Սա իմ անձնական համոզմունքն է:
– Իսկ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի կասեցումը եւ ՍԴ ուղարկելը ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ իրավիճակ ենք մտնում, մանավանդ, որ դրան հետեւեցին ՀՀ վարչապետի հայտնի կոչը` դատարանների ելքերն ու մուտքերը փակելու, ապա անցումային արդարադատության եւ վեթթինգի անհապաղ անհրաժեշտության մասին հայտարարությունը:
– Չէի ցանկանա գնահատական տալ ներհայաստանյան զարգացումներին: Միայն մի դիտարկում` որքան էլ խոսենք դատական իշխանության անկախության մասին, որոշում ընդունող դատավորը պարտավոր է հաշվի նստել հանրային տրամադրությունների հետ: Այս դեպքում, երեւում է, դատավորն առաջնորդվել է այլ մղումներով: Ըստ երեւույթին, արդարացված է այն մոտեցումը, որ դատական իշխանությունն արմատապես պետք է բարեփոխվի:
– Ադրբեջանը հերթական լայնածավալ զորավարժություններն է անցկացնում` վերջին շատ կարճ ժամանակահատվածում: Սա անհանգստացնո՞ղ է:
– Ադրբեջանի հերթական լայնածավալ զորավարժությունը, կարծում եմ, պայմանավորված է ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական դիմակայությամբ, այլեւ աշխարհաքաղաքական որոշակի զարգացումներով: Բաքուն, թվում է, ուժի ցուցադրություն է կազմակերպում` իր վրա հրավիրելու արտաքին ուժերի, կոնկրետ` Իրանի դեմ կոշտ դիմակայության մեջ մտած ԱՄՆ-ի ուշադրությունը եւ պատրաստակամություն է հայտնում մաս կազմելու հակաիրանական կոալիցիային: Ադրբեջանում, որքանով ես եմ հասկանում, տպավորություն ունեն, որ ԱՄՆ կողմից Իրանի դեմ ուժի կիրառումը հնարավորություն կստեղծի իրացնելու իրենց տարածաշրջանային հավակնությունները: Դա վտանգավոր միտում է: Պետք է հույս պահել, որ ԱՄՆ-ը չի ընդառաջի Բաքվի էքսպանսիոնիզմին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.05.2019