Ապրիլի 15-ի գիշերը «Միքայելյան» հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդ։ Մի քանի րոպե անց դարձյալ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հնչեց ևս մեկ ահազանգ։ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ՝ հրազենային վնասվածքով։ Հիվանդանոցներ տեղափոխվածներից 23-ամյա տղան, հոսպիտալացվելուց որոշ ժամանակ հետո, գիտակցության չգալով՝ մահացել էր։
Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, համագործակցելով համակարգի այլ ստորաբաժանումների քրեական հետախույզների հետ, օպերատիվ կերպով պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 25 շենքի հարակից տարածքում։ Դեպքի վայրի մանրակրկիտ զննությամբ իրավապահները հայտնաբերեցին 7․62 մմ տրամաչափի պարկուճներ, գնդակ և արնանման հետքեր։ Նշանակվեցին փորձաքննություններ։ Ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության աշխատակիցները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ երիտասարդների ուղղությամբ կրակոցները արձակել էր Լեփսիուսի փողոցի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ։
Օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տեղեկությունները որոշակի հիմնավորվեցին, և նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողին օպերատիվ հայտնաբերելու նպատակով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները կողմնորոշումներ ուղարկեցին տարածքային այլ ստորաբաժանումներ։ Հետևողական աշխատանքի արդյունքում ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ ստացան, որ հետախուզվողը թաքնվում է Սևանում գտնվող հանգստյան գոտիներից մեկում։ Ստացված տեղեկություններն իրացվեցին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ։ Արդյունքում՝ մայիսի 23-ին հետախուզվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Սևանի բաժին, որտեղից էլ տեղափոխվեց Երևան ու հանձնվեց հետախուզումը նախաձեռնած մարմնին։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները համատեղ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
Ոստիկանություն