Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը

Մայիս 24,2019 17:10

Թուրքիայի սահմանադրական դատարանը նախորդ տարիներին երկրի իշխանությունների ու տարբեր դատարանների՝ Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները խոչընդոտելը հայերի կրոնական ազատությունների խախտում է որակել:

Այս որոշումը վերաբերում է 2010 թվականից սկսած պատրիարքական նոր ընտրություններ անցկացնելու համար հայ համայնքի կողմից՝ Թուրքիայի տարբեր ատյաններ ներկայացված դիմումների մերժումներին:

Գործընթացի նախապատմությունն հետևյալն է.

2010 թվականին, երբ Պոլսի 84-րդ պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանն արդեն անբուժելի հիվանդ էր և անգիտակից պառկած լինելու պատճառով չէր կարողանում կատարել իր պարտականությունները, հայ համայնքից ձևավորված Ներկայացուցիչների խորհուրդը դիմել էր ներքին գործերի նախարարություն՝ ընտրություններ կազմակերպելու թույլտվություն ստանալու համար: Մերժում ստանալուց հետո հայկական կողմը դիմել էր Թուրքիայի պետական խորհրդին (պետական կառավարման ոլորտում առաջացող վեճերը կարգավորող բարձրագույն վարչական դատարան-խմբ.): Պետական խորհուրդը, սակայն, որոշել էր, որ այդ հարցն իր իրավասություններից դուրս է:

Դրանից հետո Ստամբուլի նահանգապետարանի պահանջով անցկացված պատրիարքի ընդհանուր փոխանորդի ընտրությունների արդյունքում փոխանորդ էր ընտրվել Արամ Աթեշյանը: Ներկայացուցիչների խորհուրդն էլ այս որոշման դեմ դատ էր բացել՝ հիմնավորելով, որ պատրիարքի ընդհանուր փոխանորդի  պաշտոնը իրավականորեն ձևակերպված չէ: Այդ հայցը մերժվել էր թուրքական դատարանի կողմից: Արդյունք չէին տվել նաև ավելի բարձր ատյանի դատարաններում բողոքարկումները: Այս իրավիճակում 2016 թվականին Ներկայացուցիչների խորհուրդը դիմել էր Թուրքիայի սահմանադրական դատարան:

Հարցի առնչությամբ միայն 3 տարի հետո՝ ս/թ մայիսի 22-ին, Թուրքիայի սահմանադրական դատարանի գումարած նիստում որոշում է կայացվել, որ նախորդած 9 տարվա ընթացքում երկրի դատական ատյանների կայացրած որոշումների հետևանքով խախտվել է Թուրքիայի սահմանադրության 24-րդ հոդվածը, որը երաշխավորում է այդ երկրի քաղաքացիների կրոնական ազատությունները:

Նշենք, որ այս որոշումը պատրիարքական ընտրությունների գործընթացի վրա այս պահին չի կարող որևէ ազդեցություն ունենալ, քանի որ Մութաֆյանի վախճանից հետո ընտրությունների կազմակերպման փուլն արդեն մեկնարկել է:

Աղբյուր`    Ermenihaber/AGOS

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031