«Սկզբի համար թերեւս պետք է հասկանանք՝ ինչո՞ւ գործող դատական համակարգը չի կարող ժողովրդի պահանջը բավարարել, իրականացնել անկախ, արդար արդարադատություն եւ ինչու է պետք դիմել անցումային արդարադատության գործիքներին»,- այսօր ԱԺ-ում անցումային արդարադատության մասին խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ «Բոլորս գիտենք, որ դատական համակարգը ունի տարիներ շարունակ կուտակված լրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն չեն լուծվել, այլեւ պատուհաս են դարձել մեր գլխին»:
Արարատ Միրզոյանը նշեց, որ անցումային արդարադատության նպատակը անկախ դատական համակարգի ձեւավորումն է. «Անցումային արդարադատությունը նպատակ ունի ոչ թե ավելի սրել եղած խնդիրները, այլ տալ լուծում՝ հանրային համերաշխության հասնել: Եթե անցումային արդարադատությունը մի ծով է, որի ափին կանգնած ենք, պետք է հասկանանք ինչ ծով է: Եթե մենք խորանում ենք այդ ծովում ավելի, քան անհրաժեշտ է, ապա կարող է հանգենք ոչ ինստիտուցիոնալ լուծումների, որը չի կարելի թույլ տալ, ՀՀ-ն իրավական պետություն է, կարող է աչքը սարքելու փոխարեն ունքը հանենք, բացենք Պանդորայի արկղ, որը չենք կարող ասել ուր կհասցնի ՀՀ-ն»:
Արարատ Միրզոյանն ասաց, որ տնտեսական հանցագործությունների մասով հարցեր են բարձրացնում տարբեր հարթակներից՝ կիրառե՞լ, թե՞ չկիրառել հարկային համաներում, ինչպիսի՞ մեխանիզմներ սահմանել, որպեսզի մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենք ապօրինի ճանապարհով են հարստացել, վերադարձնեն իրենց կուտակած հարստությունը պետությանը եւ գնան, շարունակեն հանգիստ կյանքով ապրել: Անցած իրավաքաղաքական իրադարձություններին գնահատականի մասով մենք պետք է հասկանանք՝ կա՞ դրա անհրաժեշտությունը, եթե կա, պետք է հականալ՝ ժամանա՞կն է դրա, թե՞ պետք է սպասել եւս 20 տարի:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահն ասաց, որ կարեւոր է նաեւ իմանալ, թե անցումային արդարադատությունը ինչը չէ. «Այն եռյակ՝ տրոյկա դատարանների ձեւավորումը չի, արտակարգ դատարանների ձեւավորումը չի, երբ զանազան մարդիկ կարող են հավաքվել եւ վճիռներ կայացնել: Անցումային արդարադատությունը պետք է օրինական ճանապարհով մաքրի, զտի, կայացնի գործող դատական համակարգը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ