Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դուրս եկեք` հայհոյեք, հանգստացեք, հետ եկեք». թեժ լեզվակռիվ Գորգիսյանի եւ Քրիստինե Պողոսյանի միջեւ

Մայիս 24,2019 13:21

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր քննարկված օրինագծերից մեկը պատգամավորների միջեւ վեճի առիթ տվեց:

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում էր «Գնումների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին դրական եզրակացություն տալ, որը, ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի բնորոշմամբ, թափանցիկության դաշտ է վերադարձնում հատուկ պաշտպանության ենթակա անձանց համար կատարվող գնումները՝ արարողակարգային ծախսեր, կեցություն, սնունդ, տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում, նորոգում, հատուկ տեխնիկայի եւ սպառազինության ձեռքբերում: Խոսքը ԱԺ նախագահի, ՀՀ նախագահի եւ վարչապետի մասին է:

«Վերջին երեք տարում այս պաշտոնյաների ծախսերը կազմել են մոտ կես միլիարդ դրամ տարեկան: Հանրությունը եւ ԱԺ-ն չունեն մեխանիզմներ հասկանալու, թե վարչապետն, օրինակ` նախաճաշ է արել սեւ խավիարով, շամպայնի լոգանքով եւ այլ շքեղություններով, թե գումարը ծախսվել է սովորական ձեւով, եւ ամեն ինչ նորմալ է»,-ասաց ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին դուր չեկավ Գորգիսյանի ասածը. «Ինձ հետաքրքրում է՝ դու շամպայնով լոգանք ընդունե՞լ ես, որ եկել՝ այդ հարցն են բարձրաձայնում: Մի քիչ կոռեկտ եղեք, հարգենք իրար»: Գորգիսյանը պատասխանեց, որ երբ վարչապետ էր Տիգրան Սարգսյանը, մեկ օրում մինչեւ 100 հազար դոլարի ծախս էր բացահայտվել, ինչից հետո օրենքում կատարված փոփոխությամբ՝ ծախսերը դարձել են ոչ հրապարակային:

«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանին էլ դուր չեկավ այն, որը օրենքը թափանցիկ է դարձնում նշյալ երեք պաշտոնյաների անվտանգության ապահովման մեխանիզմները: «Իսկանդերների» տեղակայման կետերը չեք գրե՞լ այս օրենքում»,-հեգնեց Քրիստինե Պողոսյանը: «Կխնդրեմ ցինիզմի չանցնել»,-հորդորեց Գեւորգ Գորգիսյանը: Պողոսյանն էլ հակադարձեց. «Մի անցեք կոռեկտության սահմանները: Եթե ես անցնեմ, դուք չեք կարող պատասխանել: Թույլ տվեք՝ մնամ դաստիարակության սահմաններում»:

Գորգիսյանը հստակեցրեց. «Չենք ասում՝ բացահայտեք, թե ինչ է առնում, խմում կամ հագնում վարչապետը կամ ԱԺ նախագահը, պարզապես պետք է հրապարակայնացնել, որ, օրինակ, Ֆրանսիայում վարչապետի կեցության ծախսերն արժեցել են այսքան դրամ: Սա չի կարող վտանգել այդ պաշտոնյաների անվտանգությունը: Դուք մեզ հիմա ազգային դավաճանության եւ տեռորիզմին աջակցելու մեջ եք մեղադրում»:

Քրիստինե Պողոսյանը շարունակեց. «Ի տարբերություն նախորդ կառավարության, այս մեկի օրոք դուք երբեք քաղաքական հետապնդման չեք արժանանա»:

Միջամտեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը. «Գուցե նախորդ կառավարության որոշ անդամներ լողացել են շամպայնի մեջ, բայց այս կառավարության պարագայում նման մտավախություն չկա»: Գեւորգ Գորգիսյանն ասաց. «Շատ ուրախ եմ, որ չկա, բայց եթե, օրինակ, վաղն իմանամ, որ վարչապետը միանձնյա ծախսել է 500 միլիոն դրամ, չենք կարող այդ մասին բարձրաձայնել, որովհետեւ հանրային վերահսկողություն չկա օրենքով»:

«Իմ քայլի» պատգամավոր Սիփան Փաշինյանն էլ կասկած հայտնեց, որ այս օրինագիծը հանրայնացնելու է նշյալ երեք պաշտոնյաների անվտանգության համար ձեռքբերվող միջոցների ցանկը, ինչը վտանգավոր է. «Չեմ ուզում հավատալ, որ դուք գիտակցել եք դա եւ, այնուամենայնիվ, այս օրինագիծը բերել եք: Գուցե դուք մտերիմ եք եղել նախորդ իշխանության հետ եւ տեսել, թե ինչպես են նրանք շամպայնով լոգանք ընդունում, բայց այս իշխանության պարագայում դա բացառված է»:

Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց. «Եթե նման կասկածներ կան, դիմեք ԱԱԾ-ին, թող գան մեզ ձերբակալեն, եթե մեզանից որեւէ մեկը կփորձի երբեւէ ՀՀ անվտանգությանը վնասել: Չկարծեք, թե ձեզանից որեւէ մեկն այս պետության մասին ավելի շատ է մտածում, քան մենք: Եթե դուք մեծամասնություն եք, դա չի նշանակում, թե անվտանգությունը միայն դուք եք: Նախկինների սխալները մի կրկնեք: Խոսքը միայն գնումների գումարների բացահայտման մասին է: Դուք հարցը զգացմունքային տիրույթ եք տանում: Նիկոլ Փաշինյանը, երբ ՀԱԿ-ի կազմում պատգամավոր էր, ինքն էր պնդում, որ այդ ծախսերի թվերը հրապարակային պետք է լինեն»:

Գեւորգ Գորգիսյանն ու Քրիստինե Պողոսյանը լեզվակռվի մեջ մտան: «Դուք պոպուլիստ եք, դուք պոպուլիզմով եք զբաղված»,-մեղադրեց Պողոսյանը Գորգիսյանին: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կրկին միջամտեց. «Պարոն Գորգիսյան, դուք փորձեցիք անվտանգության հարցը տեղափոխել պոպուլիզմի տիրույթ: Հիմա հարցը կդնեմ քվեարկության եւ կպարզվի՝ շամպայնն է կարեւո՞ր, թե անվտանգությունը»:

Հանձնաժողովականները մեծամասամբ դեմ քվեարկեցին օրինագծին, իսկ դա նշանակում է, որ այն չի մտնի ԱԺ լիագումար նիստի օրակարգ:

Վիճաբանած պատգամավորները, սակայն, չէին հանդարտվում: «Պահանջում եմ պարոն Գորգիսյանին հեռացնել»,-բղավեց Քրիստինե Պողոսյանը: «Դուք շատ փոքր եք նման բան պահանջելու համար»,-նետեց Գորգիսյանը: Պողոսյանը շարունակեց բղավել. «Կարո՞ղ է գիտեք՝ փողոցում եք, կամ ԼՀԿ-ի գրասենյակում»: «Երազեիք այդ գրասենյակում լինել»,-եզրափակեց Գեւորգ Գորգիսյանը: Քրիստինե Պողոսյանն էլ ասաց. «Ընդմիջում արեք, թող դուրս գա, հայհոյի, հանգստանա, հետ գա…»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031