Լրահոս
Օրվա լրահոսը

Աիդա Տիգրանյան. Նման կերպով Գոգյանն ուղղակի փորձ է անում ինքնահաստատվել

Մայիս 24,2019 16:33

Արձագանքելով սույն թվականի մայիսի 22-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Ս.Գոգյանի` շարունակաբար կրկնվող ապատեղեկատվությանը` իմ ատենախոսության վերաբերյալ, անհրաժեշտ եմ համարում ներկայացնել մի քանի փաստ` հիշյալ պաշտոնյայի թույլ տված տարատեսակ խախտումների մասին: Մասնավորապես՝ ԵՊՀ Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի՝ ինձ մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագիր հանձնելու միջնորդությունը ԲՈԿ-ի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 78-Ա հրամանով մերժվել է: ԲՈԿ-ի նախագահը, թերևս իրեն հայտնի դրդապատճառներից ելնելով, առանձնակի ոգևորությամբ հրապարակային հարթակներում անընդհատ խոսում է այդ մասին:

Նախ նշեմ, որ ես մինչ այժմ չեմ անդրադարձել Գոգյանի ելույթներին, որովհետև Կրթության և գիտության նախարարի հրամանով հարուցվել էր վարչական վարույթ, ստեղծվել վարչական մարմին՝ իմ դիմում բողոքի հիման վրա, ուստի, որևէ մեկի անմեղության կանխավարկածը չանտեսելու նպատակով, Գոգյանի տարածած սուտ տեղեկատվությանը չեմ արձագանքել: Սակայն, հաշվի առնելով նրա կողմից կոռեկտության սահմանների պարբերաբար խախտումը՝ ստիպված եմ անդրադառնալ. 22.05.2019-ին ստացել եմ Կրթության և գիտության նախարարի նամակը, որով տեղեկացվել եմ, որ իմ դիմում-բողոքի պահանջը մասնակի բավարարվել է. ԲՈԿ-ի վերը հիշատակված թիվ 78-Ա հրամանը անվավեր է ճանաչվել և ԲՈԿ-ի նախագահին հանձնարարվել է ընդունել նոր հրաման:

Ինչպես նշել է իր ելույթում Գոգյանը, ինքը ևս ստացել է Կրթության և գիտության նախարարի համապատասխան որոշումը և, չանդրադառնալով որոշման հիմքերին ու նախարարի հանձնարարությանը, փաստել, որ կրկին մերժման հրաման է տալու` վստահություն ունենալով նաև, որ ես կդիմեմ դատարան: Գոգյանը, գիտակցելով, որ ամբողջ գործընթացը հիմնված է մի շարք խախտումների և վերացական ենթադրությունների վրա, բացակայում է որևէ գիտական և մասնագիտական հիմնավորված կարծիք և հասկանալով, որ դատարանի որոշումը կարող է բացահայտել վերը թվարկվածը, հայտարարում է, որ արդեն իսկ չի ընդունում դատարանի կողմից դեռ չկայացրած որոշումը՝ նման ձևով նախօրոք արդարացնելու համար իր՝ օրենքների և ընթացակարգերի չիմացությունը կամ դրանց միտումնավոր սխալ կիրառումը: Անդրադառնալով մի քանի ամիս շարունակվող Գոգյանի սուտ հայտարարություններին՝ տեղեկացնեմ, որ նման կերպով Գոգյանն ուղղակի փորձ է անում ինքնահաստատվել որպես ԲՈԿ-ի նախագահ՝ բազմիցս և անհիմն նշելով, որ ինքը կարողացել է մերժել Կրթության և գիտության նախարարության բաժնի պետին գիտական աստիճան շնորհելու վերաբերյալ ԵՊՀ Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի միջնորդությունը՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նման պահվածքը, մեղմ ասած, հարիր չէ այդ պաշտոնը զբաղեցնող անձին:

Կրկին նշելով այն միտքը, որը հաճախ աղավաղվում է ԲՈԿ-ի նախագահի կողմից, հարկ եմ համարում շեշտել, որ ես երբևէ չեմ ընդունել իմ աշխատանքում այլ հեղինակներից և աղբյուրներից փոխառված նյութերի առկայությունը: Այնուամենայնիվ պարզաբանեմ և անդրադառնամ. էջերի քանակը և տոկոսները, որոնք իր ելույթներում երևակայական և աստիճանական աճով ոգևորված ներկայացնում է ԲՈԿ-ի նախագահը, իրականում գոյություն չունեն:

Այս գործընթացի շրջանակներում առիթ եմ ունեցել անձամբ շփվել Գոգյանի հետ նաև որպես կոլեգա և բազմից լսել քննադատություններ ԲՈԿ-ի այն թույլ փորձագիտական ինստիտուտի գործունեության մասին, որն այժմ գործում է մանկավարժության ոլորտում: Դրա վառ ապացույցն է հանդիսանում նաև 2018 թվականի հոկտեմբերի 19-ին ԵՊՀ Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի նիստում իմ կողմից ներկայացված հաղորդումը, որին հաջորդել են գիտական ղեկավարի, առաջատար կազմակերպության, պաշտոնական ընդդիմախոսների և խորհրդի անդամների անհամաձայնության մասին ելույթները՝ ԲՈԿ-ի եզրակացության վերաբերյալ, ինչպես նաև խորհրդի վերահաստատված դրական եզրակացությունը և որոշումը:

Մի կողմ դնելով իր նախկինում հայտնած կարծիքները՝ այսօր Գոգյանը խոսում է փորձագետի կողմից տրված մի եզրակացության մասին, որն ուղղակի հեռու է գիտական կամ փորձագիտական եզրակացություն լինելուց, քանի որ փորձագետն իր կողմից ներկայացված ամբողջ փորձագիտական եզրակացության մեջ չի նշել գեթ մեկ բառ, տող, նախադասություն՝ մատնանշելով, թե ես, որպես հեղինակ որտեղից և որ միտքն եմ վերցրել` առանց հղման: Փոխարենը ուղղակի ազատ ոճի շարադրությամբ մտքեր է արտահայտում և ամփոփում ինչ-որ «հիսուն տոկոսով»: Փորձագետ, ով իր գրավոր եզրակացության մեջ բազմիցս օգտվում է հետևյալ, ըստ իրեն «գիտական» կամ «փորձագիտական» եզրույթներից. օրինակ՝ նախարարի հանձնարարականում, ինչպես նշել է փորձագետը, «ակնարկ» ընկալված հատվածներ, կամ վերացական «մի փոքր մասի վերաբերյալ նշված է նաև ԲՈԿ-ի տեղեկագրում» կամ «մեղմ հաշվարկներ», որոնք հիմք են հանդիսացել ԲՈԿ-ի նախագահի կողմից հայտարարված 75 էջի համար, որը կազմում է աշխատանքի 42%-ը: Իսկ հանդիպման ժամանակ իմ պահանջը` մատնանշել որևէ նախադասություն կամ էջ, որը փորձագետը համարում է այլ հեղինակներից և աղբյուրներից իմ կողմից փոխառված նյութ, ուղղակի անտեսված է:

Ինձ համար անընդունելի է, ինչպես նման փորձագետի ոչ գիտական և ոչ մասնագիտական կարծիքը, այնպես էլ Գոգյանի կողմից նման անհիմն կարծիքին հղում տալը: Որպեսզի իմ տեղեկատվությունը մերկապարանոց չհնչի և չնմանվի Գոգյանի հայտարարություններին, ես պատրաստ եմ հրապարակել տվյալ փորձագետի կարծիքը և եզրակացությունը:

Անդրադառնամ նաև 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ԲՈԿ-ի նախագահի կողմից թույլ տրված խախտումներից մեկին՝ իմ ատենախոսության վերաբերյալ ԲՈԿ-ի կողմից տրամադրված երկրորդ եզրակացությանը, որի համար հիմք է հանդիսացել իմ թեկնածուական ատենախոսությունն առանց որևէ հիմնավորման և իրավական հիմքերի, հաշվի չառնելով ԵՊՀ Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի վերահաստատված դրական որոշումը, ևս մեկ անգամ անցկացված «փորձաքննությունը»:

Իմ վարչական բողոքի շրջանակներում ԲՈԿ-ի կողմից ներկայացված երկրորդ եզրակացությանն է անդրադարձել երկրորդ փորձագետը, ով նախ նշել է իր անհամաձայնությունը ԲՈԿ-ի ներկայացրած մի քանի կետերին, բայց չի անդրադարձել ԲՈԿ-ի այնպիսի էական «բացթողումներին», ինչպիսինն է, օրինակ, ինչ-որ «ձեռնարկի» գոյություն չունեցող էջերից վերցված նյութեր (եթե «ձեռնարկն» ավարտվում է 49 էջով, հնարավոր չէ 56-րդ էջից նյութեր փոխառնել):

Ի գիտություն Գոգյանի՝ տեղեկացնեմ, որ համամիտ չլինելով փորձագետի այն կարծիքին, որ աշխատանքում ունեմ այլ հեղինակներից և աղբյուրներից բառացի փոխառված նյութեր` առանց համապատասխան հղումների, այդուամենայնիվ, հարկ եմ համարում շեշտել. իմ բողոքի շրջանակում այդ հատվածները փորձագետի կողմից գնահատվել են և ներկայացվել հաշվարկներ` ԲՈԿ-ի եզրակացության հիման վրա դրանք կազմում են թեկնածուական ատենախոսության 14%, իսկ ավելի փաստական հաշվարկով (հաշվի առնելով ԲՈԿ-ի եզրակացության 12-րդ կետում նշված գոյություն չունեցող էջերը)՝ 16.4 էջ, կազմում է աշխատանքի 9.2%:

Չընդունելով նաև վարչական վարույթի շրջանակում վերոնշյալ միակ փորձագետի կարծիքը, ով, թեկուզ իր հաշվարկներով արձանագրել է փաստացի թիվ, իմ կարծիքը և հիմնավորումները դրանց վերաբերյալ կներկայացնեմ դատարանում:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ հարկ եմ համարում ընդգծել իմ անհանգստությունը ԲՈԿ-ի նախագահի՝ գիտության հանդեպ այս աստիճանի անպատասխանատու վերաբերմունքի համար, որն արտահայտվում է Գոգյանի՝ օրենսդրական դաշտին չտիրապետելու, իրավական ակտերի պահանջները չկիրառելու հանգամանքով, միևնույն ժամանակ անպատասխանատու և չհիմնավորված հայտարարություններ անելով, որոնց ես կանդրադառնամ արդեն դատարանում:

Մեջբերում. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2019 թվականի մայիսի 21-ի թիվ 01/8240-19 որոշումից. <<….Ելնելով վերը շարադրվածից՝ վարչական մարմինն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացի Աիդա Տիգրանյանի՝ «Վարչական վարույթ հարուցելու և Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի <<Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդում պաշտպանած Աիդա Տիգրանյանի թեկնածուական ատենախոսության վերաբերյալ թիվ 78-Ա հրամանը անվավեր ճանաչելու և գիտական աստիճանի վկայագիր տալու մասին նոր վարչական ակտ ընդունելու պահանջի մասին» 2019 թվականի հունվարի 22-ի վարչական բողոքի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում հիմնավորվել է վկայակոչված հրամանի անվավերության հանգամանքը, ուստի, ղեկավարվելով Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի, 53-րդ հոդվածի 1-ին մասի և 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

  1. Մասնակի բավարարել ՀՀ քաղաքացի Աիդա Տիգրանյանի՝ «Վարչական վարույթ հարուցելու և Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 26-իՄանկավարժության 065 մասնագիտական խորհրդում պաշտպանած Աիդա Տիգրանյանի թեկնածուական ատենախոսության վերաբերյալթիվ 78-Ա հրամանը անվավեր ճանաչելու և գիտական աստիճանի վկայագիր տալու մասին նոր վարչական ակտ ընդունելու պահանջի մասին» 2019 թվականի հունվարի 22-ի վարչական բողոքով ներկայացված պահանջը, այն է՝ պարտավորեցնել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահին անվավեր ճանաչելու 2018 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 78-Ա հրամանը:
  2. Հանձնարարել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահին՝ ընդունել նոր հրաման Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդում պաշտպանած ՀՀ քաղաքացի Աիդա Տիգրանյանի թեկնածուական ատենախոսության վերաբերյալ:…>>

 

ԵՊՀ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ
ԱՄԲԻՈՆԻ ԱՍՊԻՐԱՆՏ,

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱԻԴԱ ՏԻԳՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031