Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. Մարդիկ աշխատավարձը ստանում են, մինչեւ տուն են հասնում՝ կրվում են

Մայիս 24,2019 13:55

Կառավարության առաջ այսօր բողոքի ցույցի էին եկել «Գուդվին-ԲԵՏ» ընկերության հարյուրից ավել աշխատակիցներ: Սակայն, մինչ ոստիկանությունը հարցուփորձ կաներ, ովքեր են, ինչ պահանջով են եկել եւ կառավարության նամակների բաժնի ղեկավարը նրանց կընդուներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվեց ու լսեց նրանց բողոքը: «Գուդվին» խաղատների աշխատակիցները վարչապետից պահանջեցին հանձնաժողով կազմել եւ հարցը նախ կառավարությունում քննարկել, հետո միայն ԱԺ գնա:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովը բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ որոշում է ընդունել, որը սակայն խաղատների աշխատակիցների համոզմամբ, չի արտացոլում իրականությունը եւ դրա արդյունքում 400 ընտանիք անգործ են մնալու: Հանձնաժողովի որոշմամբ խաղային ապարատները պետք է հանվեն:

Վարչապետն ասաց, որ դեմ չէ հարցը կառավարությունում քննարկելուն, սակայն ներկայացրեց այն դժգոհությունները, որոնք ստացել է նախքան հեղափոխությունը քայլարշավի ժամանակ, ապա՝ որպես վարչապետ: Նիկոլ Փաշինյանի խոսքով, բոլոր շրջաններում քաղաքացիներն իր առաջ պահանջ են դրել, որ այսպես չի կարող շարունակվել. «Մարդիկ աշխատավարձը ստանում են, մինչեւ տուն են հասնում՝ կրվում են, նոր են գալիս»:

Ըստ Փաշինյանի,պատգամավոր եղած ժամանակ, նույնիսկ լուսացույցի տակ կանգնած, մարդիկ եկել են մեքենայի լուսամուտը ծեծել են եւ պահանջ են դրել այդ խնդիրը բարձրացնել եւ լուծել:

Վարչապետն առաջարկեց առցանց տարբերակով գործունեությունը ծավալել, ինչին ի պատասխան, բողոքի ցույցի մասնակիցներն ասացին, որ առցանց տեղափոխվելով՝ միեւնույն է, հարցը չի լուծվում եւ քաղաքացին նույնը առցանց տարբերակով է խաղալու:

Երբ Փաշինյանը թվարկում էր խաղային ապարատների՝ ընտանիքներին հասցրած ֆինանսական վնասները, ցուցարարները նշեցին, որ իրենք էլ դեմ չեն, որպեսզի դրանք վերանան, բայց նախեւառաջ՝ պետք է մարդկանց համար աշխատատեղ բացել, աշխատանքով ապահովել, հետո նոր միայն նման կտրուկ քայլերի գնալ:

«Գուդվին-ԲԵՏ» ընկերության իրավաբան Վահե Սաղաթելյանի խոսքով, իրենք պատրաստ են ընդունել մարտահրավերը եւ գնալ զիջումների իրենց կորուստների հաշվին եւ կառավարությանն առաջարկել են խաղային տերմինալները տեղափոխել խաղատների տարածք եւ դրանք հանել գազալցակայանների եւ այլ բաց տարածքներից, ինչի դեմ էլ քաղաքացիները բողոքում են:
«Կա հակասություն, նոր ընդունվող իրավական ակտը պետք է կամ մեկ տարի ժամանակահատված ընձեռի կամ 6 ամիս, այսինքն՝ շուտ պետք է ընդունվի, որպեսզի սուբյեկտը հնարավորություն ունենա գործառույթի վերադասավորում անի, բայց այս պարագայում,ոչ մի տիպի հնարավորություն չեն տալիս»:

Ընկերության իրավաբանի ներկայացմամբ, «Գուդվին-ԲԵՏ»-ն ունի 400 աշխատակից, 130 կետից էլ տարածք է վարձակալում, եկամտային հարկ է վճարում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031