Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Չի կարելի վերարտադրել այն դատական նախկին համակարգը, որ մենք ունեցել ենք»

Մայիս 24,2019 21:33

Վարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և կառույցների հավատարմագրված դեսպանների հետ:

Կառավարության ղեկավարը ողջունել է դեսպաններին և նշել, որ ուրախ է հանդիպման առիթի համար: Վարչապետն ասել է, որ կառավարության ձևավորման օրից մեկ տարի անց պատեհ է համարում կիսվել միջազգային գործընկերների հետ տպավորություններով՝ մեկ տարվա արդյունքների, խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ:

Ներկայացնելով մեկ տարվա աշխատանքի իր գնահատականը՝ Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձել է տնտեսական խնդիրներին, դրանց տրված լուծումներին և արձանագրված արդյունքներին: «Առաջին խնդիրը, որ ունեցել ենք տնտեսական առումով, մակրոտնտեսական կայունության պահպանումն է: Եվ ոչ առանց դժվարությունների մենք այս խնդիրը կարողացանք լուծել, որովհետև նախորդ տարվա սեպտեմբերին, այսինքն՝ հեղափոխությունից ընդամենը 3 ամիս անց, մենք ռեցեսիոն շեմին մոտեցանք, և տնտեսական իրավիճակը կարող էր լարվել: Բայց մեզ հաջողվեց հաղթահարել այդ նեգատիվ միտումները, և այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով մենք ունենք 7.1 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ: Պետք է ասեմ, որ թեև այս աճի ծավալը մեզ գոհացնում է, բայց մենք հասկանում ենք, որ տնտեսական հեղափոխության վիճակագրությունը մի փոքր ավելին է: Առնվազն մենք պետք է փորձենք, կարողանանք 2-3 տոկոսով ավելացնել մեր տնտեսական աճի տեմպը:

Տնտեսության մեջ հետաքրքիր միտումներից կարող եմ առանձնացնել ստվերային տնտեսության կրճատումը: Ըստ էության, նախորդ մեկ տարվա ընթացքում Հայաստանում հայտնվել է 51 հազար նոր աշխատատեղ: Դրանք այն աշխատատեղերն են, որոնք գործատուներն իրենք են հայտարարագրել հարկային մարմիններում, այսինքն՝ սրանք ոչ թե վերլուծության արդյունք են, ինչպես հաճախ մեր քաղաքական մրցակիցները փորձ են անում ներկայացնել, այլ կոնկրետ գործատուների, բիզնեսի կողմից հայտարարագրված ցուցանիշներ, որոնք նրանք ներկայացրել են հարկային մարմիններին, որը նրանց համար առաջացրել է հարկային պարտավորություններ: Եվ մեր գնահատականն այն է, որ այս 51 հազար աշխատատեղերի 1/5-րդը նոր ստեղծված աշխատատեղերն են նախորդ տարվա ընթացքում: Դա ստացվում է մոտավորապես 10 հազար աշխատատեղ, ինչը, կարծում եմ, վատ ցուցանիշ չէ:

Հաջորդ ցուցանիշը, որի մասին ես կուզենայի նշել, պետական բյուջեի եկամտային մասի գերակատարումն է: Մենք արդեն հայտարարել ենք, որ այս տարվա պետական բյուջեն 62 մլրդ դրամով առնվազն գերակատարելու ենք: Դա մոտավորապես 130 մլն դոլար է: Եվ այստեղ էլ, երբ ես առաջին անգամ այս մասին հայտարարեցի, ասվում էր, որ դեռ տարին կավարտվի, կտեսնենք՝ իրականություն կդառնա՞, թե՞ ոչ: Բայց ես ուզում եմ ասել, որ մենք իրականում մի փոքր խորամանկություն ենք արել և գործնականում արդեն ունենք այդ թիվը: Եվ կասկած չկա, որ մինչև տարեվերջ պետական բյուջեի գերակատարման ծավալները կլինեն շատ ավելի մեծ:

Հաջորդ ցուցանիշը, որ կուզենայի նշել, առևտրի ոլորտին է վերաբերում: Անցած տարվա մայիսից մինչև այս տարվա մայիս մեր երկրում 84 մլն ՀԴՄ ավելի է տպվել, քան նախորդ տարի, ինչը նշանակում է, որ այսքան ավելի գործարք տեղի է ունեցել և տեղի է ունեցել ոչ ստվերում, ինչն ապահովել է մեր հավելյալ բյուջետային եկամուտների մի զգալի մասը:

Ամենամեծ մարտահրավերը, որ այսօր ունենք տնտեսությունում, իհարկե, օտարերկրյա ներդրումներն են: Մենք ամեն ինչ անում ենք՝ մեր երկիրն օտարերկրյա ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու համար: Բայց կա նաև համոզմունք և գիտակցում, որ առանց իրապես անկախ դատական համակարգի մենք այս խնդիրը լիարժեք չենք լուծի, որովհետև ցանկացած ներդրող ուզում է իր ներդրումների, ձեռք բերած սեփականության անվտանգություն, իսկ այդպիսի երաշխիք կարող է լինել միայն իրապես անկախ դատական համակարգը, որը հիմնվում է օրենքների վրա, և սուբյեկտիվ մոտեցումները բացառվում են», – ասել է կառավարության ղեկավարը:

Ինչ վերաբերում է քաղաքական առումով հաջողություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 հիմնական արդյունք է առանձնացրել: «Առաջինն այն է, որ մենք քաղաքական առումով նույնպես կարողացել ենք մեր երկրում ապահովել կայունություն և բնականոն ժողովրդավարական զարգացումներ, և, ի վերջո, ունեցել ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային հանրության կողմից գնահատվել են՝ որպես ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ, և դա շատ կարևոր ցուցանիշ է մեզ համար: Այսպիսի բան մեր երկրում տեղի չէր ունեցել, առնվազն խորհրդարանական ընտրությունների մասով: Իհարկե, խորհրդարանական ընտրությունների հետ կապված կարող եմ ասել, որ ես ինքս հույս ունեի, որ խորհրդարանում ներկայացված ուժերի թիվը շատ ավելի մեծ կլիներ, բայց մարդիկ ընտրեցին այնպես, ինչպես ընտրեցին, և կարծում եմ, որ այսօր էլ խորհրդարանում ներկայացված է այն քաղաքական ներկապնակը, որը պետք է ներկայացված լիներ: Եվ մենք միարժեքորեն համարում ենք սա մեր ամենամեծ քաղաքական ձեռքբերումը, որ մեզ հաջողվել է ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություն անել:

Ես դեռ շատ երկար ժամանակ առաջ մի քանի անգամ ընդգծել եմ իմ ելույթներում, հոդվածներում, երբ դեռ ընդդիմադիր քաղաքական գործիչ էի, որ ընդհանրապես ժողովրդավարական իշխանության ամենամեծ առաքելությունը ոչ միայն ազատ, արդար ընտրություններով իշխանության հասնելն է, այլև ազատ, արդար ընտրություններով իշխանությունից հեռանալը: Եվ այս առումով կարծում եմ, որ մենք որևէ կերպ չենք կարող և չենք շեղվի այս տեսլականից, որովհետև նախկինում էլ բազմիցս դա համարել եմ անձամբ իմ ամենամեծ քաղաքական առաքելությունը: Թե ինչքան դա կտևի, արդեն քաղաքական գործընթացների և ժողովրդի որոշելիքն է», – շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ արտաքին քաղաքական ասպարեզում նույնպես հաջողվել է կայունություն ապահովել. «Մեր հարաբերությունները շարունակում են ռազմավարական բնույթ կրել Ռուսաստանի Դաշնության հետ, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, այժմ՝ նախագահող երկիր: Մեզ հաջողվեց, ի վերջո, նաև որոշակի լուծումների հասնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, և ես համարում եմ, որ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում մեր հարաբերությունները զարգանում են բնականոն, Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն:

Մեզ հաջողվեց բնականոն զարգացնել մեր հարաբերությունները նաև Եվրամիության հետ: Մենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ ճանապարհային քարտեզն արդեն վերջնականացնելու փուլում ենք, և, ըստ էության, առաջիկա շաբաթների ընթացքում կվերջնականանա, և մենք այդ ուղղությամբ կաշխատենք:

Մեր մյուս գործընկերների հետ նույնպես բնականոն հարաբերություններ ենք հաստատել: Մեզ հաջողվել է պահպանել և զարգացնել լավ մթնոլորտը մեր անմիջական հարևան երկրների՝ Իրանի, Վրաստանի հետ: Մենք շատ լավ աշխատանքային մթնոլորտ ենք հաստատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: Այս ընթացքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է տեղի ունեցել Հայաստանում, որն իսկապես հաջողություն էր և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ մեր կառավարության համար: Այս ընթացքում պաշտոնական այց եմ ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, աշխատանք յին այցով եղել եմ Ֆրանսիայում, իհարկե, Բրյուսելում եմ եղել մի քանի առիթներով, Եվրախորհրդում: Կարծում եմ, որ բավական լավ միջավայր և մթնոլորտ է ստեղծվել մեր հետագա հարաբերություւնները զարգացնելու համար Եվրասիա մայրցամաքում:

Մենք բնականոն հարաբերություններ ենք զարգացնում նաև Միացյալ Նահանգների հետ: Վերջերս մեկնարկեց Միացյալ Նահանգների հետ ռազմավարական երկխոսությունը, և մենք հույս ունենք և համոզված ենք, որ լավ արդյունքներ կունենանք այդտեղ: Իհարկե, մեր այլ գործընկերների հետ նույնպես շատ ակտիվ հարաբերություններ ենք զարգացնում, շատ ակտիվ աշխատում ենք Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, Հնդկաստանի հետ, եվրոպական մեր գործընկերների հետ և համոզված ենք, որ այս կառուցողական մթնոլորտը հնարավոր կինի պահպանել»:

Ապա վարչապետ Փաշինյանն անդրադարձել է դատաիրավական ոլորտում ստեղծված իրավիճակին՝ խոսելով այս բնագավառում բարեփոխումների անհրաժեշտության և այդ գործընթացում միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորության մասին: «Իհարկե, այսօր մեր ամենամեծ ընթացիկ խնդիրը կապված է դատաիրավական համակարգի հետ: Գիտեք, որ վերջին շրջանում իրադարձություններ են տեղի ունեցել և հիմա էլ կարծես թե շարունակում են տեղի ունենալ:

Քաղաքական խնդիրը, որ կանգնած է կառավարության առաջ, և վերջին մեկ տարվա ընթացքում անձամբ ես ստիպված եմ եղել անընդհատ բախվել մի քաղաքական իրողության հետ, որ մեր հանրային կարծիքը, մեր հանրությունը դատական բոլոր հնարավոր որոշումների պատասխանատվությունը դնում է կառավարության վրա: Չնայած նրան, որ ես հստակ հայտարարել եմ, որ դատական գործընթացներին չեմ մասնակցում և մասնակցելու որևէ ցանկություն չունեմ, բայց վերջին մեկ տարվա ամենամեծ խնդիրը կապված է նրա հետ, որ մեր հանրությունը բացարձակապես բոլոր դատական որոշումների պատասխանատվությունը դնում է կառավարության վրա, և բացարձակապես բոլոր որոշումները մեկնաբանվում են՝ որպես վարչապետի անձնական որոշումներ հանրության շրջանում: Սա նախկինից եկող շատ բարդ իներցիա է: Երբեմն կառավարությունը ստիպված է լինում ուղղակի բարձրաձայն տարանջատվել այդ բոլոր հնարավոր դատական որոշումներից, որովհետև այդտեղ վստահության որոշակի ճգնաժամի խնդիր կարող է առաջանալ:

Եվ, իհարկե, այս փուլում մենք հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերների հետ սերտորեն կհամագործակցենք՝ Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար, որովհետև ես շատ երկար վերլուծում էի, թե ինչն է, այնուամենայնիվ, այսպիսի վերաբերմունքի և այսպիսի հանրային ընկալման պատճառը: Եվ ինձ համար պարզ էր, որ կա որոշակի դիսաբալանս այսօրվա ստեղծված իրավիճակում: Այդ դիսբալանսն արտահայտվում է հետևյալում. այսօր Ազգային ժողովը ներկայացնում է ժողովրդին և ժողովրդի ընտրությունը, այսինքն՝ Ազգային ժողովի պատգամավորներ , կոնկրետ այդ անուններով մարդիկ հիմա գտնվում են Ազգային ժողովում մի պարզ պատճառով, որովհետև ժողովուրդը քվեարկել է կոնկրետ այդ մարդկանց կողմից ներկայացվող քաղաքական ուժին: Ես հիմա վարչապետ եմ մի պարզ պատճառով, որովհետև, նախ որպես վարչապետի թեկնածու հանդես եմ եկել և այն քաղաքական ուժը, որի համամասնական ցուցակը ես գլխավորել եմ, ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնությունը, և ես այդ քվեի բերումով դարձել եմ վարչապետ:

Քաղաքական առումով հատկապես հեղափոխությունից հետո առաջանում է մի պարզ հարց. իսկ Հայաստանի Հանրապետությունում ո՞ւմ է ներկայացնում դատական իշխանությունը, ումի՞ց է բխում այդ իշխանությունը, ո՞ւմ իշխանությունն է իրացնում Հայաստանում դատական իշխանությունը: Սա ասում եմ, որովհետև Հայաստանի Սահմանադրության 2-րդ և ոչ փոփոխելի հոդվածում արձանագրված է հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, Սահմանադրությամ բ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմինների միջոցով: Եվ այստեղ, այս շարքի մեջ դատարանները Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմիններն են, և մեր Սահմանադրությունը հստակ գծագրում է, որ այդ պետական մարմինները պետք է ուղիղ կապ ունենան ժողովրդից, այսինքն՝ պետք է ժողովրդի անունից գործելու մանդատ և լիազորություն ունենան: Եվ խնդիրն այն է, որ, ըստ էության, վերջին մեկ տարվա քաղաքական իրողությունների բերումով մենք այդպիսի իրավիճակ չունենք: Այստեղից է, որ անընդհատ դատական որոշումները մեր հանրության շրջանում հուզումներ են առաջացնում, հանրությունը պարզապես չի վստահում մեր դատական համակարգին, և սա ճգնաժամի շարունակական աղբյուր կարող է դառնալ:

Համոզված եմ, որ եկել է ժամանակը այս խնդիրը լուծելու, բայց վստահ եմ նաև, որ չի կարելի վերարտադրել այն դատական նախկին համակարգը, որ մենք ունեցել ենք: Ես երկար տարիներ այդ մասին գրել եմ, ելույթներ եմ ունեցել, նույնիսկ դատապարտվել եմ այդ դատական համակարգի կողմից, և իմ համոզմունքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները կլինեն բացարձակապես անիմաստ, եթե մենք չունենանք իրապես դատական համակարգ, որի որոշումներն ընդհանրապես չմեկնաբանվեն, այսինքն՝ որի որոշումներն ուղղակի ընդունվեն որպ ես որոշում, որը կայացվել է Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անունից և չի քննարկվում, առնվազն բացի այն ընթացակարգերից, որ բողոքարկում են և այլն:

Բայց մեծ հաշվով չկա այդ մթնոլորտը, թե ահա ով ում վրա երբ ինչպես ազդեց, որ այս որոշումը կայացվի: Եվ այս առումով՝ եթե Հայաստանում գործադիր, օրենսդիր իշխանությունները վայելում են ժողովրդի վստահությունը, եկել է ժամանակը, որպեսզի նաև դատական իշխանությունը վայելի ժողովրդի վստահությունը: Ոչ թե դատական իշխանությունը վայելի կառավարության վստահությունը, այլ ժողովրդի վստահությունը, որովհետև եթե կառավարությունը, օրինակ, ուզենար այս մեկ տարվա ընթացքում, որ Հայաստանում լիներ իր համար վստահելի դատական համակարգ, այդ դատական համակարգը կար և այսօր էլ կա, և կառավարությանը ոչ մի բան չի խանգարում այդ դատական համակարգն իր համար դարձնել վստահելի, մանավանդ, որ այդ դատական համակարգը սովոր է աշխատել այդ պայմաններում, երբ կառավարության և դատական համակարգի միջև կա, այսպես ասած, փոխադարձ վստահություն: Բայց մեզ համար այդ ճանապարհն անընդունելի է եղել և անընդունելի է, որովհետև դա դեմ է այն արժեքներին, որոնց վրա հենվելով մենք Հայաստանում իրականացր ել ենք այսպիսի փոփոխություններ: Եվ մենք հույս ունենք և համոզված ենք, որ մեզ կհաջողվի մեր միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձևավորել վստահելի դատական համակարգ», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև ՀՀ վարչապետը պատասխանել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների հարցերին, որոնք վերաբերում էին դատական համակարգում բարեփոխումների իրականացմանը, անցումային արդարադատությանը, ձեռնարկվող քայլերին, կառավարության կառուցվածքային փոփոխություններին, պետական կառավարման համակարգի բարեփոխմանը և այլն:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031