Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ասում են Հայաստանի և Արցախի ժողովուրդ, ես վատանում եմ. Աշոտ Մելքոնյան

Մայիս 24,2019 14:40

«Անհրաժեշտ է պետականորեն նշել այս իրավական ակտերի հարյուրամյակները՝ սկսելով Միացյալ Հայաստանի հայտարարման իրավական ակտից»,-մայիսի 24-ին ՀՀ ԳԱԱ-ում Հ.Յ.Դաշնակցության և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կազմակերպմամբ անցկացված «Միացյալ Հայաստանի անկախության 1919 թ. մայիս 28-ի ակտը. պատմություն եւ արդիականություն» գիտաժողովին հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա, անդրադառնալով մայիսի 28-ի ակտի քաղաքական նշանակությանը, ասաց. «Այն փաստը, որ մեր անկախությունից ի վեր ՀՀ-ն տարածքային պահանջ չի ներկայացրել Թուրքիային, դեռ չի նշանակում, որ հրաժարվել է այդ իրավունքից: Անհրաժեշտ է փոխել ՀՀ այդ պահվածքը և ձեռնարկել քայլեր, որոնք կամրագրեն, որ ՀՀ-ն չի հրաժարվել այդ իրավունքից: Հատկապես այս տեսանկյունից անհրաժեշտ է պետականորեն նշել այս իրավական ակտերի հարյուրամյակները՝ սկսելով Միացյալ Հայաստանի հայտարարման իրավական ակտից: Այսօրվա մեր ներքաղաքական իրադարձությունները չէին կարող պատճառ դառնալ, որ մենք որպես պետություն անուշադրության մատնեինք այս կարևոր քաղաքական գիծը: Ժամանակ կա, և ակնկալում ենք, որ ՀՀ իշխանություններն այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկեն, եթե ոչ առաջիկա օրերին, ապա առնվազն առաջիկա շաբաթներին: Իսկ եթե որևէ մեկը կարիք ունի պատմական հիմնավորումների, վստահ եմ՝ այս գիտաժողովի նյութերը բավարար կլինեն բոլորին զինել անհրաժեշտ փաստերով»:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը փաստեց. «Ճակատագրի բերումով մենք երկփեղկված ժողովուրդ ենք եղել դեռ 4-րդ դարից սկսած. ընդհատումից հետո նորից 16-17-րդ դարերում, և այս քաղաքական երկփեղկածությունը բերեց նաև հոգևոր երկփեղկվածության: Ցավոք, այդ հատվածական մտածողությունը, միշտ երկփեղկվելու ավանդույթը մեզանում շարունակվում է. հիմա էլ բոլոր մակարդակներով խոսվում է ՀՀ և Արցախ հարաբերությունների մասին: Սիրելիներս, Հայաստան և Արցախ ասել չի կարելի: Վերջերս էլ շրջանառության մեջ է մտել Հայաստանի և Արցախի ժողովուրդ արտահայտությունը: Երբ ասում են Հայաստանի և Արցախի ժողովուրդ, ես վատանում եմ: Ի՞նչ է սա նշանակում: Հայաստանը մեկն է. միացյալ, պատմական 400 հազար քառակուսի կիլոմետրով: Հայաստանն ավելի մեծ է, ՀՀ-ն 29.8 քառակուսի կիլոմետր: Արցախը Հայաստան է, բայց դեռ ՀՀ չէ: Կոչ եմ անում այս գիտաժողովն օգտագործել, և թող չզլանան մեր քաղաքական գործիչները, գիտական շրջանակները՝ մի բառ ավելացնելով ասել Հայաստանի Հանրապետություն և Արցախ, կբավե Հայաստան և Արցախ ասելը, քանի որ մենք մեր բերանով Արցախը դնում ենք Հայաստանից դուրս: Արցախը Հայաստան է, և միացյալ Հայաստանի այս սուրբ գաղափարը, որ մեր նախնիները դրել են հարյուր տարի առաջ, այսօր գործնական հողի վրա պիտի կիրառենք Արցախ Հայաստանի Հանրապետություն միասնությամբ»:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը փաստեց՝ ԵՊՀ-ն այս կարևոր պատմական ակտի տարեկիցն է ու հայտարարեց. «Այս կարևոր պատմական ակտի և մայիսի 16-ի որոշման սկիզբը դրեցինք Գյումրիում՝ հայտնի շենքի վրա ցուցանակ փակցելով, համալսարանի ղեկավարության անմիջական մասնակցությամբ: Սկիզբ դրվեց ԵՊՀ 100-ամյակին: Դժբախտաբար կառավարության համապատասխան ողջույնով չիրականացավ, դրան չհաջորդեց ողջույնը: Կարևոր է՝ այս պատմական իրագործման կարևորությունը: Այդ նույն ժամանակ՝ 1919-ի մայիսի 28-ին, ՀՀ Առաջին Հանրապետության կառավարությունն ընդունեց այս կարևոր որոշումը այդ պատմական ակտը՝ Միացյալ և անկախ Հայաստանի հռչակագիրը, որով միավորված էին համարվում Հայաստանի՝ բաժան-բաժան արված մասերը: Մեր օրերում խիստ կարևորվում է այս պատմական իրողության իրականացումը: Միացյալ և անկախ Հայաստանի ճանապարհին հատվածականության վերացման ուղղությամբ, կարևոր գործընթաց է, որը մեր օրերում արդիական կարևորություն ունի»:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանն ասաց՝ կուզեի այս իրողությունը դիտարկեինք համապատասխան պատմական դիտանկյունից. «Այս ասպեկտը մեզանում մոռացության է մատնվում: Մեր առջև կանգնած է պատմական մարտահրավեր, և դրան մենք պիտի պատասխանեինք մի մեխանիզմով, որը կոչվում է միացում: Այս փաստաթղթի շարքին եթե նայում ենք, տեսնում ենք՝ դրանք ստեղծել են ազգեր: Ղարաբաղյան հարցը մեզ համար ամենակարևոր ուղղություններից մեկն է, բայց ոչ ամբողջը: Եթե մենք այս տեսանկյունից մոտեցած լինեինք, ղարաբաղյան հարցն ավելի ամբողջական լուծած կլինեինք: Մենք ունենք համազգային ինովացիոն խնդիր միացյալ, անկախ Հայաստանի, պլանետար ազգի խնդիրը, որի կարևորագույն բաղկացուցիչը ղարաբաղյան հարցն է: Ամենակարևորը մեր ազգային, ինովացիոն խնդիրներն են՝ կայացում, փոփոխություն, կայացում: Մենք մեզ պետք է դիտարկենք համաշխարհային պլանետար հարթության մեջ»:

Գիտաժողովին քննարկվեցին նաև հատվածականության, միացյալ ազգի ու հայրենիքի միավորման խնդիրները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031