Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցրած դատավորի հետ առերեսում է պահանջում

Մայիս 24,2019 21:21

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն այսօր դիմել է գլխավոր դատախազին՝  խնդրելով չմերժել դատավոր Դավիթ Գրիգորյանի ներկայացրած     հանցագործության մասին հաղորդումը ու քրեական գործ հարուցել:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել կամ կաշառք տալու-ստանալու, կամ իր նկատմամբ սուտ  մատնություն կատարելու դեպքի առթիվ։

ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումից հետո  փաստաբան Սիրունյանն իր ֆեյսբուքյան էջում  կաշառքի մասին կասկածներ պարունակող գրառումներ է արել, մասնավորապես ՝«Երկու միլիոն դոլար՝ Նիկոլի գլուխն եք կորցրել»,  կամ՝  «պագրիշկա գողացողին  սկի 1.000.000-ով չեն ազատում», «2 մլն դոլարով սեփական ճիշտ են ծախում», և այլն:

«Քանի որ ես Կոնդում եմ մեծացել ու իրավաբանությունից մի քիչ  խելքս հասնում է, չեմ կարող ուրիշի խոսքը մեկնաբանել, իրենից հարցրեք՝ ինքը ինչ նկատի ունի, ես մամուլից եմ իմացել էս պատմությունը, եթե ես պետք է հավատամ ինչ մամուլում է գրված, թե ինքն ասում է՝ Սիրունյանն ասաց՝ 2 միլիոն դոլարով ճիշտը չեն ծախում, ինձ նկատի ուներ, շունս արդեն ծիծաղում է կողքիս, պարզապես ծիծաղս է գալիս»,- Aravot.am-ին ասաց Սիրունյանը:

Մեր հարցին՝ ձեր նշված ստատուսներն անհասցե՞ էին, թե ՞ իսկապես Դավիթ Գրիգորյանին էին ուղղված, Սիրունյանը պատասխանեց. «Ես օգտվում եմ լռելու իմ սահմանադրական իրավունքից, ինքը ոնց բողոք գրել է, իր բողոքին թող տեր կանգնի, ես պահանջում եմ առերեսում Դավիթ Գրիգորյանի հետ, ես նրան հարցեր ունեմ՝78 հատորանոց գործը ինչքան ժամկետում կարողացավ կարդալ, որ որոշում կայացրեց ՀՀ-ն ընդդեմ Քոչարյանի եւ մյուսների գործով, խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո շաբաթ օրը 16:00-ից, երբ գնաց տուն, կիրակի գործի չեկավ,  երկուշաբթի ոնց որ գործի չէր եկել, որովհետեւ այդ օր դատարանների շենքի ելքերն ու մուտքերը փակ էին, ինչպես է հենց այդ նույն օրը որոշում կայացրել, ստորագրել ու բաց թողել դատարանի շենքից, այ տենց լիքը հարցեր ունեմ իրեն, ոչ թե որպես փաստաբան Սիրունյան, այլ՝ ազնիվ քաղաքացի, կլյաուզնիկ Սիրունյան»:

Մեր հարցին, թե սա առաջին դեպքը չէ, երբ սոցցանցում կատարած գրառման համար դիմում են իրավապահներին, նախադեպ կա՞,  որ գրառման համար պատասխանատվության ենթարկեն, փաստաբանն ասաց, որ նմանատիպ մեկ այլ գործով կա նախադեպ, երբ գործը կարճվել է՝ սոցցանցերի՝ անհատի անձնական տիրույթ լինելու հիմքով. «Չես ուզում, մի կարդա, բայց եթե մտել ես ու կարդացել ես մարդու անձնական պատին գրվածը, այսինքն՝ անձնական բլոկնոտում գրվածն ու վիրավորվել ես, դա բացառապես հետեւանքներ չի կարող առաջացնել, ինչի ես մտել, կարդացել, որ մի հատ էլ վիրավորվել ես»:

Ալեքսանդր Սիրունյանն ասաց՝ զարմացած է դատավորի իրավագիտակցության վրա. «Ուղղակի ծիծաղ, որ սոցցանցի գրառումը մարդը դիտարկում է որպես հաղորդում կաշառքի մասին ու էդ խելքով ուզում է արդարադատությո՞ւն իրականացնի ՀՀ 2-րդ նախագահի գործով, ես պետք է հավատամ, որ էդքա՞ն է օրենքների իմացությունը»: Դավիթ Գրիգորյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031