Լրահոս
Օրվա լրահոսը

Համալսարանը պետք է անկախ լինի

Մայիս 25,2019 10:00

Կարդում եմ 20-րդ դարի շվեյցարացի աստվածաբան Հանս Քյունգի գրքերից մեկը: Հեղինակն իրեն կաթոլիկ է համարում, սակայն իր կրոնի արմատական բարեփոխման եւ քրիստոնեական այլ դավանանքների հետ մերձեցման կողմնակից է: Այդ հողի վրա նա մշտական գաղափարական կոնֆլիկտի մեջ էր Վատիկանի հետ, որն, ի վերջո, հայտարարեց, որ Քյունգն իրավունք չունի հանդես գալու որպես կաթոլիկ աստվածաբան:

Բայց Տյուբինգենի համալսարանին, որտեղ նա աշխատում էր, այդ խնդիրը բացարձակապես չհուզեց, եւ Քյունգը երկար ժամանակ շարունակում էր ղեկավարել էկումենիկ աստվածաբանության ամբիոնը եւ էկումենիկ հետազոտությունների ինստիտուտը: Տյուբինգենի համալսարանը, որը հիմնվել է 1477 թվականին, դարերի ընթացքում ազատ մտքի դարբնոց էր, եւ հոգեւոր, ապա աշխարհիկ իշխանությունները հասկանում էին, որ դա անհրաժեշտ է եւ օգտակար պետության համար:

Երեւանի պետական համալսարանն այդքան հին չէ՝ ընդամենը 100 տարեկան է: Բայց դա, մեղմ ասած, միակ բանը չէ, որով մեր համալսարանը տարբերվում է Տյուբինգենից: Ինչպես եւ ցանկացած այլ հետխորհրդային բուհում, այստեղ աքսիոմ է, որ բուհի ղեկավարությունը պետք է լավ հարաբերություններ ունենա օրվա իշխանության հետ: Տրամաբանությունը հետեւյալն է. բա մենք (իշխանությունների համար «մենք»-ը պետությունն է) փող ենք տալիս, բա, իհարկե, մեր հետ պիտի լավ լինեն: Վերջին տասնամյակում այդ տրամաբանությունը ձեռք էր բերել «ուսխորհրդական», «բազեյական», «ՀՀԿ-ական» տգեղ ձեւեր, երբ պետության առաջին դեմքը եւ իշխող կուսակցության ղեկավարը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր:

Բայց ընդհանուր առմամբ այս եւ մնացած բուհերի «գաղափարախոսությունն» է սխալ. համալսարանը ոչ մի հարաբերություն չպիտի ունենա իշխանության հետ, այն պիտի լինի կատարելապես անկախ, եւ ավելին՝ զարգացնի քննադատական, ազատական միտքը, ինչպես որ դա դարերի ընթացքում անում էին Տյուբինգենը, Հայդելբերգը, Ֆրայբուրգը:

Արդյո՞ք այդ ճանապարհով է գնալու Երեւանի պետական համալսարանը: Առայժմ կասկածում եմ: Առայժմ այլ բնագավառներում «տեղաշարժերն» ինձ հուշում են, որ ՀՀԿ-ական ռեկտորին կփոխարինի «Իմքայլական» ռեկտորը (բնականաբար, չհայտարարելով իր «հովանավորների» եւ քաղաքական նախասիրությունների մասին), իսկ ՀՀԿ-ական ուսխորհուրդներին կփոխարինեն «ռեսթարթական» ուսխորհուրդները՝ «մենք պայքարել ենք, մենք էլ պիտի իշխենք» տրամաբանությամբ:

Համալսարանը պետք է անկախ լինի քաղաքականությունից, իշխանությունից, ընդդիմությունից, եւ անգամ… հեղափոխությունից: Այնպես չլինի, որ առաջ պատմաբանները եւ փիլիսոփաները կենտրոնանում էին նժդեհագիտության վրա, իսկ այժմ իրենց ուսումնասիրության հիմնական նյութը կսարքեն 2018 թվականի հեղափոխության «համաշխարհային նշանակությունը»:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Ինձ կը թուի որ մի փոքր կանուխ է նման ՛՛ յանդուգն ՛՛ տեսակէտ ընդունիլը մեզի համար – քանի վարժ չենք ընկալելու ՛՛կատարեալ անկախութեան ՛՛ սկզբունքը ,որքան ալ տրամաբանական և ուղիղ թուի – 100 տարին պէտք էր բաւարար ըլլալ ; կը յիշեմ թէ որքան տարօրինակ թուեցաւ ինծի երբ առաջին իսկ տարիէն իմ յառաջադէմ նկատուած աստուածաբանական համալսարանիս մէջ իրարու կը յաջորդէին ոչ ուղղափար կարծիքներ արտայայտող դասախօսներ և ըստ տնօրէնութեան պէտք էինք լսել զանազան
    կարծիքներ ձեւաւորելու համար մերինը .Ներկայիս որևէ դժուարութիւն չունիմ ոչ ալ կը խանգարուիմ կարծիքներու զանազանութիւններէն – քանի որ ինծի տրուած է ընտրութեան ամենայն ազատութիւն ; Մէկ խօսքով լիովին համաձայն եմ ձեր առաջարկած տեսակէտին ;

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031