Ինչպես գիտենք, բնակչության կենսամակարդակի աննախադեպ անկումը ստիպում է մեր հայրենակիցներին ավելի շատ ավտոմեքենաներ ձեռք բերել։ Դրանով գոնե որոշ չափով հաջողվում է մեղմել այն ծայրահեղ չքավորությունը, որում նրանք հայտնվել են։ Տարեց տարի աճում է ներկրվող մեքենաների թիվը, հասնելով տարեկան մի քանի տասնյակ հազարի։ Արդյունքում զգալիորեն ավելացել են ավտոմեքենաների սեփականատերերը եւ աճել է փողոցների ծանրաբեռնվածությունը, որում իր զգալի ներդրումն ունի նաեւ տարեց տարի աճող արտագաղթի ծավալը․ արտագաղթած մեր հայրենակիցներին գալիս են փոխարինելու ավտոմեքենաները։ Իր հերթին, դա հանգեցրել է փոխադրամիջոցների շարժման միջին արագության շեշտակի նվազմանը եւ խցանումների թվի աճին։
Սակայն սրանք օբյեկտիվ երեւույթների հետեւանքներ են։ Իսկ ի՞նչ միջոցներ է ձեռնարկում իշխանությունը այդ գործընթացում ի՛ր ներդրումն ունենալու ուղղությամբ։ Այս հարցով մեր թղթակիցը զրուցեց երթեւեկության կարգավորման վարչության ղեկավարի հետ։
— Այո, դուք ճիշտ եք․ շարժման արագությունը անշեղորեն նվազում է եւ դա իրոք օբյեկտիվ իրողություն է։ Բայց մենք էլ մեր ձեռքերը ծալած չենք նստում։ Այսպես, բոլորս գիտենք, որ երթեւեկության կանոնների համաձայն վարորդները պետք է ճանապարհը զիջեն անցումներով անցնող հետիոտններին եւ ի տարբերություն աշխարհի շատ երկրների մեր երկրում վարորդները մեծ պարտաճանաչությամբ հետեւում են այդ կանոնին, ինչի արդյունքում ճանապարհային հոսքի արագությունը զգալիորեն նվազում է։ Հատկապես, որ մեր քաղաքացիները լավ իմանալով իրենց իրավունքները փողոցն անցնում են հնարավորինս դանդաղ՝ զբոսնելով ու զրուցելով։ Նրանք այնքան են վստահում իրենց վարորդ հայրենակիցներին, որ նույնիսկ չեն էլ նայում նրանց կողմը։ Իրենք համոզված են․ ամեն ինչ լավ կլինի։
Բայց մենք չենք բավարարվում դրանով։ Վերջին ամիսներին մենք բոլոր անցումներում տեղադրել ենք լուսացույցներ, որոնց շնորհիվ նույնիսկ եթե հետիոտններն արդեն անցել են փողոցը լուսացույցը դեռ երկար ժամանակ իր կարմիր ազդանշանով արգելում է վարորդներին պոկվել տեղից։
Կարդացեք նաև
— Սակայն, որքան կարող ենք տեսնել, դուք դրանով էլ չեք բավարարվել։
— Այո։ Վերջին օրերին մենք այդ հետիոտնային անցումները բարձրացնում ենք երթեւեկելի հատվածի մակարդակի նկատմամբ, այնպես որ նույնիսկ եթե ոչ ոք չի անցում փողոցը, միեւնույն է մեքենաները ստիպված են լինում դանդաղեցնել իրենց ընթացքը։ Եվ ինչպես կարող եք համոզվել՝ ոչ ապարդյուն․ նշված հատվածներում շարժման արագությունը այնքան է ընկնում, որ երբեմն նույնիսկ հաջողվում է հասնել խցանումների գոյացմանը։
— Ինչպես ասում են, կներեք, «պառկած ոստիկա՞ն»։
— Այո։ Թեեւ ավելի ճիշտ կլիներ ասել՝ ոստիկանների ջոկ։
— Բայց երեւի դա դեռ ամենը չէ՞, եւ նշվածներից բացի երթեւեկության արագությունը նվազեցնելու համար այլ միջոցներ ե՞ւս կան։
— Ինչ խոսք։ Օրինակ, մենք հորդորում ենք մեր գործարարներին, որպեսզի նրանք նեղ փողոցների վրա կազմակերպեն խոշոր խանութներ՝ ավտոկայանատեղիներով, որոնք արգելակում են շարժումն այդ հատվածներում։ Երբեմն էլ նման խանութներ նախաձեռնում ենք արագընթաց մայրուղիների հատվածներում, որոնց շնորհիվ այդ մայրուղիները ստանում են նոր գործառույթ, դառնալով մեր երկիր ժամանած զբոսաշրջիկների նախանձի առարկա։
Լավագույն հնարքներից է նաեւ վերանորոգման արհեստանոցների կազմակերպումը մայրուղիների վրա․ բավական է վուլկանացման կետ տեղադրել մայրուղու ամենաբանուկ հատվածում, եւ առանց երթեւեկության կարգավորողի միջամտության էլ արագության անկումն ապահովված է։
Բացի այդ մենք ներողամտությամբ ենք վերաբերում խաչմերուկներում՝ արգելող նշանի տակ կայանող մեքենաների վարորդների նկատմամբ, քանի որ նրանց շնորհիվ երթեւեկելի մասը նեղանում է, եւ փողոցի թողունակությունը շուրջ երեսուն-հիսուն տոկոսով նվազում է։
— Սակայն սրանք բոլորը տեղային միջոցներ են։ Իսկ կա՞ն համակարգային լուծումներ։
— Այո։ Եվ լավագույն միջոցներից է ճանապարհների ճիշտ նշագծումը։ Շատ արդյունավետ է փողոցի բաշխումը այնպիսի գոտիների, որպեսզի ճամփեզրին կայանած մեքենաները զբաղեցնեն ձախ գոտու զգալի մասը։ Այդ դեպքում բանուկ մասում շարժվող մեքենաների վարորդները նախընտրում են շարժվել մեկ, այլ ոչ թե երկու շարքով, ինչը կիսով չափ նվազեցնում է փողոցի թողունակությունը։
Վերջապես լավ արդյունքների է բերում նաեւ նշագծման բացակայությունն առհասարակ, ինչը նաեւ մեծ խնայողություն է ապահովում բյուջեին։ Թեեւ երբեմն կարելի է տեսնել, որ որոշ տեղամասերի ղեկավարներ խաչմերուկներին հարող հատվածներում անհեռատեսորեն ավելացնում են գոտիների քանակը, կամ լուսացույցների միջոցով բաց պահում աջ շրջադարձը, ինչը բերում է խաչմերուկների արագ բեռնաթափմանը։ Բայց մենք պայքարում ենք այդպիսի նախաձեռնությունների դեմ։
Շատ կարեւոր է նաեւ փողոցների ծածկույթի համարժեք վիճակը։ Այսպես, մեզ մեծ ուրախություն պատճառեց ջրագծերի փոփոխումը, որի արդյունքում էապես կարգավորվեց ճանապարհների ծածկույթի որակը, դառնալով ավելի բազմազան եւ գեղատեսիլ։ Այսօր այդ ծածկույթի նույնիսկ աննշան առանձնահատկությունները ուշադրությունից բաց չթողնելու համար վարորդները շատ դանդաղ են անցնում նման տեղամասերը․ ինչպես ասում են, համատեղում են հաճելին՝ օգտակարի հետ։
— Բայց այս բոլորը վերաբերում է ներքաղաքային երթեւեկությանը։ Իսկ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում միջքաղաքային մայրուղիների շարժումը կարգավորելու ուղղությամբ։
— Դե, որոշ լուծումներ ընդհանուր են։ Օրինակ, հենց նույն ծածկույթի գործոնի մասով․ մեր միջքաղաքային մայրուղիների ծածկույթը ամենագեղատեսիլն է տարածաշրջանում։ Բայց, անշուշտ, կան եւ հատուկ լուծումներ։ Սկսած ուղղակի ներգործության միջոցներից, երբ մենք պարզապես, սահմանափակում ենք արագությունները, առանց բացատրության, եւ վերջացրած ավելի փափուկ եւ անուղղակի եղանակներով։ Օրինակ, տեղադրում ենք զգուշացնող նշաններ ճանապարհային աշխատանքների մասին (որոնք, պարտադիր էլ չէ, որ ընթանան), եւ սահմանափակում արագությունը մինչեւ երեսունը, քսանը։ Կամ ավելի ցածր։ Բացի այդ, բարեբախտաբար, մեր միջքաղաքային մայրուղիների մեծ մասը անցնում է բնակավայրերով, ուր արագությունը առանց այն էլ սահմանափակված է վաթսունով։ Բայց մենք լրացուցիչ ուժեղացնում ենք այդ գործոնի ազդեցությունը՝ բնակավայրերի սահմանները նշող ցուցանակները այդ բնակավայրերի իրական սահմաններից զգալիորեն հեռացնելով։ Պատկերացնում եք չէ՞․ բնակավայրը դեռ չի էլ երեւում, իսկ ցուցանակը կա։ Եթե պետք է, այն կարող է ուժեղացվել արագաչափով։
— Հիանում եմ մեր իշխանությունների հնարամտությամբ եւ ստեղծագործ մտքի դրսեւորումներով։
— Շնորհակալություն։ Բայց դե գիտեք, դա էլ դեռ ամենը չէ։ Բա դանդաղաշարժ տրոլեյբուսների միջոցով փոքր փողոցների խցանո՞ւմը։ Ոմանց կարող է թվալ, թե տրոլեյբուսների շահագործումը խրախուսվում է արտանետումները նվազեցնելու համար, սակայն դա այդպես չէ, քանի որ, տրոլեյբուսների ետեւում ցածր փոխանցումների վրա դանդաղ ընթացող ավտոմեքենաների արտանետումները զգալիորեն աճում են։ Ոչ, իհարկե, տրոլեյբուսների շահագործման հիմնական նպատակը երթեւեկության արագության կարգավորումն է։
Կարելի է հիշել նաեւ տարբեր հիմնարկների, դպրոցների դիմաց երկու-երեք շարքով կանգնած մեքենաները (խանութների մասին ես արդեն խոսեցի), որոնց վարորդներին ոչ ոք չի տուգանում։ Կամ կանգառներում կուտակվող փոխադրամիջոցները… Բա երթուղայիննե՜րը, որոնք մեզ աջակցում են ամենուրեք… Միջոցները շատ են եւ դեռ շարունակում են կատարելագործվել։ Եվ շուտով դուք մեր ստեղծարար մտքի նորանոր դրսեւորումների ականատեսները կլինեք։
— Շնորհակալություն հետաքրքիր եւ հուսադրող զրույցի համար։
Զրույցը վարեց մեր թղթակիցը։
Ռուբէն Թարումեան
19.05.2019