Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին փոխնախարարը սիգի ապօրինի, բայց կազմակերպված որսի կասկածներ է հայտնում

Մայիս 24,2019 15:42

Հրաժարականի դիմում ներկայացրած փոխնախարար Այսեր Ղազարյանն այսօր «Սպուտնիկ-Արմենիա» մամուլի կենտրոնում որոշ մանրամասներ ներկայացրեց, թե ինչն է ստիպել իրեն հրաժարվել պաշտոնից: Ղազարյանն օրերս իր՝ աշխատանքից ազատման դիմումի մասին գրել էր ֆեյսբուքյան իր էջում. «Հեղափոխությունը շարունակվում է…ես մերժում եմ կառավարման «նախկին» համակարգի իներցիաները, վստահ եմ, որ սերն ու հանդուրժողականությունը չեն վերաբերվում հանցավոր ռեժիմից «ժառանգված» կառավարման համակարգին և նրան սպասարկող «բալաստին»… մի տեսակ ակտիվացել են»:

Ասուլիսին Ղազարյանն ասաց, որ այդ ոլորտում սոցիալական եւ բնապահպանական ասպեկտները հակադրվել են ի շահ ստվերային տնտեսության՝ հիդրոկայանները, հանքարդյունաբերությունը, անտառտնտեսությունը եւ այլն. «Հիմա տեսնում ենք ինչպես են համայնքները դուրս գալիս իրենց իրավունքի պաշտպանության համար, ասենք՝ հիդրոկայանների դեմ»: Ըստ Ղազարյանի, պետք է վերջնական կշռել եւ որոշում կայացնել՝ մետաղական հանքերի որ մասը պետք է շահագործվի, որը՝ ոչ:

Ըստ Ղազարյանի, Սեւանա լճի ափամերձ տարածքներ իրական վիճակը վերջապես պետք է պարզվի, Սեւանից ցանցավանդակները պետք է հանվեն. «Եթե չեմ սխալվում, 22 դիտակետ կա, որով շրջակա միջավայրի մոնիտորինգի համար ջուր են վերցնում՝ որակը ստուգելու: Հիմա ֆինանսավորման խնդիր ունենք, այն տնտեսվարողը, որն ակտիվ գործունեություն է ծավալում լճում, ինքն է ջուրը վերցնում ու որակը ստուգում: Այստեղ շահերի բախում կա:

Մանրամասները՝ տեսանյութում

Ղազարյանը նաեւ ուշագրավ փաստեր ներկայացրեց Սեւանա լճի եւ սիգի մասին. «Հիդրոլոգիայի ինստիտուտն ամեն տարի սիգի ձվադրումից առաջ խստացնում է որսը, ըստ էության՝ արգելված է այդ սեզոնին սիգի որսը: Բայց մի կողմից արգելված է, մյուս կողմից էլ՝ արվում է: Բնապահպանության տեսչությունը՝ նախարարության, Սեւան ազգային պարկի եւ ոստիկանության հետ անցյալ տարի պետք է աշխատեին միասին եւ արգելեին մուտքը դեպի լիճ: Ուրեմն՝ տեսչության այն ժամանակվա պետ Արթուր Գրիգորյանը ներկայացրեց սիգի պահածոները՝ բավականին լավ պիտակավորված: Այդ ընթացքում ես բացահայտեցի, որ այն թղթաբանությունը, որ գալիս է նախարարության մասով՝ թույլտվությունը, մաքսատան ցուցակում Ռուսաստան արտահանող ընկերության ապրանքն էր, հատկորոշեցի, որ կան սիգի պահածոներ: Միայն մեկ պայուսակում 100 հազար տուփ սիգի պահածո: Ինչպե՞ս կարող է մի քանի գերատեսչությունը պայքարի սիգի որսի դեմ, մյուս կողմից էլ սիգը դառնում է արդյունաբերական ու նույնիսկ արտահանվում է: Ինչպե՞ս է ՊԵԿ-ը թույլատրել, չէ՞ որ նրանք գիտեն, որ մյուս գերատեսչությունները պայքարում են որսի դեմ եւ որ որսն արգելված է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ղազարյանը նաեւ ասաց, որ Սեւանի խնդիրն այնքան լուրջ է, որ ինքը սպասում էր ազգային անվտանգության քարտուղարը նիստ կհրավիրեր, եւ նախարարությունը ոչ թե կովկասյան ընձառյուծի տարի կհռչակեր, այլ Սեւանի:

Լճի մաքրման համար ընտրված կապալառուի աշխատանքները դադարեցված են, ըստ Ղազարյանի, գործը դատախազությունում է:

Այսեր Ղազարյանն ասում է, այն հսկայական տեղեկություններին, որ ինքը տիրապետում է, հասցնելու է, իր խոսքով՝ ասած՝ այնտեղ, որտեղ պետք է.«Մինչեւ վերջ տանելու ենք, չնայած շատ մարդիկ…ոչինչ, պայքարելու ենք, երկիր ենք կառուցում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031