Տեսնո՞ւմ են արդյոք արտախորհրդարանական բեւեռի ձեւավորման հնարավորություն՝ հետաքրքրվեցինք քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներից։ Հանրապետական կուսակցությունը, Վահրամ Բաղդասարյանի տեղեկացմամբ, առայժմ ուշի-ուշով հետեւում է իրադարձությունների զարգացմանը, դեռեւս ներգրավված չէ որեւէ բեւեռի ձեւավորման գործընթացում, բանակցություններ չի վարում նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն պատրաստ է համագործակցության․ «Մենք ամենօրյա ուշադրությամբ հետեւում ենք զարգացումներին եւ մեր ձեռքը պահում պուլսի վրա։ Մենք պատրաստվում ենք հաջորդ համապետական ընտրություններին եւ դեռեւս իշխանության ժամանակ էլ համագործակցել ենք ցանկացած քաղաքական ուժի հետ, հիմա էլ ենք պատրաստ համագործակցելու բոլոր ուժերի հետ․ երբ կգտնենք, որ կա նման անհրաժեշտություն, հայտարարություն կանենք։ Մենք ոչ մեկի հետ, այդ թվում՝ Քոչարյանի, հանդիպումներ չենք ունենում, առայժմ անհանգստացած ենք երկրում տեղի ունեցող տհաճ երեւույթների համար, որոնք ազդում են երկրի իմիջի վրա»։
Քաղաքական բարդ ճանապարհ անցած, իր առանցքային գործիչների հիմնական մասին տարիների ընթացքում կորցրած «Ժառանգության» վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը ցավով է արձանագրում, որ այժմ ձեւավորվում է նախկինների բեւեռ․ «Իշխանությունների այլընտրանք է ձեւավորվում հենց իշխանությունների քաղաքական դալտոնիզմի արդյունքում, դա նախկինների բեւեռն է, այն ուժերի, որոնք լեգիտիմացրել են Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Այստեղ «Ժառանգությունը» չկա։ Դրա վկայությունն է կուսակցության վերջին համագումարի բանաձեւը, որով անցյալին վերադարձը վտանգավոր է համարվում երկրի հետագա զարգացման համար»։
Այն ուժերը, որոնք տասնյակ տարիներ պայքարել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի «ապօրինի վարչակարգի» դեմ, այս պահին, Գրիգորյանի համոզմամբ, համախմբվելու իմպերատիվի առջեւ են կանգնած․ «Որովհետեւ գործող իշխանությունները փայլունս օգտվում են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի քաղաքական ուրվականներից եւ անընդհատ նրանց ներկայացնելով իրենց այլընտրանք՝ մանեւրում են այդ դաշտում․ դա ոչ մի տեղ չտանող եւ երկրի համար վտանգավոր ճանապարհ է»։
Առայժմ «Ժառանգությունը» բանակցությունների մեջ է որոշ ուժերի հետ, որոնց անունները Գրիգորյանը նպատակահարմար չի գտնում հրապարակել․ «Եթե անկեղծ լինենք, առաջիկա կոնսոլիդացիա ձեւավորելու համար գաղափարական եւ քաղաքական կողմնորոշումների, մոտեցումների համընկնումը խիստ կարեւոր է լինելու։ Ես ուզում եմ ասել նաեւ, որ այն քաղաքական ուժերը, որոնք դոմինանտ չեն եղել նախկին իշխանության հետ, եթե կընդունեն իրենց մեղքի բաժինը, կմասնակցեն նոր քաղաքական օրակարգի ձեւավորմանը, որում կբացառվի նախկինների վերադարձը, այդ դեպքում հնարավոր է հասկանալ, քննարկել եւ համագործակցել նրանց հետ»։ Գրիգորյանը պարզաբանեց, որ «նախկիններ» ասելով՝ նկատի ունի Հայաստանի երեք նախագահներին։
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում