Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր թատրոնը հրաժարվել է ռեժիսորի հաստիքից

Մայիս 25,2019 13:00

Սունդուկյանի թատրոնի իրավաբան. «Սերիալում ես էլ եմ խաղում, բայց դերասան չեմ»

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Դավիթաշեն-Աջափնյակի նստավայրում երեկ շարունակվեց Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի նախկին ռեժիսոր, 2012-2015թթ. գլխավոր ռեժիսոր, բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանի հայցի հիման վրա նախնական դատական նիստը: Նրան աշխատանքից ազատել են անցյալ տարվա դեկտեմբերի 27-ի հրամանով, իսկ ծանուցագիրն այդ մասին ստացվել է հաջորդ օրը՝ դեկտեմբերի 28-ին: Նա պահանջում է վերականգնել իրեն նախկին աշխատանքում, վճարել հարկադիր պարապուրդի համար:

Պատասխանող կողմի ներկայացուցիչը՝ Արմինե Մելքումյանը, առարկեց հայցի դեմ, նաեւ հայտնեց, որ թատրոնը ռեժիսորի հաստիք չունի:

Նա դատարան ներկայացրեց Սունդուկյան թատրոնի մասին պատմագրական մի գիրք, որտեղ դատավոր Շահնազարյանը նկատեց, թե գիրքը 1983 թվականից Մայր թատրոնում բեմադրած ներկայացումների մասին է: Նշեմ, որ Մայր թատրոնի ցուցանակներից Տիգրան Գասպարյանի անունը չի իջել երեսուն եւ ավելի տարիներ: Նրա անվան հետ են կապվում մի շարք ներկայացումներ. Պերճ Զեյթունցյան՝ «Ոտքի, դատարանն է գալիս», Ալբեր Քամյու՝ «Կալիգուլա», Ֆեոդոր Դոստոեւսկի՝ «Ոճիր եւ պատիժ», Վարդան Պետրոսյան՝ «Կրակի մեջ», Շեքսպիր՝ «Ջոն արքա», Իոնեսկո՝ «Ռնգեղջյուր»:

Իսկ թե ինչու էր պատասխանող կողմը ներկայացրել, պարզվեց. հայցվոր կողմն ասել էր, թե բեմադրել է 11 ներկայացում, իսկ այդ գրքում խոսքը 8 ներկայացման մասին էր: Դատարանը մինչ ապացուցման բեռը կդներ կողմերի վրա, հստակեցրեց, թե արդյոք հայցվորը հաշտության առաջարկ լինելու դեպքում ինչպես է պատկերացնում այն, հայցվորի ներկայացուցիչն ասաց, թե կհրաժարվեն հարկադիր պարապուրդի գումարից, եթե վերականգնվի Տիգրան Գասպարյանի կամ ռեժիսորի, կամ բեմի առաջատար վարպետի հաստիքը:

Պարզվեց՝ քսան անձ բեմի առաջատար վարպետներ են, եւ եթե նախորդ դատական նիստի ժամանակ սունդուկյանցիների ներկայացուցիչն ասել էր, թե մեկ տեղ կա ազատ, ապա երեկ ասաց, թե հաջորդ նիստին կներկայացնի փաստաթուղթ, ըստ որի՝ թափուր տեղ չկա:

Տիգրան Գասպարյանն ասել էր նաեւ, որ եղել է դերասան, ինչի կապակցությամբ պատասխանողը հարցրեց՝ որտե՞ղ է խաղացել, ե՞րբ, իսկ երբ հետեւեց, որ մեկ տարի խաղացել է, նաեւ սերիալում էլ, իրավաբան ներկայացուցիչն ասաց. «Ես էլ եմ սերիալում խաղում, բայց հո դերասան չե՞մ»: Սակայն հայցվոր կողմը տասնյակ անուններ նշեց, որտեղ բազմաթիվ կոչումներով դերասաններ ներգրավված են սերիալներում, հարցնելով՝ ի՞նչ են անում:

Թատրոնի ներկայացուցիչը նաեւ ասաց, թե Տիգրան Գասպարյանի հաստիքը կրճատել են, նա բարձր աշխատավարձ էր ստանում, եւ իրենք դրանցով «աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխություն են կատարել»:

Ի դեպ, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ թատրոնի տնօրեն Վ. Մկրտչյանը նախկին նախարար Ա. Ամիրյանին ասել է, որ թատրոնին հաստիքային բեմադրիչ պետք չէ եւ որ Ա. Ամիրյանը ներքին պայմանավորվածություն է ունեցել: Տ. Գասպարյանը ժողով կազմակերպելու պահանջով մի քանի անգամ դիմել է դերասան Ա. Մարությանին, որը նաեւ թատրոնի արհմիութենական կազմակերպության տնօրենն է, սակայն ժողով այդպես էլ չի հրավիրվել:

Ապացուցման բեռը դատարանը դրեց Մայր թատրոնի վրա. գործատուն պետք է ապացուցի, որ չի ունեցել այլ հնարավորություն՝ նրան մասնագիտական, առողջականին մոտ աշխատանք առաջարկելու համար:
Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 31-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

24.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031