Մայիսի 13-19 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի Հայագիտության ինստիտուտի կողմից կազմակերպված «Նորարար Հայաստան» (Innovate Armenia) փառատոնին մասնակցելու հրավերով գտնվում էր Կալիֆորնիայում։
Միջոցառմանը ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարել Արցախի անկախ պետականաշինության գործընթացին, միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության բնագավառում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև արտաքին քաղաքական մարտահրավերներին։
Միջոցառման շրջանակներում կայացել է նաև հանդիպում Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Պոլ Կրեկորյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Լոս-Անջելես – Շուշի քույր քաղաքների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել Լոս-Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Հայ ուսանողական միության անդամների, «Ասբարեզ» օրաթերթի անձնակազմի, Ամերիկայի Հայ Իրավաբանների Միության ներկայացուցիչների, ինչպես նաև Լոս-Անջելեսի Երիտասարդ քրիստոնյաների ընկերակցության (YMCA) ղեկավար կազմի հետ։ Քննարկվել են Արցախ-սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Արցախի քաղաքացիական հասարակության միջազգային համագործակցության զարգացման հեռանկարները։
Այցի շրջանակներում Արմինե Ալեքսանյանն այցելել է Կալիֆորնիայի մայրաքաղաք Սակրամենտո։ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում կայացել են հանդիպումներ նահանգային ժողովի խոսնակ Էնթոնի Ռենդոնի, նահանգային ժողովի անդամ Ադրին Նազարյանի և Կալիֆորնիայի Արտակարգ իրավիճակների, Կլիմայի փոփոխության, Գյուղատնտեսության և սննդի կոմիտեների ներկայացուցիչների հետ։ ԱԳՆ տեղակալ Արմինե Ալեքսանյանը նաև առանձին հանդիպում է ունեցել Կալիֆորնիա նահանգի սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոյի հետ։
Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել Կալիֆորնիայի և Արցախի միջև հարաբերությունների ներկա իրավիճակին և կարևորել տարբեր ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն մի շարք համատեղ նոր ծրագրերի իրականացման շուրջ։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն