Մայիսյան հաղթանակների շարքը սևանցի մարզիկները լրացրեցին մարզական հերթական հաղթանակներով, որ գրանցվեց վերջերս Ուկրաինայի Լուցկ քաղաքում:
Մայիսի 16-19-ը Լուցկում տեղի ունեցավ ուժային եռամարտի աշխարհի առաջնություն: Հայաստանի հավաքականի կազմում էին սևանցի եռամարտիկներ, Սևանի մարզադպրոցի նախկին սան, այժմ մարզիչ Վարազդատ Հակոբյանը և մարզադպրոցի սան Սամվել Հունանյանը:
Վարազդատ Հակոբյանը դեռևս անցած տարի, Լուցկում մասնակցելով եռամարտի աշխարհի առաջնությանը, նվաճել էր չեմպիոնի կոչում և այժմ մասնակցում էր կրկնակի չեմպիոն դառնալու ակնկալիքով:
Մարզիկը կարողացավ կատարել իր առջև դրված խնդիրը և մեծահասակների առաջնությունում դարձավ առաջին մրցանակակիր` նվաճելով ոչ միայն ոսկե մեդալ /եռամարտի արդյունքը` 445 կգ/, այլ նաև` կրկնակի չեմպիոնի տիտղոսը:
Կարդացեք նաև
Վարազդատը, որը նաև «Դյուցազնագրքի» հերոս է, և բազմիցս է սևանցիներին հպարտանալու և ոգևորության պահեր պարգևել, իր հաղթանակի մեջ կարևորում է նաև այն մարդկանց դերը, որոնց շնորհիվ կարողացավ մասնակցել հերթական առաջնությանը:
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ Վարազդատին աջակցեցին Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Սևանի ոստիկան վետերանների նախագահ Գեղամ Ավետիսյանը, «Գեղամա» հեռուստաընկերության հիմնադիր-նախագահ Գագիկ Ղազարյանը:
Հայաստանի հավաքականի սևանցի մյուս մասնակիցը` Սամվել Հունանյանը, իր ուժերը չափեց մինչև 23 տարեկանների առաջնությունում, նվաճեց երկրորդ մրցանակային տեղը` դառնալով փոխչեմպիոն:
Փոխչեմպիոնի ճանապարհը նա հարթեց նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի աջակցությամբ:
Մեր մարզիկների դիմավորումն էլ տեղի ունեցավ հանդիսավոր պայմաններում: Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանը, որը մշտապես մարզիկների կողքին է, «Զվարթնոց» օդանավակայանում էլ նրանց վերադարձը դարձրեց հիշարժան: Օրեր անց տղաներին սպասվում է ընդունելություն Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից:
Աշխարհի ևս մեկ առաջնություն դարձավ իրողություն: ՀՀ հավաքականի մարզիկները տոնեցին տպավորիչ հաղթանակներ: Սևանցի մարզիկներն էլ իրենց առջև դրված խնդիրը կատարեցին լավագույնս` Հայաստանի հավաքականին բերելով միավորներ և մեդալներ:
Տեղեկացնենք ուժային եռամարտի ՀՀ հավաքականը Ուկրաինայում կայացած Ուժային եռամարտի աշխարհի առաջնությունում 30 պետությունների մեջ թիմային հաշվարկով գրավել է առաջին տեղը։
Արմինե ՂՈՒԿԱՍՅԱՆ