Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ կա կառուցվածքային մոտեցման պակաս անկախ, հաշվետվողական և արդյունավետ դատական համակարգի հաստատման առումով». ԵՄ զեկույց

Մայիս 24,2019 21:55

«Դատական ​​իշխանության անկախության, հաշվետվողականության եւ արդյունավետության բարձրացումը եղել է նոր կառավարության ուշադրության կենտրոնում»,-ամրագրված է Եվրոպական միության (ԵՄ) օրերս հրապարակված՝ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների և 2018 թվականի հունիսից 2019 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ԵՄ-ՀՀ հարաբերությունների մասին զեկույցում:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարաններն արգելափակելու  և դատավորներին հրաժարական ներկայացնելու կոչից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց տեսակետն այս ամենի մասին ավելի մանրամասն ներկայացված է զեկույցում:

Նշենք, որ ըստ զեկույցի՝ Հայաստանն ավելացրել է ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերը, Հայաստանը հետևողականորեն ճանաչել է, որ Եվրամիությունը կարևոր դեր կարող է կատարել երկրի բարեփոխման օրակարգի սահուն իրականացման գործում:  Այդուհանդերձ, բարեփոխումների գործընթացն իր վաղ փուլում է մնում: ՀՀ Կառավարության կողմից ներկայացված՝ ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը կարևոր գործիք է բարեփոխման ծրագրերի առաջխաղացման համար:

Արդարադատության ոլորտում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության մասին զեկույցում ընդհանուր առմամբ դրական գնահատական է տրված, իսկ «անցումային արդարադատության մասին» նշված է. «Թեև արդարադատության ոլորտում խնդիրների համակարգային լուծման նպատակով Հայաստանում ներդրվեց անցումային արդարադատության դիսկուրսը, սակայն, ոչ մի պաշտոնական որոշում անցումային արդարադատությունն իրականացնելու մեխանիզմների վերաբերյալ այս պահին չկա: Հակառակ նոր կառավարության ստանձնած ընդհանուր պարտավորությանը բարեփոխումներ իրականացնել արդարադատության ոլորտում, հանրության շրջանում արդարադատության ոլորտի վերաբերյալ անվստահությունը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա»:

Զեկույցի ամփոփիչ հատվածում անդրադարձ է կատարվում արդարադատության և այլ ոլորտներում գոյություն ունեցող խնդիրների լուծման հարցում կառավարության իրականացրած քայլերի արդյունավետությանը: Զեկույցն ամփոփվում է. «Նոր կառավարությունը ցույց է տվել իր նպատակադրումը՝ հիմնավորելով այն կոնկրետ քայլերով: Սակայն դեռ կա կառուցվածքային մոտեցման պակաս հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում, լավ կառավարման, անկախ, հաշվետվողական և արդյունավետ դատական համակարգի, մենաշնորհի վերացման և մրցակցային գործարար միջավայրի ստեղծման առումով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031