Լրահոս
Օրվա լրահոսը

Թաեքվոնդոյի ֆեդերացիայի ընդդիմադիր թեւը Սասուն Միքայելյանին մեղադրում է Մանվել Գրիգորյանի թիմին հովանավորելու մեջ

Մայիս 24,2019 18:45

Այսօր ԵԿՄ-ում կայացավ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի համաժողով, որի ընթացքում ընտրվեց ֆեդերացիայի նոր նախագահ:

Համաժողովից առաջ բողոքող հատվածը դիմել էր լրատվամիջոցներին՝ տեղեկացնելով, որ համաժողով կազմակերպել ցանկացողները ֆեդերացիայի նախկին պատվավոր նախագահ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի հարազատներն ու ընկերներն են, ԵԿՄ որոշ անդամներ, որ նրանք համաժողով անցկացնելու իրավունք չունեն:

Համաժողովն, այնուամենայնիվ, անցկացվեց ու անսպասելիորեն ընթացավ հարթ: Ընտրվեց ֆեդերացիայի նոր նախագահ, օրակարգային բոլոր հարցերը լուծվեցին արագ եւ միաձայն քվեարկություններով:

Համաժողովը նոր էր ավարտվել, երբ ԶԼՄ-ների ուղեկցությամբ ԵԿՄ տարածք մտավ ընդդիմադիր թեւը: Նրանք համագումարի մասնակիցներին չհանդիպեցին, քանի որ վերջիններն արագ ու աննկատ հեռացան: Թեժ բանավեճ ծավալվեց ընդդիմադիր թեւի եւ ԵԿՄ-ից Օնիկ Ավետիսյանի միջեւ, որին բողոքող կողմը ներկայացրեց, որպես ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի օգնական: Ընդդիմադիրներին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է համագումարն անցկացվել ԵԿՄ տարածքում եւ ինչո՞ւ համաժողովին մասնակցողներն իրենց տեսնելով արագ ճողոպրեցին: Օնիկ Ավետիսյանը պատասխանեց, որ ֆեդերացիան գրանցված է ԵԿՄ հասցեում, իսկ փախչելու հարցերով պետք է դիմել ֆեդերացիայի իրենց գործընկերներին:

Բողոքող կողմից Վրեժ Խաչիկյանը Aravot.am-ին ասաց. «Անցած տարվա նոյեմբեր ամսից ֆեդերացիայի նախագահի եւ նախագահության կազմի ժամկետը սպառվել է: Պետք էր նոր ընտրություններ անցկացնել: Վարդան Ղահրամանյանը եւ Գեւորգ Դանիելյանը, չունենալով որեւէ իրավունք, մի անգամ իրենց ուզած ձեւով ընտրություն կազմակերպելու փորձ արել են, ինչը թույլ չտվեցինք: Հիմա նույնն են անում: Ու ցավալին այն է, որ հիմա էլ Մանվել Գրիգորյանի հովանավորչական դերակատարությունն ստանձնել է Սասուն Միքայելյանը: Եթե արդար էին, թաքցնելու բան չունեին եւ համաժողովն էլ լեգիտիմ էր, ինչո՞ւ փախան: Մենք նրանցից՝ ֆեդերացիայի նախկին գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանից, որը Մանվել Գրիգորյանի ընկերն է, եւ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանից, որը Մանվել Գրիգորյանի փեսան է, փաստաթղթեր ունեինք պահանջելու, հարցեր ունեինք տալու: Նրանք տարիներ շարունակ Մանվել Գրիգորյանի օգնությամբ ֆեդերացիան դարձրել էին ԵԿՄ-ի կցորդը, անում էին այն, ինչն իրենց էր հարմար: Վարդան Ղահրամանյանի եւ Գեւորգ Դանիելյանի նկատմամբ քրեական գործ կա հարուցված:

Մենք երկրապահների հետ որեւէ խնդիր չունենք: Մեզ ճիշտ հասկացեք: Ընդհակառակը, պատրաստ ենք ու ցանկանում ենք օգնել նրանց ինչով կարող ենք: Բայց այստեղ խնդիրը մարզական է: Ֆեդերացիայի նախագահության կազմում մարզիչների ու մասնագետների փոխարեն ի՞նչ գործ ունեին 40-ից ավելի երկրապահները: Այս ամենը մենք պատմել ենք ԵԿՄ ներկայիս նախագահ Սասուն Միքայելյանին եւ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանին: Այսքանից հետո նրանք ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկում, ինչո՞ւ են հովանավորում շուրջ 12 տարի ֆեդերացիայի աշխատանքը տապալած անձանց»:

Բողոքող կողմը որոշեց գնալ Հանրապետության հրապարակ եւ իր բողոքը փոխանցել վարչապետին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031