Լրահոս
Օրվա լրահոսը

Որ գործերն են քննելու անցումային արդարադատության շրջանակում. Զադոյանն առաջարկում է սկսել 1991 թվից, կիրառել նաեւ կապիտալի համաներում

Մայիս 24,2019 14:23

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն այսօր անցումային արդարադատության թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց, որ զեկույց են ներկայացրել վարչապետին եւ ԱԺ նախագահին, որտեղ ներկայացրել են անցումային արդարադատության կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում, միջազգային փորձը, գործիքներն ու մեխանիզմները. «Մենք ուսումնասիրել ենք իրավական, սոցիալական, տնտեսական, քաղաքական համատեքստը: ՀՀ-ում անցումային արդարադատության իրականացման դեպքում այն պետք է բխի ՀՀ ներպետական միջավայրից, Սահմանադրությամբ սահմանված նպատակներին հասնելու միջոց է դա»:

Թե որ ժամանակահատվածն են վերցնելու՝ անցումային արդարադատության համար՝ Զադոյանն ասաց, որ 1991-2018-ն ընկած ժամանակահատվածն են առաջարկում վերցնել եւ անցումային արդարադատության կիրառման ենթակա գործերի շրջանակներում գտնում են, որ պետք է ներառել՝

1.Հասարակությունից եւ պետությունից թալանված գումարների վերաբերյալ կոռուպցիոն հանցագործությունների գործերը, այդ թվում՝ գերակա հանրային շահի պատճառաբանությամբ հասարակության եւ պետության կարիքների համար անձանց սեփականության օտարման վերաբերյալ գործերը,

2.Հանրապետական ընտրություններում եւ հանրաքվեներում տեղ գտած զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ գործերը եւ դրանցից ածանցյալ գործերը, օրինակ, Մարտի 1-ի վերաբերյալ գործը,

3.Կյանքի իրավունքի, խոշտանգումներից զերծ լինելու իրավունքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ գործերը:

Խոսելով կիրառման մեխանիզմների մասին՝ Կարեն Զադոյանն ասաց, որ դրանցից է, օրինակ, քրեական արդարադատությունը, որի գործիքակազմը թույլ է տալիս հիբրիդային դատարաններ ստեղծել. «ՀՀ-ում սահմանադրական լուծումները հնարավորություն են տալիս այդ հարցը լուծել տեղական ներուժով մասնագիտացված դատարանների միջոցով: Հնարավոր է կոռուպցիոն հանցագործություններ քննող մասնագիտացված դատարան հիմնել: Վահե Գրիգորյանի կողմից առաջարկ եղավ մարդու իրավունքների դատարան ստեղծել»:

Մյուս կարեւոր խնդիրը «Կապիտալի ամնիստիան» է՝ մեղքի ընդունման գործարքը: Ապօրինի հարստացածների նկատմամբ, ըստ Զադոյանի կարելի է կիրառել «կապիտալի ամնիստիա», հնարավոր է նրանք չանցնեն դատաքննչական մամլիչի միջոցով՝ առաջնորդվելով իրավական եւ քաղաքական գործընթացներին. «Անհրաժեշտ է սահմանել ավարտված, կասեցված քրգործերի վերանայման եւ նոր քրգործերի հարուցման իրավական հիմքերը, նաեւ անհրաժեշտ է անցումային արդարադատության մեխանիզմները ներդնելուց հետո քննարկել դրա շրջանակներում դատապարտվելիք անձանց նկատմամբ համաներման հարցը, որովհետեւ անցումային արդարադատությունը ոչ միայն նպատակ է հետապնդում պատժել կոռուպցիոն համակարգի ճարտարապետներին: Պետք է պատժել մի քանի հոգու, մնացածը զոհեր են հանդիսանում եւ նրանց պետք է հնարավորություն տալ համաներման, եթե վերադարձնեն գողացված կապիտալը, կարող են մարդասիրական ճանապարհով դուրս գալ»:

Զադոյանն ասաց, որ ՀՀ-ում պետք է ընդունել ճշմարտության եւ հաշտեցման մասին օրենք եւ իրականացվի փաստերի հավաքում:

Ինչ վերաբերում է լյուստրացիային, Զադոյանն ասաց, որ դա մարդու իրավունքների առումով խոցելի է, քանի որ խոսքը գնում է կոլեկտիվ մեղքի եւ պատասխանատվության մասին, չնայած ՄԻԵԴ-ը մերձբալյթյան հանրապետություններում իրականացված լյուստրացիայի գործերով ունի մի քանի նախադեպեր, որտեղ ասում է, որ մարդկանց ոչ թե պետք է արգելել մտնել պետական համակարգ, այլ՝ ժամանակավոր արգելել:

Վեթթինգը, ըստ Կարեն Զադոյանի, դատական եւ իրավապահ մարմիններում պետք է իրականացնել, այն նվաստացուցիչ գործընթաց չէ. «Դատավորներին է սա առաջին հերթին հարկավոր, որովհետեւ վեթթինգի պրոցեսից իրենք դուրս են գալու շատ ավելի ուժեղացած: Դա վերականգնելու է դատավորների բարի համբավը մեր քաղաքացիների շրջանակներում»: Նա ասաց, որ վեթթինգի գործընթացում կարող են սփյուռքահայ փորձագետների ներգրավել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Եթե միայն ներառվի 1-ին կետի քննելու գօրծնթացը անցումային արդարության շրջանակում՛ այդ դեպքում ժողովուրդը կհասկանա՛ որ ինքն է երկրի տերը,այլ ոչ թե թալանչիների կոռումպացված համակարգը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031