«Այդ հայտնի ֆեյսբուքյան գրառումը պարզապես ցինիկություն է, անլրջություն: Եվս մի բան, որ վկայում է այն մասին, որ քաղաքականացված մարմին է այսօր դատական համակարգը, ինչը պետք է տեղի չունենար»,- Aravot.am-ի հետ զրույցում խոսելով անցումային արդարադատության եւ դատական համակարգի խնդիրների մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Նա նկատի ուներ Սերգո Երիցյանի դատավոր որդու՝ Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա, արձագանքելով դատարանների մուտքերն ու ելքերը փակելու գործողություններին, հորդորել էր. «Իմ շատ սիրելի ընկերներ, լսել եմ՝ կես բուռ անձանց անորոշ ակցիայից հետո շատերն են վախեցել։ Իսկույն չիշիկ խմեք, ասում են՝ օգնում ա»:
Մեկ այլ դատավոր էլ՝ Ալեքսանդր Ազարյանը հայտարարել էր, որ հրաժարական կտա երկու դեպքում՝ երբ հրաժարական կտա Նիկոլ Փաշինյանը եւ երբ լրանա իր 65 տարին:
Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ «Ի՞նչ գործ ունի դատավորը՝ ապաքաղաքական մարմնի ներկայացուցիչը անել նման հայտարարություն ու կապել իր հրաժարականը վարչապետի հետ: Դա խոսում է նրա մասին, որ այսօր մենք ունենք քաղաքականացված դատական համակարգ եւ հիմնավոր կասկածներ կան, որ կոռումպացված դատական համակարգ ունենք: Պետք է այդ ամեն ինչը մաքրվի»:
Կարդացեք նաև
Հակոբյանն ասաց, որ երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը կայացվեց, քաղաքացիներն իրեն դիտողություն են արել. «Ինձ սկսեցին սրճարաններում մոտենալ մարդիկ ու ասել՝ մի քիչ խստացեք, էլի: Ասում եմ՝ դե, օրենքով պետք է լինի: Բենզալցակայանի աշխատողն ինձ ասում է՝ բռնելու են, չէ՞ Քոչարյանին: Մարդիկ, երբ այդպիսի բաներ են տեսնում, ավելի շատ են սկսում դուխ տալ, ասել, որ մեր կողքին են: Մարդիկ ինձ ասում են՝ մեկ-մեկ պետք է օրենքը խախտել, ոչինչ, իրանց հասնում ա: Դա համատարած հանրության կարծիքն է: Եվ բերել այսօր մի քանի խամաճիկ դատավորներով ինչ-որ վճիռներ կայացնել, չգիտեմ…պետք է մաքրվի: Ես վստահ եմ, որ այս գործընթացում հասարակությունը մեր հետ է, մեզնից պահանջում է, որ մենք մաքրենք դատական համակարգը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ