Այսուհետ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնն իր ներկայությունը կունենա Մոնոպոլիի «Սուդեստիվալում» (Իտալիա), իսկ «Սուդեստիվալը»` հայաստանյան փառատոնում:
Մայիսի 24-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում փոխըմբռնման հուշագիր կնքվեց «Ոսկե ծիրանի» եւ «Սուդեստիվալի» միջև: Հուշագիրն էլ ստորագրեցին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը և «Սուդեստիվալի» գեղարվեստական ղեկավար Միկելե Սուման: Ներկա էր նաեւ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն:
«Կինոն յուրատեսակ կամուրջ է Իտալիայի եւ Հայաստանի միջեւ եւ միմյանց ճանաչելու միջոց…Իրար լավ ճանաչելու համար շատ կարեւոր է, որ Հայաստանն իր անմիջական բաժինն ունենա «Սուդեստիվալում», որը կարեւոր նշանակություն կունենա Իտալիայի հայ համայնքի, հատկապես` Մոնոպոլիի հայության համար»,-նշեց Միկելե Սուման: Հավելեց, որ նույնքան կարեւոր է իտալացիներին հայկական պատմողական ուժին` կինոյին ծանոթացնելը:
Մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
Նրա խոսքերով, հանրահայտ կինոռեժիսորներից շատերը հենց «Սուդեստիվալով» են անցել, եւ «Սուդեստիվալը» կարող է «Ոսկե ծիրանին» ապահովել «թարմ» կինոյով, քանի որ իրենք զբաղվում են ֆիլմերի առաջին, երբեմն նաեւ երկրորդ ցուցադրություններով:
ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն փաստեց, որ Եվրոպայի օրվա շրջանակում արդեն երկրորդ անգամ ՀՀ-ում անցկացվում է «Սուդեստիվալ» իտալական ֆիլմերի փառատոնը: Այս տարի փառատոնի շրջանակներում անցկացվել են վարպետության դասեր իտալացի անվանի սցենարիստ Սալվատորե Դե Մոլայի կողմից: «Տարվա 365 օրվանից 330-ում մենք Հայաստանում իտալական միջոցառումներ ունենք»,-շեշտեց դեսպանը:
Մանրամասն` տեսանյութում
Հարություն Խաչատրյանը նշեց, որ այս տարվա «Ոսկե ծիրանը» առանձնահատուկ շեշտադրում չունի որեւէ երկրի վրա, սակայն մյուս տարվանից կմտածեն փառատոների երկուստեք շեշտադրումների մասին, ինչպես, օրինակ, «Սուդեստիվալում» : Իտալական ֆիլմերի փառատոնի մասին խոսելիս, որն անցկացվում է ՀՀ-ում Իտալիայի դեսպանի շնորհիվ, նշեց, որ այն կարեւոր է երիտասարդ սերնդի համար, իսկ նոր փաստաթղթի ստորագրումով հայ-իտալական կինոհամագործակցությունը էլ ավելի կխորանա
Դեսպանն ընդգծեց, որ ուրախ է հայ-իտալական համագործակցության համար` հաշվի առնելով «Ոսկե ծիրանի» հեղինակությունը նաեւ Հայաստանի սահմաններից դուրս: «Ոսկե ծիրանը» միշտ ցուցաբերել է բարձր ակտիվություն, դրա համար պետք է օժանդակել որակյալ կինոյին: Կինոն ոչ միայն գեղեցիկ գործ է, այլեւ միջոց, որը մեզ հարստացնում է: Եվ Հայաստանը եւ Իտալիան ունեն հարուստ կինո, ինչը պայման է, որ երկկողմ հարաբերություններն ամրապնդենք այդ ոլորտում»,-ասաց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ