Լրահոս
Օրվա լրահոսը

Գուդվինները փակելով նրանց հետ չես պահի խաղալուց, բայց հարյուրավոր մարդիկ կմնան անգործ ու սոված. Բուքմեյքերականների աշխատակիցներ

Մայիս 24,2019 15:10

Հասմիկ Դավթյանը «Գուդվին» բուքմեյքերական ընկերության գրասենյակներից մեկում է աշխատում: Տարածքը մաքրելու համար օրական 2 հազար դրամ է վարձատրվում: Դեռեւս թոշակի տարիքի չէ, սակայն տարիքի պատճառով այլ հիմնարկներում չի կարողանում աշխատանքի անցնել: Այսօր նա էլ իր հասակակից կանանց հետ կառավարության առաջ բողոքի ցույց էր անում վարչապետից պահանջելով իրենց «օրվա հացից չզրկել»:

Ասում է՝ օրվա վաստակածով միայն սնունդ է գնում, ոչ տան կաթացող տանիքն է կարողանում վերանորոգել, ոչ՝ ատամները սարքել. «Ընդամենը 2 հազար դրամ եմ աշխատում, այդ էլ է ձեռքներիցս խլում: Երբ որ մեզ աշխատանքով կապահովի, այն ժամանակ փակում է, թող փակի: Աշխատանքս կորցնեմ՝ սոված կնստեմ, ինքն ինձ հացի փող կուղարկի՞: Ո՜չ թոշակ եմ ստանում ո՜չ նպաստառու եմ, տունս մտնեք՝ քարուքանդ»:

Տիկին Դավթյանի խոսքով,որդին հենց աշխատանքի բացակայության պատճառով է երկրից հեռացել, բայց ինքը չէր ուզում գնար, որովհետեւ՝ լավ թե վատ՝ աշխատանք ուներ:

Ցույցի եկած կանանցից մեկն էլ նույն ընկերության Աշտարակի գրասենյակում է աշխատում: Նրա խոսքով, տղա թոռնիկներ ունի, որոնք տնակում են մեծանում. «Այդ աշխատանքով եմ տունս պահում, սոցիալական վատ վիճակում ենք ապրում: Եթե Երեւանում հնարավոր է այլ աշխատանք գտնել, ապա Աշտարակում աշխատանքի հարցը լուրջ է: Այդ 60 հազար դրամով եմ էրեխեքիս պահում, եթե հիվանդանում եմ, պարտք եմ անում, որ բուժեմ: Ամուսինս մահացած է, օգնող ձեռք չկա, որովհետեւ տղայիս ձեռքն էլ վնասվել է»:

Aravot.am-ի հարցին՝ կառավարությունը հայտարարում է, որ այս մեկ տարվա ընթացքում աշխատատեղեր է ստեղծել, ձեզ բաժին չի՞ ընկել այդ աշխատատեղերից, մեր զրուցակիցն ասաց՝ ենթադրենք դրանք քաղաքում են, ես Աշտարակից ո՞նց պետք է քաղաք հասնեմ. «Դպրոցական երեխա ունեմ, պիտի դպրոց տանեմ՝ բերեմ: Դրա համար, թող մեր կյանքը բարելավեն,աշխատատեղեր ստեղծեն նոր միայն նման քայլի դիմեն: Մեկ ա խաղացողները ոնց էլ լինի խաղալու են, Գուդվինները փակելով նրանց հետ չես պահի խաղալուց, բայց հարյուրավոր մարդիկ կմնան անգործ ու սոված»:

Հիշեցնենք, որ այսօր «Գուդվին-ԲԵՏ» ընկերության հարյուրից ավելի աշխատակիցներ կառավարության առաջ բողոքի ցույց էին անում վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջելով նախքան ԱԺ գնալը վերանայել Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի որոշումը, որով նախատեսվում է խաղային ապարատները վերացնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031