Լրահոս
Օրվա լրահոսը

Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի

Մայիս 25,2019 12:30

Նորաստեղծ որեւէ մշակութային կոլեկտիվի, ինչպես նաեւ կատարողական արվեստում առաջին քայլերն անող երաժիշտների մասին մասնագետները, այս դեպքում՝ երաժշտագետները, զգուշորեն են կարծիք հայտնում, մեծամասամբ էլ հրաժարվում են: Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Զառա Տեր-Ղազարյանն առաջիններից էր, եթե ոչ առաջինը, որ 1992-ին պետական կարգավիճակ չունեցող «Հովեր» կամերային երգչախմբի առաջին բեմելներից հետո բարձրաձայնեց. «Բարձր ճաշակ, ներդաշնակ անսամբլ, ազնիվ հնչեղություն… Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած այս երգչախմբին սպասվում է համաշխարհային ճանաչում…»:

Օրերս Կամերային երաժշտության տանը «Հովերը» եւ վերջինիս «Լե» իգական կազմը (խմբավարներ՝ Սոնա Հովհաննիսյան, Նարինե Ոսկանյան) հանդես եկան ընդգրկուն ծրագրով՝ սկսած 16-րդ դ. մինչեւ ֆիննական, դանիական, կանադական ու հայ խմբերգային երաժշտությամբ: Երեկոն նվիրված էր կյանքից վաղաժամ հեռացած (2013թ.) Զառա Տեր-Ղազարյանի հիշատակին:

Հուշ-երեկոյի ավարտին «Առավոտի» հետ զրույցում երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Օլյա Նուրիջանյանն ասաց. «Զառա Հայկովնան եւ Սոնա Հովհաննիսյանը հարազատ են իրենց արժեհամակարգով ու աշխարհընկալմամբ՝ յուրաքանչյուրն իր ինքնատիպ գեղագիտական կեցվածքով, դինամիկ ու ժամանակակից բնույթով, երաժշտության նկատմամբ ակտիվ ու նվիրյալ վերաբերմունքով: Կոնսերվատորիայի ռեկտոր տիկին Հովհաննիսյանը գոնե ինձ քանիցս ասել է, որ իր հոգու պարտքն է համարում երաժշտական նվիրումով հարգել ու մեծարել Զառա Հայկովնային:

Ռուդոլֆ Խաչատրյան. «Զառա Տեր-Ղազարյան»

Նման երեկոների անձամբ ես հաճախ չեմ լինում: Այսօր հնչեց խմբերգային լիակատար համայնապատկեր՝ ժամանակային ու աշխարհագրական այնպիսի ընդգրկումով, ինչպիսին շուրջ 40 տարի կոնսերվատորիայում եւ 10 տարի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում երաժշտության պատմության դասընթացն էր Զառա Տեր-Ղազարյանի ինքնատիպ, անկրկնելի մեկնաբանմամբ»: Մեր զրուցակիցը մանրամասնելով էլ հայտնեց. «Այս համերգային ծրագրի յուրաքանչյուր համար կարծես նույնացվում էր Զառա Հայկովնայի անձի ու ստեղծագործական դիմանկարի հետ: Թող փիլիսոփայություն չթվա, երեկոյին «ներկա» էին երաժշտագետի համար պաշտելի բնության կախարդանքը, հայ կոմպոզիտորական արվեստի դասական ու նորագույն խոսքի ինքնատիպությունն ու արդի համաշխարհային խմբերգային գրականության որոնումները: Օրինակ՝ հնչած Պենդերեցկու երկերի ներառումը ամբողջությամբ արտացոլվում է Զառա Հայկովնայի հեղինակած «Արեւմտաեվրոպական երաժշտության պատմություն» գրքի հետեւյալ մեջբերման հետ. «Եվրոպայի կառուցման հիմքը բոլոր ասպարեզներում դառնում է քրիստոնեությունը: Հոգեւորը հռչակվում է մարդկային կեցության առանցք, հիմք եւ իմաստ, որն էլ որոշիչ է դառնում գործունեության ողջ համակարգում»:

Երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը խնդրեց. «Քանի որ ձեր օրաթերթը, որն ամբողջովին տեղ է գտնում նաեւ aravot.am կայքում, իսկ երջանկահիշատակ երաժշտագետի բազում ուսանողներ ապրում ու ստեղծագործում են արտասահմանում, հետեւյալ միտքը խնդում եմ անպայման տեղ գտնի: Այն է՝ Զառա Հայկովնան իր սերնդակիցների շրջանում այն հազվադեպ երաժշտագետներից էր, որ գիտական ամենատարբեր հարթակներում օտար լեզուներով ներկայացնում էր հայ երաժշտությունը: Նույնիսկ դասախոսությունների շարք էր իրականացրել Շվեյցարիայում, ինչի շնորհիվ տեղի ճանաչված BIM հրատարակչությունը նրան պատվիրեց հայ կոմպոզիտորական արվեստի կատալոգ կազմելու նախագիծը»:

Հավելենք, որ Զառա Տեր-Ղազարյանի մասնագիտական հետաքրքրությունների կիզակետում է եղել Արամ Խաչատրյանը: Երաժշտագետը առիթի դեպքում նշում էր այդ մասին, ինչը վավերացրել էր 1984թ. Կիեւում «Ա. Խաչատրյանի ստեղծագործության վաղ շրջանի ձեւավորումը» թեկնածուական աշխատանքի պաշտպանությամբ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

24.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031