Վերջերս Հայաստան էին այցելել աշխարհում առաջատար համարվող «Դասո սիսթեմս» (Dassault systemes) ընկերության ներկայացուցիչները: Աշխարհում այս խոշորագույն ընկերությունը ինչո՞ւ էր հետաքրքրված մեր երկրով: Նրանք Հայաստան էին այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Նախագահն այս ընկերություն էր այցելել նախորդ տարի՝ նոյեմբերին, հետո 2019-ի փետրվարին: Հանրահայտ ընկերության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նախագահը նրանց ուղղակի «գայթակղել» էր Հայաստանով՝ առաջարկել դիտարկել համագործակցության հնարավորությունները:
Նախագահ Սարգսյանի հրավերի արձագանքը չուշացավ. մայիսի 9-ին ընկերության պատվիրակությունը ժամանել էր Հայաստան, կազմում էին ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենն ու կրթական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեն:
Ինչո՞ւ էին եկել Հայաստան
Այցի նպատակն էր ծանոթանալ մեր երկրում առկա ներուժին եւ համագործակցության ծրագրեր առաջարկել: Համագործակցության ուղիները նշմարվել են. արդեն նախատեսվում է համագործակցությունը սկսել ՏՏ ոլորտին ուղղված կրթական ծրագրերից, որից հետո հնարավոր է համագործակցության ընդլայնում նաեւ այլ ոլորտներում:
Կարդացեք նաև
«Դասո սիսթեմս»-ի մասին
Միջազգային խոշորագույն այս ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի 140 երկրներում: «Դասո սիսթեմս»-ը գործում է «Dassault Group» խոշոր ֆրանսիական ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմարդյունաբերական ոլորտում, մասնավորապես, ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաեւ լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի, գինու արտադրության եւ այլ բնագավառներում:
Ի՞նչ կարող ենք անել միասին
«Հայաստանը փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ, հայերն ամենուր են, եւ սա եւս կարեւոր առավելություն է»,-ասել է ՀՀ նախագահը՝ ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Նա ընդգծել է՝ նախ պետք է բացահայտել մեր երկրի կրթական հատվածը, քանի որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործելու համար պետք է ունենանք ճիշտ կրթական համակարգ. «Ես համոզված եմ, որ մեր շուրջն ունենք տաղանդավոր մարդիկ»:
Ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենն էլ այդ հանդիպմանն ասել է. «Մեծ պատիվ է լինել այստեղ: Այցի ընթացքում ուզում ենք հասկանալ, թե որոնք են այն ոլորտները, որտեղ կարող ենք աշխատել: Մարդիկ են ապագայի բանալին, ամեն բան սկսվում է մարդկանցից, այդ իսկ պատճառով մենք այդքան հետաքրքրված ենք՝ բացահայտելու Հայաստանի կրթական համակարգը եւ տեսնելու, թե ինչպես կարող ենք մեր նպաստը բերել նոր սերնդի կրթության գործում, ինչը, ի վերջո, մեծ ներդրում է՝ ուղղված ավելի լավ ապագա ունենալուն»: Հետո, իր հարցազրույցում Նարդենն ասել է. «Մենք եկանք այն եզրակացության, որ թե՛ մեր, թե՛ Հայաստանի համար արժեքավոր կլինի ուսումնասիրել, թե ինչպես կարող ենք միասին աշխատել հանուն ապագայի: Այսինքն, ինչ կարող ենք անել միասին՝ պատրաստելու երիտասարդ սերնդին թվային դարաշրջանի մարտահրավերներին, ինչպես կարող է «Դասո սիսթեմս»-ն իր տեխնոլոգիաներով նպաստել կրթական համակարգին, բացել մարդկանց մտածելակերպը թվային ստեղծարարության, թվային նորարարությունների ու աշխարհի հանդեպ՝ ունենալու ավելի լավ ապագա»:
ՀՀ կրթական ոլորտն ու «Դասո սիսթեմս»-ի հետաքրքրությունը
Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ընկերության պատվիրակության հետ հանդիպումից հետո ասում է՝ նրանք փորձում էին հասկանալ, թե՝ ինչ հնարավորություններ ունեն Հայաստանում, փորձում էին ծանոթանալ կրթական համակարգին, որովհետեւ ինչպես իրենք էին նշում՝ եթե ուզում ես որեւէ տեղ աշխատել, ապա պետք է հասկանաս, թե ինչ մասնագետներ են ապահովելու այն ներդրումների իրականացումը, որոնք կարող են լինել Հայաստանում.
«Ընկերությունը մեզ համար նոր գործընկեր է, մենք էլ՝ իրենց համար: Կարծում եմ՝ սա ճանաչողական այց էր»: Այս այցի ընթացքում, ըստ նախարարի, հայկական կողմը որոշակիորեն պարզեց, թե իրենք ինչ մտադրություններ ունեն մեր երկրում, մենք էլ՝ հասկացանք՝ ինչպես կարող ենք համագործակցել իրենց հետ:
Բայց առայժմ պայմանավորվածությունն այն է, որ դեռ պետք է վերլուծեն ամեն ինչ, ապա կոնկրետ առաջարկներով երկուստեք հանդես գան: «Դասո սիսթեմս»-ը կարող է լուրջ փոփոխություն իրականացնել մեր տեխնոլոգիական ոլորտում, դա ակնհայտ է: Իմ հիմնական ուղերձը նրանց այն էր, որ եթե իրենք հետաքրքրված են կրթական համակարգով, ապա տեխնոլոգիաների փոխանցումը մեր կրթական ոլորտին, մասնավորապես՝ լաբորատորիաների ստեղծումը, կլինի մեր համագործակցության ամենաստացված կետը՝ եթե կա դրա հնարավորությունը»,-ասում է Հարությունյանը: Նա նկատում է՝ ընկերության աշխատանքը մեր երկրում կարեւոր է. «Ունի այն տեխնոլոգիաները, որոնք կարող են տրամադրել, որովհետեւ այսօր աշխարհի շատ քիչ երկրներում նման տեխնոլոգիա արտադրող ընկերություններ կան, եւ նույնիսկ հզոր տնտեսություններ ունեցողներ երկրները հաճախ այդ տեխնոլոգիաները ներմուծում են տնտեսապես շատ ավելի զարգացած երկրներից, այս առումով ՀՀ-ի համար նման տեխնոլոգիաների տրամադրումը շատ կարեւոր է»:
Ի՞նչ կշահի Հայաստանը «Դասո սիսթեմս»-ի հետ համագործակցությունից
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանն ասում է. «Դասո սիսթեմս»-ը իրենց առաջնահերթությունների խմբում է: Այն երկրներում եւ քաղաքներում, որտեղ գիտությունն առաջատար տեղ ունի, այս ընկերությունը գրասենյակներ ունի»: Փափազյանն ասում է. «Պատահական չէ, որ պատվիրակությունը այցելելով Հայաստան, առաջին հերթին ցանկանում էր կրթական համակարգի հետ ծանոթանալ»: Ըստ Փափազյանի, ընկերությունը մոտ 26 հազար մշտական աշխատակիցներ ունի:
Հաշվի առնելով, թե ընկերության պատվիրակությունն ինչ կրթական կենտրոններ է այցելել, Փափազյանը կարծում է՝ իրենց համար կարեւոր է մաթեմատիկական ուղղությունը. «Եվ մեր մաթեմատիկական դպրոցները ոչնչով չեն զիջում իրենցինին»: Արդեն պայմանավորվել են՝ հունիսին հայկական պատվիրակությունը կայցելի Փարիզ, հրավիրել են մասնակցել «Լը Բուրժե» ավիացիոն ցուցահանդեսին: Փափազյանը վստահ է՝ Հայաստանի հետ համագործակցությունը փուլ առ փուլ առաջ է գնալու. «Վերջնական նպատակն այն է, որ հայկական ուղեղները ստանան այն գնահատականը եւ այն արժանի տեղը, որ շատ ընկերություններ արդեն հասկացել են՝ այդ ակտիվը կա Հայաստանում»:
Ըստ Փափազյանի, «Դասո սիսթեմս»-ը աշխատանքային նոր մշակույթ, շուկայում նոր որակ եւ մրցակցություն կբերի: Նրա կարծիքով՝ եթե ընկերության մի գրասենյակ էլ բացվի մեր երկրում, դա արդեն լուրջ ձեռքբերում կլինի. «Կարեւոր է մեզ համար, որ այն 18 տարեկանները, որոնք ասենք՝ կիրառականում կամ ասենք՝ Ֆրանսիական համալսարանում են սովորում կամ այլ տեղ, վստահ լինեն՝ իրենք մնալով Հայաստանում, կունենան ընտրություն, ապագայի հույս եւ լավ աշխատանքի հնարավորություն»:
Հայաստանում «Դասո սիսթեմս»-ի հետաքրքրությունը, ինչպես Փափազյանն է ասում, առաջին հերթին շատ մեծ ազդակ է մյուսներին, նաեւ՝ Եվրոպային. «Այսինքն՝ երբ «Դասո սիսթեմս»-ը քայլ է անում որեւէ երկիր, հատկապես, մեր նման՝ հետխորհրդային երկիր, բոլորը նկատում են»: Ի վերջո այս ընկերությունը, ինչպես նկատում է Փափազյանը, ստեղծում է տնտեսական մեծ արժեք՝ աշխատավարձեր, հարկեր, նախագծեր, որոնք կարեւոր է՝ ՀՀ-ում կարող են արտադրված լինել:
Ուղեղների կենտրոնները՝ «Դասո սիսթեմս»-ն ու «Սինոփսիս Արմենիան»
Վազգեն Մելիքյանը՝ «Սինոփսիս Արմենիա»-ի ուսումնական դեպարտամենտի տնօրենը պատմում է, որ «Դասո սիսթեմս»-ի առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենի եւ կրթական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեի՝ այցի ընթացքում ծանոթանալով դեպարտամենտի եւ ընկերության գործունեությանը, տպավորվել էին հատկապես կրթական ծրագրերով. «Կանգ առան մեր մշակած ծրագրի վրա»: Ֆրանսիական այս ընկերությունը ստեղծում է արհեստական բանականության միջավայր, ավելի կոնկրետ, ինչպես Մելիքյանն է ասում, ոչ թե մոդելավորման միջավայր, այլ թվային կրկնօրինակներ, որոնց միջոցով կարողանում են հետազոտել բավականին բարդ համակարգեր. «Խոսքը վերաբերում է ինքնաթիռաշինությանը կամ դրանից ավելի բարդ համակարգերին: Երբ համակարգն ուսումնասիրելն իրական օրինակի վրա ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ, եւ եթե համակարգում ինչ-որ անսարքություններ են տեղի ունենում, այդ անսարքությունների հետազոտումը կամ մշակումը իրականացվում է թվային, համակարգչային կրկնօրինակի վրա: Նրանք այդ բնագավառում բավական հաջողված են»:
Մելիքյանն ասում է՝ նախնական պայմանավորվածություն կա, որ նախ ճիշտ կլինի համագործակցել հատկապես ուսումնական բնագավառում. «Մասնավորապես դասընթացների ստեղծման, այնպիսին, ինչպիսին մենք են ստեղծում, նաեւ այնպիսին, որոնք իրենք են ստեղծում: Առայժմ որոշակիություն չկա, ապագայում գուցե լինի: Բայց ասացին, որ առաջիկայում կարող ենք համագործակցել: Սպասում ենք իրենց կապին»:
«Դասո սիսթեմս»-ի հետ ցանկացած համագործակցություն, ըստ Մելիքյանի, Հայաստանի համար շահավետ կլինի. «Նրանք միանձնյա առաջատարն են աշխատանքի ծավալով եւ աշխատակիցների քանակով: Չափազանց կարեւոր կլինի համագործակցությունը, մասնավորապես թվային կրկնօրինակումը, որը հիմա չափազանց նորարար է եւ նորաձեւ բոլոր ասպարեզներում: Նրանք մեծ փորձ ունեն, ուստի նրանց փորձի ներառումը եւ նմանատիպ համակարգերի ստեղծումը հայկական ՏՏ ոլորտում մեծ առավելություն կտա»:
Նշենք, որ «Դասո սիսթեմս»-ի պատվիրակությունն այցելել էր ԵՊՀ, Հայաստանում ֆրանսիական համալսարան, «Այբ» դպրոց, «Քվանտ» վարժարան, «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «PicsArt» եւ «Բեթ Կոնստրակտ» ընկերություններ, հանդիպել էին նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ներկայացուցիչների հետ:
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ