Մայիսի 24-ին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՍԴ դատավորներ և աշխատակազմի ղեկավարը:
Ողջունելով հյուրերին` խորհրդարանի ղեկավարը կարևորել է դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի և Արցախի շարունակական համագործակցությունը: Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախում ակտիվորեն ընթանում է օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործընթացը, ու ՀՀ գործընկերների հետ հանդիպումները և մտքերի փոխանակումը նշանակալի աջակցություն է գործընթացի արդյունավետ իրականացման համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ընդգծել է երկու հայկական հանրապետությունների գործուն կապերի ընդլայնման անհրաժեշտությունը թե՛ օրենսդրական կարգավորումների մշակման, թե՛ սահմանադրական արդարադատության իրականացման բնագավառում:
Հանդիպմանը մասնակցել է Արցախի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին