«ԱԱԾ միջոցառումն իրականացվել է օրենքի տառին համապատասխան, որեւէ խախտում ԱԱԾ աշխատակիցները թույլ չեն տվել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով օրերս Բագրատաշենի անցակետում քաղաքացիների մասնակցությամբ միջադեպին, ասաց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը: «Հակառակը, քաղաքացիները դիմել են սադրանքների եւ փորձել տպավորություն ստեղծել, թե կինքնավնասվեն: Ես դա սադրանք եմ որակում»,-գնահատական տվեց Արթուր Վանեցյանը:
Նա հիշեցրեց, որ ՀՀ համապատասխան օրենքով՝ ամեն քաղաքացու թույլատրվում է առանց մաքսազերծման ՀՀ տարածք ներկրել մինչեւ 25 կգ բեռ. «Այդ քաղաքացիները, որոնք Թուրքիայից ապրանք են բերում, ուղղակի չեն ուզում մաքսազերծման գումարները վճարել: Այդ դեպքում քսան տոննայից ավելի ապրանքի մասին էր խոսքը: Մեր տեղեկություններով՝ մաքսային ծառայության որոշ աշխատակիցների կաշառք են տվել գումարի դիմաց՝ այդ ապրանքները ներմուծելու համար: ԱԱԾ-ն ֆիքսել է գործընթացը: Մաքսային ծառայության մեկ աշխատակից կասկածվում է կաշառք ստանալու համար, եւ նա հուշել է քաղաքացիներին դիմել ծայրահեղ քայլերի»:
Ապա ԱԱԾ պետը քաղաքացիներին կոչ արեց մնալ օրենքի դաշտում. «Հասկանում ենք, որ ընտանիք են պահում, չարչարվում, բայց բոլորը պետք է հավասար լինեն: Էլի եմ ասում՝ քսան տոննա բեռն առանց մաքսազերծման փորձել են անցկացնել: Եթե որեւէ մեկն ինձ ասի, թե դա նորմալ է…Այդ բեռից իրականում ձեւակերպված է եղել երեք տոննան, ընդ որում՝ այլ ապրանքների՝ օգտագործած հագուստի եւ ռետինե խողովակների անվան տակ, որոնց մաքսատուրքերը չնչին են. Հորդորում եմ նման ապօրինություններ չանել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ