Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանի ընտրությունները բացասական ազդեցություն կունենա՞ն ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման վրա

Մայիս 25,2019 13:30

Ըստ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանի՝ ամենակարեւորն այն է, որ Երեւանը եւ Բրյուսելը լի են վճռականությամբ խորացնելու հարաբերությունները եւ ամեն ինչ անում են, որ այդ համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ վավերացվի ԵՄ անդամ երկրների կողմից:

Մայիսի 23-ին Եվրոպայի մի շարք երկրներում մեկնարկեցին Եվրախորհրդարանի ընտրությունները: Ընդհանուր առմամբ 2019 թվականի եվրոպական ընտրություններին կմասնակցեն 28 երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները, որը չի համաձայնեցրել Եվրամիությունից իր դուրս գալու գործընթացը: Եվրամիության երկրներում կա 426 միլիոն ընտրող, որոնք իրավունք ունեն մասնակցելու այդ ընտրություններին:

Հայաստանում մտահոգություններ կան, որ այս ընտրությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի վրա, քանի որ Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ, որոնց հետ հայ դիվանագետներն ու պատգամավորներն արդեն պայմանավորվածություններ ունեին, որ համաձայնագրի ընդունման հարցը նրանց շնորհիվ կընդգրկվի իրենց երկրների խորհրդարանների օրակարգում, հնարավոր է՝ պատգամավոր չընտրվեն:

«Առավոտը» Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է կարծում Եվրախորհրդարանի ընտրությունները պատճառ չե՞ն դառնա, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը դանդաղի: Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ Եվրախորհրդարանի ընտրությունները տեւելու են 4 օր՝ մայիսի 23-ից 26-ը, եւ չեմ կարծում, որ այդ գործընթացը մեծ ազդեցություն կունենա Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման վրա: Տեսականորեն խնդիրներ կարող են առաջանալ, եթե եվրասկեպտիկները հաղթեն այդ ընտրություններում, բայց, իմ խորին համոզմամբ, դա նրանց չի հաջողվի»:

Մեր մյուս հարցին՝ արդյոք Հայաստանն ունի՞ անելիք գործընթացն արագացնելու ուղղությամբ: Փորձագետը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, կարծում եմ, Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումն ընթանում է նորմալ հունով եւ եթե նորմալ աշխատանք տարվի մինչեւ տարեվերջ կամ հաջորդ տարվա սկիզբ, Եվրամիության անդամ բոլոր երկրներն արդեն վավերացրած կլինեն համաձայնագիրը: Մինչ այժմ այդ համաձայնագիրը վավերացրել է Եվրամիության անդամ 12 երկիր: Շատ կարեւոր է այն, որ այդ վավերացնողներից երկուսը՝ Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան ԵՄ առաջատար եռյակի՝ «եվրաեռյակի» երկրներ են: Մինչեւ ամառ համաձայնագիրը կվավերացնի նաեւ ԵՄ մյուս առանցքային երկիրը՝ Ֆրանսիան: Պետք է հաշվի առնել նաեւ, որ տարբեր երկրներում վավերացման այդ ընթացակարգերը տարբերվում են: Երկրներ կան, որ դա հեշտ է արվում, իսկ կան նաեւ երկրներ, որ այդ գործընթացը երկար է տեւում»:

Արմեն Վարդանյանին հիշեցրինք՝ ՀՀ ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը քննադատողները կարծում են, որ համաձայնագրի վավերացման գործընթացը դանդաղում է օբյեկտիվ պատճառներից բացի կառավարության, ԱԺ-ի թերացումների պատճառով. ՀՀ խորհրդարանը դադաղ է աշխատում: Օրինակ՝ բարեկամական խմբերն ուշ ձեւավորվեցին, նրանց ղեկավարներն այնքան լավ չեն աշխատում, որ եվրոպացի գործընկերներին խնդրեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցն արագ բերել օրակարգ: Մեր հարցին՝ համամի՞տ եք այս պնդումներին, փորձագետը պատասխանեց. «Ես չեմ կիսում այդ տեսակետը, քանի որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմամբ ավելի շատ զբաղվում է մեր երկրի ԱԳՆ-ն, արտերկրում գործող մեր դեսպանատները, քան Ազգային ժողովում գործող բարեկամական խմբերը: Մանավանդ, որ համաձայնագիրը չվավերացրած երկրների մեծ մասի խորհրդարանների հետ չունենք բարեկամական խմբեր: Իհարկե, պետք չէ թերագնահատել նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը, բայց այդ գործընթացում ավելի մեծ հնարավորություններ եւ դերակատարություն ունի մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը, քան ԱԺ-ն»:

Հետաքրքրվեցինք՝ ներկայիս զարգացումներն ի՞նչ են ցույց տալիս. արդյոք մինչեւ տարեվերջ ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից համաձայնագիրը կվավերացվի՞, իսկ եթե ոչ, ապա հաջորդ տարվա առաջին մի քանի ամիսների ընթացքում կլինի՞ ամբողջական վավերացում: Արմեն Վարդանյանը հիշեցրեց վերջերս Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հայտարարությունը, որ վավերացման գործընթացն ընթանում է իր սովորական հունով եւ հավելեց. «Բացի այդ այս պահին, եթե չեմ սխալվում, արդեն իսկ գործում է Համաձայնագրի դրույթների շուրջ 80 տոկոսը: Օրերս էլ հայտարարվեց, որ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի ճանապարհային քարտեզը կհաստատվի հունիսին: Այնպես որ, կարծում եմ, խուճապի մատնվելու կարիք չկա»:

Ամփոփելով Արմեն Վարդանյանը նշեց՝ ամենակարեւորն այն է, որ Երեւանը եւ Բրյուսելը լի են վճռականությամբ խորացնելու հարաբերությունները եւ ամեն ինչ անում են, որ այդ համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ վավերացվի ԵՄ անդամ երկրների կողմից:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

24.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031